Ալբերտ Նիկողոսյանը ոգեշնչվելով posadiles.ru ռուսաստանյան հարթակից` որոշել է Հայաստանում նույնպես հիմնել նմանատիպ հարթակ. «Մեր նախաձեռնության նպատակն է վերականգնել, ընդարձակել Հայաստանի օրեցօր նոսրացող անտառները: Ի տարբերություն ռուսաստանյան հարթակի բնապահպանական ծրագրի, մենք շեշտը դրել ենք նաեւ սոցիալական բաղադրիչի վրա, այն է նոր աշխատատեղերի ստեղծումը»,-ասում է Ալբերտը:
Trees.am-ի միջոցով ցանկացած ոք կարող է գնել ծառ տնկելու հավաստագիր՝ իր ներդրումը ունենալով անտառների վերականգնման գործին։ Ծառատեսակն ընտրելուց հետո եռօրյա ժամկետում տնկում են ծառը եւ մասնակցի փոստին ուղարկում տնկված ծառի լուսանկարները եւ աշխարհագրական կոորդինատները։ Մասնակիցը ընտրում է տնկման տարածաշրջանը, գործընթացի ավարտից հետո կայքի կանաչապատման քարտեզում տվյալ հատվածը մակագրվում է նրա նախընտրած գրությամբ։
Ալբերտի խոսքերով՝ հետագայում պլանավորվում է արտասահմանյան կազմակերպություններին եւս ներգրավել ծրագրի մեջ եւ դրամաշնորհներով կառուցել փոքր տնկարաններ, որոնց շնորհիվ կստեղծվեն նաեւ ոչ սեզոնային աշխատատեղեր:
«Մոտ ժամանակներս տարբեր բուհերի ուսանողների հետ միասին նախատեսում ենք ծառատունկերի կազմակերպում: Համագործակցում ենք բուհերի ՈՒԽ-ների հետ, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի եւ ուսանողներին նույնպես ներգրավենք մեր նախագծի մեջ: Ես շատ եմ կարեւորում երիտասարդների մասնակցությունն անտառների վերականգնման գործում»,-հավելում է ծրագրի հեղինակը։
Կարդացեք նաև
Հետագայում այն կազմակերպությունները, որոնք կհամագործակցեն Trees.am-ի հետ, կստանան CO2 Neutral պիտակ: Պիտակները իրենց գործունեության արդյունքում արտանետված ածխածնի չեզոքացման համար են: Եվ անհրաժեշտ քանակի ծառեր տնկելու դեպքում՝ այդ պիտակը հնարավոր կլինի տպել կազմակերպությունների փաթեթավորման վրա։
Հայկանուշ ՀՈՎՍԵՓՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.10.2021