Ասում է Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Արամ Միդեյանը
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արամ Միդեյանը ծնունդով Արարատի մարզի Դվին գյուղից է։ Ծննդավայրի դպրոցն ավարտելուց հետո, 2018-2019 թվականներին սովորել է Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում եւ իր որոշմամբ ուսումնառությունը կիսատ է թողել եւ զորակոչվել բանակ, ծառայել Հադրութում։
«Երբ պատերազմն սկսվեց, առաջնագծում էի»,-մեր զրույցն այսպես սկսվեց` վերհուշով, ցավի ու կարոտի զգացողություններով: «Չեմ կարող հայացք նետել անցյալին, որովհետեւ պատերազմն ամենուր ինձ հետ է, իմ աչքերի առաջ»,-ասում է Արամը։ Եվ հենց այդ ցավն է, որ անսփոփելի է, քանզի, ինչպես ինքն է ասում, պատերազմը ոչ միայն մեր հայրենիքի մեծ մասի կորուստն է, այլ նաեւ մեր եղբայրների ու հայրերի, որոնց համար հայրենիքը գերագույն արժեք էր։
Կարդացեք նաև
Հենց այդ արժեքի գաղափարը հասկանալով՝ Արամն իր բաժին պայքարը մղեց, բայց չի սիրում խոսել պատերազմական օրերի մասին, հուզախառն ձեւակերպումներ չի անում, ասում է՝ մեր երկիրը սրբավայր-հայրենիք է, որի ամեն մի բուռ հողը մեր եղբայրների արյունով է ներծծված:
Հարցին՝ որտե՞ղ կապրեր հայրենիքից դուրս, Արամը հայացն ուղղեց երկինք՝ ասելով. «Հայրենիքից դուրս էլի՛ հայրենիքում՝ Հադրութում, որտեղ ծառայել եմ»: Արցախի Հադրութի շրջանն իր գեղեցկությամբ գերել է երիտասարդին եւ չվերջացող անտառների բնակավայրերը մինչեւ հիմա աչքերի մեջ են: Մի քիչ դադարից հետո զրուցակիցս մտածմունքների մեջ ընկավ եւ ցավով արտաբերեց «մինչեւ չկորցնես, չես հասկանա» միտքը:
Արամը մարտադաշտում հավասարակշռված ու քաջ էր: Դրա մասին է վկայում նաեւ Եղիշե քահանա Նուրիջանյանը: Վերջինս պատմում է, որ պատերազմն սկսվելուց հետո օրեր շարունակ տղաներից շատերի մասին որեւէ տեղեկություն չէր կարողանում ստանալ։ «Հադրութից միայն վատ լուրեր էին գալիս, իսկ Արամից լուր չկար»,-ասում է զրուցակիցս՝ վերհիշելով պատերազմական օրերը:
Մի օր էլ ընտանիքից տեղեկացավ, որ Արամենց հենակետից երեք հոգի են ողջ մնացել։ «Նրանցից մեկը Արամն էր,-ասում է տեր հայրը, շարունակելով,-իսկ հոկտեմբերի վերջին հատվածում երբ հնարավորություն ընձեռվեց լինել Արցախում` մեր քաջերի կողքին, ամբողջ ժամանակ ուշք ու միտքս այն էր, որ որեւէ տեղ գտնեմ Արամին։ Բոլոր հարցուփորձերն անիմաստ էին։ Մեկ էլ զանգ եկավ հեռախոսիս (Ճարտարում էի)։ Ասաց՝ տեր հայր, Միդեյանն ա։ Ուրախությունից փշաքաղվեցի։ Վախենում էի` կապը նորից կորչի։ Եվ այդ պահին արագ հարցրի, թե որտեղ է: Արամն էլ պատասխանեց՝ այս պահին գումարտակս կորցրել եմ, մի որոշ ժամանակով Գիշիում եմ լինելու, այսինչ հատվածում։ Մինչեւ տասը րոպեն այնտեղ էի»:
Տեր հայրը հպարտությամբ է նշում, որ ամենուր լսում է Արամի կռվի մասին պատմություններ՝ թե ինչպես է նա տանկերից մեկը ոչնչացնում, մահվան ճիրաններից հանում ընկերներին, պահում սառնասրտություն։ Այո, քիչ չեն մեր կողքին ապրող քաջ տղաները, որոնք մարտի էին ելել հանուն գաղափարի, կրոնի, ինքնության ու ազատության:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.10.2021