Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում որեւէ մեկը այստեղ փորձի մեղավորներ փնտրել, հատկապես նրանք, որոնց քիմքին մոտ չի եղել 44-օրյա պատերազմը». Արցախի ԿԳՄՍ նախարար

Հոկտեմբեր 14,2021 13:47

Ինչպե՞ս եղավ, որ Շուշիի թանգարանները նվիրեցինք հակառակորդին: Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այս հարցն ուղղեց «Արցախի հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն թեմայով» քննարկման մասնակիցներին:

Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը «նվիրել» բառին չհամաձայնեց. «Հադրութից մշակութային ժառանգության տարհանման մասին որեւէ խոսք լինել չէր կարող, բլից-կրիգ էր: Այնպիսի իրավիճակ էր, որ ռազմական գործիչները լավ կմեկնաբանեն: Մենք հոկտեմբերի 19-ին տարհանել ենք Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանի ամենաարժեքավոր ֆոնդը: Շենքը վթարային էր: Եթե մոտ տարածքում որեւէ հրթիռ պայթեր, շենքը կփլվեր լրիվ: Տարհանվել է նաեւ Տիգրանակերտի թանգարանը: Հոկտեմբերի 30-ին Վարդան Ասծատրյանը զանգել է ու ցանկություն է հայտնել տարհանել Շուշիի գորգերի թանգարանը էկոնոմիկայի նախարարի, տարածքային կառավարման նախարարի հետ: Ցավոք, գորգերի թանգարանի ցուցադրությունն է հաջողվել տարհանվել: Չեմ ուզում որեւէ մեկը այստեղ փորձի մեղավորներ փնտրել, հատկապես նրանք, որոնց քիմքին մոտ չի եղել 44-օրյա պատերազմը: Չփորձենք մենք այստեղ խոսել արժեքներ նվիրելու մասին: Այո, եղել է թերացում, եղել է խուճապ: Բայց չի կարելի ասել…»:

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց. «Բացառված է, որ հայ իրականության մեջ լինեն մարդիկ, որոնց քիմքին հաճո էր 44-օրյա պատերազմը: Երեւի դա վրիպակ էր»:

Նախարար Ղարախանյանի խոսքով՝ եղել է ոչ ճիշտ լրատվություն, որի հետ կապված էր Շուշիի արժեքները չտարհանելը. «Խնամքով փաթեթավորվել են ու ռմբապաստարաներում տեղավորել ամենաարժեքավոր ցուցանմուշները: Բայց հոկտեմբերի 30-ին արդեն խիստ վտանգավոր էր այնտեղ մարդ ուղարկել: Խիստ վտանգավոր պայմաններում են նաեւ տարհանվել Արցախի գորգերը: Կարող էինք ունենալ մարդկային զոհեր: Տարհանել ենք Բերձորի թանգարանը պատմաերկրագիտական, Քաշաթաղի շրջանի խաչքարերը»:

Նախարարը նշեց, որ ԵԽԽՎ բանաձեւում արձանագրված խաչքարերի մասին հիշատակումը հաջողություն են համարում, բայց վրիպում են համարում Ղազանչի եւ Շուշա բառերը, որոնք տեղ են գտել բանաձեւում. «Մենք քայլեր ենք ձեռնարկում, որ այդ վրիպակները մաքրենք բանաձեւում»:

Լուսինե Ղարախանյանը թվարկեց, թե ինչ արժեքներ ենք թողել ադրբեջանցիներին. «Ունենք 2000 հուշարձան օկուպացված տարածքներում, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար, 20 հազար 895 ցուցանմուշ, 617 հազար գիրք, գրականություն: Մենք օկուպացված ենք թողել քաղաքակրթական ժառանգություն, որը մարդկության ժառանգությունն է, Ազոխի քարանձավը, Տիգրանակերտը: Ընդհանրապես Արցախը քաղաքակրթության ժառանգության տարածք է: Ռուս խաղաղապահների հետ մենք ամենօրյա աշխատանքով փորձել ենք նոյեմբերի 17-ից հետո ռմբապաստարաններում թաքցրած Շուշիի պատկերասրահի գույքը բերել: Փորձել ենք նաեւ փոխանակման մեխանիզմը, առաջին պատերազմից ունենք ադրբեջանցի նկարիչների գործեր, որոնք պահում ենք, բայց մարդիկ չեն գնահատում իրենց մշակույթը: Ադրբեջանցի նկարիչների նկարները շարունակում են մնալ մեզ մոտ, բայց բարտերի մեխանիզմը չի գործում: Հիմա մենք գործ ունենք չափազանց ագրեսիվ հարեւանների հետ, որոնք անհաղորդ են եւ որոնց հետ հաղորդակցվելը չափազանց դժվար է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031