JAMnews. «Այն, ինչ հրապարակվել է, միայն 5 տոկոսով է համապատասխանում իրականությանը», — հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մեկնաբանելով պնդումները, որոնք առկա են «Պանդորայի փաստաթղթերում»։ La Repubblica իտալական թերթին տված իր հարցազրույցում նա իր վերաբերմունքն է արտահայտել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, ինչպես նաև խոսել է Իրանի հետ հարաբերությունների սրման մասին։
Արցախում տեղակայված խաղաղապահների մասին
«Մոտ մեկ տարի է, ինչ ավարտվել է պատերազմն, ու ռուս խաղաղապահները տեղակայված են մեր տարածքում՝ Ղարաբաղում։ Բացառությամբ մի քանի փոքր միջադեպերի, իրավիճակը կայուն է, և մենք, ընդհանուր առմամբ, գոհ ենք դրանից։
Իհարկե, կան հարցեր, որոնք լուծում են պահանջում։ Հատկապես արտասահմանցիների հարցը, որոնք այցելում են խաղաղապահների պատասխանատվության գոտի, բայց պետք է մեր երկիր մտնեն մեր թույլտվությամբ։ Նրանք այդ շրջան այցելում են ապօրինի։ Մենք Ռուսաստանի պատկան մարմինների՝ ՊՆ ուշադրությունն ենք հրավիրել այն հարցին, որ դրան պետք է վերջ տրվի», — հայտարարել է Ալիևն իր հարցազրույցում։
«Պանդորայի փաստաթղթերի» մասին
Պատասխանելով աղմկահարույց «Պանդորայի փաստաթղթերում» հրապարակված փաստերի վերաբերյալ իտալացի լրագրողի հարցին՝ Ալիևն ասել է․ «Այդ հարցերն ինձ ուղեկցում են երկար տարիներ։ Կախված քաղաքական կոնյունկտուրայից՝ Արևմուտքում որոշ ուժեր փորձում են նման զրպարտող նյութերն օգտագործել Ադրբեջանի դիրքերը թուլացնելու, նրան վարկաբեկելու համար։ Պարզ է, որ դա լրագրողական հետաքննություն չէ։ Պարզ է, թե ով է կանգնած դրա հետևում։ Պարզ է, թե ինչու է դրանում ներառված Ադրբեջանը։ Մյուսների մասին ոչինչ չգիտեմ։ Մենք գիտեինք, որ Ադրբեջանի դեմ այսպիսի արշավներ են պլանավորվում պատերազմում հաղթանակ տանելուց հետո։
Ինչ վերաբերում է հենց այդ թեմային, ապա ես արդեն 18 տարի է, ինչ նախագահ եմ։ Դրանից առաջ գործարար էի, բիզնեսով էի զբաղվում։ Իմ կենսագրությունը հայտնի է։ Ընդ որում, ես հաջողակ գործարար եմ եղել։ Երբ նախագահ եմ ընտրվել, արդեն բնավ աղքատ չէի։
Դրանից հետո ես դադարեցի մասնակցել բիզնեսին և այն փոխանցեցի ընտանիքիս անդամներին։ Գուցե դուք ինձ հասկանաք, ի տարբերություն Արևմուտքի շատ այլ անձանց, որոնք իրենց ողջ ունեցվածքը ժառանգում են իրենց կատուներին և շներին, Իտալիայում և Ադրբեջանում նախընտրում են ընտանեկան արժեքները։ Այդ պատճառով էլ ես իմ ողջ բիզնեսը փոխանցել եմ երեխաներիս։ Նրանք ջանում և զարգացնում են այն։
Նրանց ներդրումները հիմնականում Ադրբեջանում են։ Բայց Ադրբեջանի սահմաններից դուրս էլ են լինում։ Նրանց ողջ գործունեությունը թափանցիկ է և միջազգային մակարդակի աուդիտ է անցնում, և ոչ ոք չի կարող պնդել, որ այդտեղ մի բան այն չէ։
Կարդացեք նաև
Այն ամենը, ինչ գրված է այդ փաստաթղթերում, ես, անկեղծ ասած, չեմ կարդացել։ Ինձ հաղորդել են, և դրանցում հրապարակված տվյալների գուցե 5 տոկոսն է ճիշտ։ Մնացածը սուտ է։
Սակայն ես օրինական իրավունք ունեմ այդ մասին ևս մեկ անգամ բացահայտ ասելու։ Ադրբեջանում գաղտնիք չէ, որ իմ հարազատներն ու ընտանիքի անդամները մասնակցում են բիզնեսին, բարեգործությանն ու շատ այլ աշխատանքների, որոնք այժմ անցկացվում են Ղարաբաղում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: