Լրահոս
Օրվա լրահոսը

Հարեւաններին հաշտեցնելու դափնիները կտա՞ն Թբիլիսիին

Հոկտեմբեր 14,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ինչպես սկսվեց պրոցեսը

Վերջին շաբաթներին ակտիվորեն քննարկվում է տարածաշրջանային նոր ձեւաչափերի ստեղծումը, ներկայացվում են առանձին պետությունների դիրքորոշումներն այս կամ այն հարցի վերաբերյալ, սակայն մեր ուշադրությունից վրիպում է թուրք-ադրբեջանական տանդեմի ձգտումը՝ մեր տարածաշրջանում Ռուսաստանի նվազեցման ուղղությամբ:

Թեեւ Մոսկվայի հետ համագործակցությունը այլ ոլորտներում Անկարան եւ Բաքուն շարունակում են նույն թափով, սակայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղում Մոսկվայի՝ որպես նոյեմբերի 10-ի փաստաթղթի երաշխավորի եւ խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի նշանակությունը նվազեցնելու քաղաքականությունն էլ նկատելի է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը, հոկտեմբերի 12-ին հաղորդեցին ադրբեջանական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի՝ թուրքական «Միլիյեթ» թերթին տված հարցազրույցը։ Քալընը թվարկել է այն հարցերը, որոնք նախատեսվում է քննարկել երկու երկրների նախագահների երկկողմ հանդիպմանը՝ G-20-ի առաջնորդների գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա Հռոմում՝ հոկտեմբերի 30-31-ը. «Մենք լայն կապեր ունենք Միացյալ Նահանգների հետ: Ղեկավարները կքննարկեն օրակարգի հիմնական հարցերը՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, առեւտրային, պաշտպանական, արդյունաբերության, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում: Կքննարկվեն նաեւ Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Կովկասյան տարածաշրջանի եւ Ղարաբաղի, Լիբիայի, Միջերկրականի, ինչպես նաեւ այլ գլոբալ խնդիրներին վերաբերող հարցեր»:

Իր հերթին, պաշտոնական Բաքուն վերջին շաբաթներին ԵՄ-ի ուղղությամբ կարեւոր ուղերձներ հղեց: Վերջերս Ադրբեջանի նախագահը նշեց, թե տարածաշրջանում եկել է պատերազմի էջը շրջելու, խաղաղության հաստատման հարցում Եվրամիությունը կարող է կարեւոր դեր խաղալ: Ալիեւը հայտնել է, որ այդ հարցերը լայնորեն քննարկել ու համաձայնեցրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ Բաքու կատարած այցի ժամանակ. «Մենք ապավինում ենք Եվրոպական միությանը որպես մեծ գործընկեր եւ ազնիվ միջնորդ` հետպատերազմյան իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու իր ջանքերում։ Եվ Բաքուն պատրաստ է համագործակցել ԵՄ-ի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն եւ կայուն զարգացում ապահովելու համար»: Խոսելով Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ նախագահ Ալիեւը հարկ է համարել ընդգծել իր կողմից առաջ քաշված թեզերը՝ պատերազմն ավարտվել է, հարկ է մտածել ապագայի մասին. «Մենք ուզում ենք հարաբերություններ հաստատել մեր հարեւանի՝ Հայաստանի հետ, պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման, սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի, հաղորդակցության ուղիների բացման շուրջ։ Այս գործընթացը որոշ չափով արդեն սկսվել է, սակայն, կարծում եմ` եթե Եվրամիությունն ակտիվորեն ներգրավվի, ինչի ցանկությունը ես տեսնում եմ, դա կօգնի մեզ շատ ոլորտներում»։ Նկատենք, որ Ադրբեջանում միության նորանշանակ դեսպանը նախագահ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ օրերս փաստել է, որ Եվրամիությունը պատրաստ է դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում վստահության, խաղաղության ամրապնդման գործում՝ սերտորեն փոխլրացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին. «Մենք նաեւ մեր փորձառությունն ենք առաջարկում սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցում, եթե մեր գործընկերները հետաքրքրված են սրանով»:

Այսինքն, մի կողմից Անկարան՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ֆոնին ակտիվացրեց նոր ձեւաչափով համագործակցության թեման՝ Թբիլիսիի միջնորդությամբ, մյուս կողմից էլ Բաքուն ԵՄ-ի դերի ակտիվացումն է շեշտում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Վրաստանն առաջարկել է Թբիլիսիում պլատֆորմ ստեղծել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակի շփումների համար. «Հունիսին մենք եզակի նախադեպ ստեղծեցինք, մեր երկիրը՝ որպես հաջող միջնորդ, խաղաղ գործողություն իրականացրեց։ Բանակցությունների արդյունքում 15 հայ ռազմագերի ազատվեց, իսկ Ադրբեջանին փոխանցվեցին ականապատված դաշտերի քարտեզները։ Դա իսկապես աննախադեպ էր»: Ապա նա հավելել էր. «Անկախությունից հետո 30 տարվա ընթացքում դեռ նախադեպ չէր եղել, որ Վրաստանը հաջող միջնորդ լիներ մեր հարեւան երկու երկրների միջեւ։ Իմ նախաձեռնությունն առաջարկում է ավելի բարձր մակարդակով շարունակել խաղաղ գործընթացը։ Մենք մեր եղբայր ադրբեջանցիներին եւ հայերին առաջարկում ենք միջնորդություն եւ պլատֆորմի օգտագործում, որը պատրաստվում ենք ստեղծել Թբիլիսիում»։

Հենց Ղարիբաշվիլիի միջոցով էր նաեւ, ըստ Թուրքիայի նախագահի, Հայաստանի վարչապետը հանդիպում խնդրել։ Ինչ փուլում է այդ հանդիպման կազմակերպման գաղափարը՝ հայտնի չէ: Վրաստանի վարչապետը հասցրեց այս ընթացքում մեկնել Բաքու, ապա՝ Երեւան ժամանեց: Թբիլիսին այնքան էր ոգեւորված այդ գաղափարով, որ Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում իր ելույթում առաջարկեց համաշխարհային առաջնորդներին «Խաղաղ հարեւանության նախաձեռնություն»` Սեւծովյան տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար: Ինչպես նշել էր նա՝ Թբիլիսին պատրաստ է ընդունել խաղաղության նախաձեռնության շրջանակներում առաջին հանդիպումը:

Փաշինյան-Ալիեւ հանդիպում կարո՞ղ է կայանալ Թբիլիսիի միջնորդությամբ՝ առայժմ նույնպես պարզ չէ, թեեւ Երեւանն ու Բաքուն, ընդհանուր առմամբ, կարծես դեմ չեն հանդիպման գաղափարին: Այնուամենայնիվ, հարեւաններին հաշտեցնելու նախաձեռնությամբ Վրաստանի վարչապետը տարածաշրջանային նշանակության հայտ է ներկայացրել, դիվանագիտական նախաձեռնողական քաղաքականություն է տանում: Մնում է սպասել՝ տեսնելու, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները կցանկանա՞ն Թբիլիսիի հովանու ներքո Փաշինյան-Ալիեւ հանդիպման կազմակերպմամբ Վրաստանի վարչապետին նման հաջողության դափնիներ շնորհել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031