ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հայ համայնքի վաղեմի բարեկամ Դեյվիդ Սիցիլինին (Դեմոկրատական կուսակցություն, Ռոդ Այլենդ նահանգ) 2021 թ. հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արամ Գալուստյանին (ԱՄՆ)՝ քննարկելու հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունների առաջնահերթությունները։
ՀՅԴ անդամները շնորհակալություն են հայտնել կոնգրեսական Սիցիլինիին՝ իր քաղաքական գործունեության ընթացքում (Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատի անդամ, նահանգի մայրաքաղաք Փրովիդենսի քաղաքապետ և վերջերս՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամ) Հայաստանին, Արցախին և Հայ դատի աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար։
Արթուր Խաչատրյանը կոնգրեսական Սիցիլինիին է ներկայացրել 2020 թվականի աշնանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների հետևանքով Արցախում և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանին ստեղծված իրավիճակը։ Հայաստանի խորհրդարանի անդամն ընդգծել է, որ հնարավոր չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հասնել արդար և կայուն խաղաղության, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման: «Խաղաղություն կհաստատվի միայն եթե նախ արդարությունը հաղթանակի։ Ադրբեջանական պատերազմական հանցագործություններն ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս»,- նշել է նա։
Կարդացեք նաև
Խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և պարբերաբար սադրանքներ են իրականացնում սահմանի երկայնքով։ «Հայ զինվորականները հարձակման են ենթարկվում և զոհվում Հայաստանի մայրաքաղաք Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա»,- ասել է Արթուր Խաչատրյանը:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Արամ Գալուստյանը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում ավելի քան մեկ դար առաջ սկսած Հայոց ցեղասպանությունը։ «Հայաստանը թուրքերի համար մի սեպ է՝ խրված Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև։ Այս պատճառով է, որ նրանք ձգտում են ոչնչացնել հայ ժողովրդին ու հայոց պետականությունը։ Եթե նրանք չկանգնեցվեն, հայերի գոյությունն իրենց պատմական հայրենիքում վտանգված կլինի»,- ասել է նա։
Առանձին անդրադարձ է եղել նաև հայ ռազմագերիների խնդրին։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Գալուստյանը փոխանցել է, որ ավելի քան 200 հայ զինվորական և քաղաքացիական անձինք են պահվում ադրբեջանական գերության մեջ։ Նրանք կտտանքների են ենթարկվում, արձանագրվել են նաև արտադատական մահապատիժների դեպքեր։ «Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որը պահանջում էր ռազմագերիների փոխանակում «Բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով, անտեսելով ամերիկյան և միջազգային կոչերն անհապաղ և առանց նախապայմանների վերադարձնել ռազմագերիներին՝ Ադրբեջանը շարունակում է նրանց որպես պատանդ պահել՝ Հայաստանից հավելյալ զիջումներ կորզելու նպատակով»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամը։ Նա նաև մտահոգություն է հայտնել ամերիկյան կառավարության կողմից 907 բանաձևի կասեցման վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին բազմամիլիոն դոլարների ռազմական աջակցություն տրամադրել։ «Ինչպես համոզվել ենք, Ադրբեջանն իրեն հասանելի ամբողջ ռեսուրսներն ուղղում է Հայաստանի դեմ, հայերին սպանելու համար»,- եզրափակել է Արամ Գալուստյանը։
Կոնգրեսական Սիցիլինին շնորհակալություն է հայտնել ՀՅԴ անդամներին այս խնդիրներն իրեն ներկայացնելու համար և հավաստիացրել, որ շարունակելու է իր ամբողջական զորակցությունն ու աջակցությունը Հայաստանին և Արցախին։
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ