Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապշեցի, երբ իմացա` Գյումրիում թավջութակ է պարապում քամանչայի դասատուն»

Հոկտեմբեր 14,2021 13:30

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը կփորձի լրացնել շնորհալի երեխաների կրթական բացը

«Սերգեյ Սմբատյանի հետ միասին ստեղծել ենք «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամ, որովհետեւ հասկացել ենք, որ Հայաստանում բաց է երաժշտական կրթությունը»,-«Առավոտի» հետ զրույցում նշեց հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը: Նա հավելեց, որ հիմնադրամը ստեղծելիս հաշվի են առել այն, որ իրենց կրթաթոշակառու երեխաները կրթությունից զատ հնարավորություն կունենան շփվել աշխարհահռչակ պրոֆեսորների եւ արտիստների հետ, այցելել համերգներ:

«Մեր հիմնադրամի նպատակը իրենց կրթական վիճակը բարելավելն է: Անցյալ տարի մենք ընտրեցինք 10 կրթաթոշակառու, որոնք տարբեր մասնագիտությունների երեխաներ էին: Մեզ համար կարեւոր էր, որ այդ օգնությունը ստանան այն երեխաները, որոնք բնակվում են Հայաստանում, որպեսզի հասկանան, որ հետագայում էլ պետք է մնան եւ գործեն մեր երկրում»,-նշեց տիկին Տեր-Հովակիմյանը: Նրա խոսքով, համավարակի պատճառով աշխարհը փակվեց, խնդիրներ եղան, բայց իրենք կարողացան այդ շրջանն արդյունավետ օգտագործել: «Մեզ համար յուրատեսակ պիլոտ ստացվեց, որպեսզի հասկանանք ինչ խնդիրներ կան եւ ինչին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք: Պարզվեց, առաջին հերթին երեխաները լեզվի եւ շփման խնդիր ունեն: Անցյալ տարի ընտրված մեր 10 երեխաները հիմա լրիվ այլ կերպ են շփվում պրոֆեսորների հետ, իրենք բավականին բացվել են: Ի դեպ, բացի վարպետության դասերից, իրենց համար կազմակերպում ենք նաեւ անգլերենի եւ ռուսաց լեզվի դասընթացներ, որպեսզի կարողանան իրենց ներկայացնել: Ընդ որում, հիմնադրամն այս ամենն անվճար է իրականացնում»,-ընդգծեց նա:

Աննա Տեր-Հովակիմյանը հավելեց, որ թեեւ մրցույթը հայտարարում են ամբողջ Հայաստանի համար, բայց ընտրվում են Երեւանի երաժշտական դպրոցների երեխաները. «Այս երկու տարիների ընթացքում մենք հասկացանք, որ մարզերի երաժշտական դպրոցները շատ տխուր վիճակում են գտնվում եւ ցավոք, չեն կարող մրցել Երեւանի երաժշտական դպրոցների հետ: Տեղեկացա, որ Գյումրիում երաժշտական դպրոցում թավջութակի դասատու են վերցրել քամանչայի մասնագետին: Ապշեցի, երբ իմացա, որ Գյումրիում թավջութակ է պարապում քամանչայի դասատուն: Հասկացա, թե ինչ մեծ խնդիր ունենք»:

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրենը փաստեց, որ մարզերում եւս կան տաղանդավոր երեխաներ, բայց իրենք ունեն շատ լուրջ կրթական խնդիր: «Նշեմ, որ 10 հոգու մեր հիմնադրամն է ֆինանսավորում՝ իրականացնում ենք տարբեր նախագծեր Հայաստանից դուրս եւ ստացված հասույթից կրթաթոշակ ենք տալիս այդ երեխաներին, կազմակերպում վարպետության դասերը: Այս տարի ձեւաչափը փոխեցինք` ստանալով 100 հայտ: Լավագույններն ընտրվում են մի քանի փուլով, այդ 100-ից ընտրվել է 15-ը: Մենք ունենք նաեւ միջազգային ժյուրի, բացի տեղական ժյուրիից: Նախնական ընտրությունը կատարում են Սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերները: Ընտրվում են երեխաներ, որոնք ունեն մենակատարի ապագա, եւ վաղը կարող են ներկայացնել Հայաստանն ամբողջ աշխարհում: Մոտ 50 երեխա դուրս մնաց: Ու Սերգեյ Սմբատյանի հետ որոշեցինք ստեղծել Սիմֆոնիկ ակադեմիա: Դա չի նշանակում, որ երբ այդ երաժիշտները մեծանան, միայն սիմֆոնիկ նվագախմբում են աշխատելու: Իհարկե, մենք այդ երեխաներին այս պահի դրությամբ կրթաթոշակ չենք կարող տրամադրել, բայց իրենց ամբողջությամբ կնախապատրաստենք, որպեսզի հետագայում աշխատանք ունենան»,-ասաց մեր զրուցակիցը: Աննա Տեր-Հովակիմյանը բացառում է սուբյեկտիվությունը ընտրության գործընթացում, ասում է` կարեւորը տաղանդավոր լինելն է: Նա չբացառեց, որ առանձին որեւէ ծրագիր կիրականացվի մարզերի երեխաների համար, կփորձեն համագործակցել նրանց համար այլ ծրագրեր իրականացնող տարբեր կառույցների ու կազմակերպությունների հետ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը`
Աննա Տեր-Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
13.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031