«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Կառլեն Նուրիջանյան» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի պրոդյուսեր Պետրոս Լագեսյանը նշեց՝ սոցհարցում են կատարել և հարյուր հոգուց միայն մեկն է իմացել քանդակագործին. «Որոշեցի ֆիլմ ստեղծել երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, որպեսզի նրան բոլորը ճանաչեն»։
Ֆիլմի վրա աշխատել են մոտ երեք տարի։ Նկարահանումների համար նրանք այցելել են Հայաստանի տարբեր քաղաքներ և գյուղեր։ Մեկնել են նաեւ Ուլյանովսկ քաղաք, որտեղ Գայի արձանն է տեղադրված։ Հայաստանում Վահագն Վիշապաքաղի, Հայկ Նահապետի, Տորք Անգեղի, Կոմիտասի և մի շարք այլ արձանների հեղինակը նա է։
Կարդացեք նաև
«Ֆիլմը իմ կողմից շնորհակալությունն է Կառլեն Նուրիջանյանին իր արած աշխատանքի համար»,-վստահեցնում է Լագեսյանը։
Ֆիլմի հեղինակը Արա Ադամյանն է, որ նաև Կառլեն Նուրիջանյանի զարմիկն է։ Արա Ադամյանը նշեց, որ Նուրիջանյանի դիպլոմային աշխատանքը՝ Մովսես Խորենացուն նվիրված արձանը, անհետացել է իր մահից հետո։ Նրանք փնտրում են այն։
Ֆիլմը կինոթատրոններում չի ցուցադրվելու, «Արմենիա» հեռուստաընկերությունը կհեռարձակի այն։ Ֆիլմը Կառլեն Նուրիջանյանի ամբողջ կյանքի, գործերի և այն մարդկանց մասին է, որոնք շփում են ունեցել իր հետ:
Պարարվեստի նվիրյալներից Ռաշիդ Կարապետյանի կինը՝ Մելանյա Կարապետյանը նշեց, որ ամուսինը սովորել է Կառլեն Նուրիջանյանի եղբոր՝ Վոլոդյա Նուրիջանյանի հետ։ Հիշեց, թե ինչպես էր Կառլեն Նուրիջանյանը եկել համույթ, որ տեսներ՝տղաներից ով է համապատասխանում Վահագն Վիշապաքաղի կերպարին: Ու այդպես ընտրեց Ռաշիդ Կարապետյանին։ Նրանք մտերմացել էին։
Մինչ ֆիլմի ցուցադրումը՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը նվագեց Ադամ Խուդոյանի՝ Համար առաջին սոնատը՝ գրված թավջութակի համար։ Երաժիշտն ասաց, որ Նուրիջանյանի գործերի մեջ հենց այս սոնատն է տեսնում։
Ֆիլմում անդրադարձ կա 1982թ․արվեստագետի արվեստանոցում բռնկված հրդեհին։ Այրվեցին շատ գործեր և հենց այդ օրն ու այդ վայրում զոհվեց Կառլեն Նուրիջանյանը։
Հիշեցնենք՝ նա ցանկանում էր կառուցել առասպելների այգի, որտեղ կլինեին մեր բոլոր հերոսների արձանները։
Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ