Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է տեղի ունեցել ՍԴ-ում, ինչո՞ւ ՀՀ նախագահը պարտվեց ԱԺ-ին

Հոկտեմբեր 14,2021 14:30

Ըստ ՍԴ դիմած ՀՀ նախագահի՝ «Համապատասխան դատական գործերի ելքերի վերաբերյալ վերլուծություն իրականացված չէ»

Հազվադեպ է լինում, երբ օրերի տարբերությամբ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննած գործով կայացրած որոշումը տեղադրի իր պաշտոնական կայքում: Նման բան կատարվեց, երբ հոկտեմբերի 5-ի որոշումը տեղադրվեց հոկտեմբերի 8-ին:

Հանրապետության նախագահը դիմել է ՍԴ՝ ապրիլի 15-ին՝ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցով: Օրենքը հաստատվել էր ԱԺ-ի կողմից այս տարվա մարտի 24-ին:

Նախագահի դիրքորոշումը հետեւյալն է. չնայած Սահմանադրության 42 հոդվածով ամրագրված են կարծիքի արտահայտման ազատությունը եւ դրա սահմանափակման շրջանակները, միեւնույն ժամանակ Սահմանադրությամբ որոշ լրացուցիչ պարտադիր պայմաններ են նախատեսված կարծիքի արտահայտման իրավունքի սահմանափակումների մասով: Ըստ դիմումատուի, վիճարկվող օրենքի հիմնավորումը որեւէ կերպ չի անդրադառնում այն հարցին, թե ինչու գործող կարգավորմամբ սահմանված դրամական փոխհատուցման չափը բավարար չէ Սահմանադրությամբ սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար, հիմնավորման մեջ համապատասխան դատական գործերի ելքերի վերաբերյալ վերլուծություն իրականացված չէ: Մինչդեռ իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման առավելագույն չափը, որպես կանոն, չի կիրառվում: Ըստ դիմողի՝ վիճարկվող օրենքով նախատեսված դրամական փոխհատուցման չափն անհամաչափ բարձր է եւ չի համապատասխանում Սահմանադրության 42 եւ 78 հոդվածներին: Դրամական փոխհատուցման պայմաններում դատավորի համար օրենքով նախատեսված է ոչ ողջամիտ հայեցողություն` համապատասխան դրույթի կիրառման ընթացքում 0 դրամից մինչեւ 3 միլիոն ՀՀ դրամ՝ վիրավորանքի դեպքում, եւ 0 ՀՀ դրամից մինչեւ 6 միլիոն ՀՀ դրամ զրպարտության դեպքում՝ առանց դատական հայեցողության շրջանակներում, փոխհատուցման չափը որոշող չափանիշների օրենսդրական հստակեցման: Ի դեպ, ԵԽԽՎ-ն Զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ 2007թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1577 (2007) բանաձեւի համաձայն՝ առաջարկել էր սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով:

Նշեմ, որ այս գործով ՍԴ-ում պատասխանողը ԱԺ-ն էր՝ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական բաժնի պետ Գ. Աթանեսյանն ու ԱԺ իրավական ապահովման ու սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանը: Դիմումատու ՀՀ նախագահի ներկայացուցչի մասին ՍԴ որոշման մեջ տող չկա:

Պատասխանողը նշել էր, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով հետապնդվող նպատակ է համարում այն, որ նորմը կոչված է երաշխավորելու «խոսքի ազատության անիրավաչափ չարաշահման դրսեւորումների դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը», ինչպես նաեւ այն դատարաններին պարտավորեցնում է դատական քննության շրջանակներում հաշվի առնել արարքի կատարման հանգամանքները, եղանակը, վիրավորող անձի գույքային դրությունը, արարքի արդյունքում հասցված վնասի բնույթն ու չափը: Պատասխանողը վկայակոչել էր նաեւ ՀՀ սահմանադրության 2011 թ. նոյեմբերի 15-ի ՍԴՈ -997 որոշումը: Նշյալ ՍԴՈ-997 որոշմամբ՝ դատարանն անդրադառնալով զրպարտության եւ վիրավորանքի գործերով վնասի փոխհատուցման գումարի առավելագույն չափերին, օրենսդիր մարմնին առաջարկել էր վերանայել փոխհատուցման առավելագույն սահմանը` նվազեցման միտումով, որպեսզի այն գործնականում բացառի արտահայտվելու ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վիրավորանքի եւ զրպարտության դեպքում փոխհատուցման չափերի համաչափությունը գնահատելիս, հաշվի է առնում դիմողի տնտեսական վիճակի համար վնասի չափի հետեւանքները, ինչպես նաեւ այնպիսի տնտեսական ցուցանիշներ, ինչպիսիք են, օրինակ՝ պետության մեջ գործող նվազագույն աշխատավարձի չափը, ինչն, ըստ էության, ՀՀ պայմաններում, հաշվի չի առնվել:

Շեշտվել էր, որ ներկայումս հաղորդակցության հիմնական միջոց օգտագործվում է համացանցը, որի միջոցով կատարված հրապարակումների տարածումը շատ արագ է եւ հասանելի է մեծ թվով անձանց համար, որպիսի պարագայում ենթադրվում է փոխհատուցման ենթակա գումարի ավելի բարձր չափ: Ինչ վերաբերում է ՍԴ նշյալ որոշմանը, պատասխանողի գնահատմամբ, ՍԴ-ն այն համարել է ոչ բացարձակ եւ սահմանափակման ենթակա, թվարկելով որոշակի նախապայմաններ:

ՍԴ իրավական դիրքորոշումը հետեւյալն էր. Ներպետական ատյանները բազմիցս կիրառել են վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության նախատեսվող քաղաքացիական նորմերը, արտահայտել հիմնարար իրավական գաղափարներ, այդ թվում՝ ՍԴ որոշումների հաշվառմամբ: ՍԴ-ն գտնում է, որ փոխհատուցման առավելագույն չափի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել այդ փոխհատուցման որոշակիությունը, ինչպես նաեւ իրավաչափ հայեցողություն է ապահովում դատարանի համար կոնկրետ գործով՝ ելնելով գործի փաստական հանգամանքներից, որոշելու փախհատուցման չափը: ՍԴՈ- 1612 որոշմամբ այն համապատասխանում էր Սահմանադրությանը: Ուշագրավ է, որ այս հարցով Հատուկ կարծիք չի եղել:

Լրագրողական կազմակերպությունները, մասնավորապես ՀԺՄ-ն հանդես եկան հայտարարությամբ, անթույլատրելի համարելով այն, որ գրավոր ընթացակարգով, թաքուն է քննվել այս գորրծը, գործ, որը կրկնում եմ, ՍԴ-ում էր այս տարվա ապրիլի 15-ից: Ըստ հայտարարության. «Սահմանադրական դատարանը՝ ըստ էության առաջնորդվելով ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակահարմարության սկզբունքներով, Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այս վիճահարույց օրենքը։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է նաեւ Սահմանադրական դատարանի միջոցով այս վիճահարույց օրենքի ֆորմալ լեգիտիմացումը՝ կոչ անելով խոսքի ու մամուլի ազատությամբ մտահոգ բոլոր տեղական եւ միջազգային կազմակերպություններին հետեւողական լինել, որպեսզի տվյալ օրինագիծը չծառայի դրա հիմքում դրված բացառապես քաղաքական նպատակներին»:

ՀԺՄ հայտարարության մեջ ասվում է նաեւ. «Այս տխրահռչակ օրենքը հեղինակել է ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, այն ժամանակ, երբ խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնն էր զբաղեցնում։ Իրականում, սակայն, այս օրենքը ոչ թե որեւէ անհատ պատգամավորի, այլ գործող իշխանության հավաքական դիրքորոշման արտահայտությունն է, որի հիմքում ընկած է ազատ խոսքի ու լրատվամիջոցների դեմ հետեւողական քաղաքականությունը։ Այս օրենքն ակնհայտորեն սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը, որը ժողովրդավարության ամենակարեւոր հիմնասյուներից է, դրա զարգացման եւ յուրաքանչյուր անձի ինքնադրսեւորման հիմնական պայմաններից մեկը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031