Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգել են ասել են՝ Սերժ Սարգսյանն ուզում է գա ձեր տուն, ես ինչ է, ասեի՝ չե՞մ ուզում»

Հոկտեմբեր 14,2021 15:00

Գագիկ Մելքոնյանը՝ Սերժ Սարգսյանի կենացը խմելու ու Պավլիկ Մանուկյանին «ծեծից» փրկելու մասին

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ժամանակ ասել էր, որ ՊՆ նախկին փոխնախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը ավելի շատ բիզնեսմեն է՝ համազգեստի մեջ դրած, ուղղակի դատարանում կամ բանտում դնելու փոխարեն այսօր բերել են Ազգային ժողով:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Գագիկ Մելքոնյանը, հարցին՝ անձնական խնդիրնե՞ր ունեք Պավլիկ Մանուկյանի հետ՝ պատասխանեց. «Ես Պավլիկի հետ անձնական ոչ մի բան չունեմ, բայց Պավլիկն այն տղեն է, որ հարյուր ձեւի բան է փոխել: Պավլիկն եղել է Արմավիրի բրիգադայում, երբ որ սպարապետն ասեց՝ «էս տղուն տար մի գործ տուր»: Ասի՝ տանեմ: Եկել եմ տարել եմ ինձ տեղակալ: Շատ ապաշնորհ սպա է ինքը, դա ասեմ: Իմ տեղակալ ժամանակ եղել է, որ անձնակազմի գծով պիտի բան աներ, դաշնակցական բաներ էր անում, որից հետո իրան հանեցին գնաց: Երկրորդը՝ երբ իրեն Արցախում ծեծել էին, ես եմ գնացել այնտեղ էլի իր կողքը կանգնել: Եթե Պավլիկը ինչ-որ բանից նեղվել է, ես եմ օգնել իրան: Ես չեմ հասկանում, թե այդ տղան ի՞նչ բան ունի: Հիմա Պավլիկը եւ պավլիկիները, որ գնացին ՊՊԾ գունդը գրավեցին՝ ո՞ւմ հրահանգով են արել: Թող իրանք կանգնեն ասեն, թե ում հրահանգով են դա արել: Ո՞նց հասկանանք, որ 3 մարդ էր մնացել ՊՊԾ գնդում, երբ որ այդքան զենք կար ու իրենք գնացին, հենց այդ 3 մարդուն խփեցին, սպանեցին ու գունդը գրավեցին… Ես չեմ ուզում որեւէ մեկին վատաբանեմ, ուղղակի եթե մեկը մեկին ինչ-որ բան է ասում, ասում են՝ ասեղը խփի քեզ, մախաթը՝ ուրիշին: Ինչ վերաբերում է Պավլիկին, Պավլիկին ես վաղուց եմ ճանաչում: Ես իրանից չեմ նեղանում, ինքը ամեն ինչ էլ կարա ասի, բոլորի հասցեին էլ խոսի: Եթե մարդը մեկի մասին լավ է խոսում, հետո վատ է սկսում խոսալ, արդեն ինքն իր պատկերը ցույց է տալիս: Երբ որ Փաշինյանն եկավ իշխանության, իրենց հանեցին, ինքը Փաշինյանին գովաբանում էր, սարքել էր Աստված: Հետո չգիտեմ ինչ-ինչ ուժեր, ինչ-որ ուրիշ մեկը իրան բան առաջարկեց, Պավլիկը սկսեց Փաշինյանին փնովել»:

Մեր դիտարկմանը, որ սպասում էր արդարացման վճիռ, չեղավ՝ սկսեց դրա համար փնովել՝ Մելքոնյանը պատասխանեց. «Ո՞ւմ արդարացման վճիռ լիներ, եթե մարդ ես սպանել, քեզ պիտի արդարացնե՞ն: Ինքը թող ղուրբան լինի, որ կալանավորված չի: Ու ինքը այս երկրի համար մի հատ երեւելի տղա էլ չի: Կամ ի՞նչ է արել ինքը այս երկրի համար: Ինքը իր ամբողջ կյանքում այս երկրի համար մի հատ լավ բան է արել, այն էլ՝ իր համար՝ պատրոնդաշով նկարվել է: Սա է՝ իր նկարը: Թող ինքը ասի՝ որտե՞ղ է կռվել, ո՞ր ֆրոնտում, ի՞նչ ճակատում, ի՞նչ է արել: Թող նստի ժողովրդին բացատրի ու ասի: Ժողովուրդն ինձ լավ է ճանաչում: Ես եկել եմ Ազգային ժողով, որպեսզի կարողանամ շատ բաներ կա՝ անեմ, արդեն սկսել եմ ու անելու եմ: Ես պետք եմ գալու ժողովրդին ու անելու եմ մինչեւ վերջ: Թող ամեն մարդ մտածի ինքը որտեղ եղել է ու ինչ է արել: Ես հատուկ գնդի հրամանատարն եմ եղել 92 թվականից ու այդ գունդը կռվել է Օմարի լեռնանցքում, այդ գունդը կռվել է Լաչինի միջանցքում: Լաչինի միջանցքի թե՛ հյուսիսային, թե՛ հարավային հատվածներ է պահել: Այնուհետեւ 93-ից անցել ենք հարձակման, Արաքս գետ ենք ազատագրել ու այդպես գնացել ենք, տարածքներ ենք վերցրել: Դրանից հետո գունդը տեղափոխվել է Օմարի լեռնանցք, երբ որ Օմարն արդեն տված էր: Այդ գունդն իր ստորաբաժանումներն է ունեցել նաեւ Շահումյանում, ու այդ գնդի հրամանատարը ե՛ս եմ եղել: Այդ ամբողջ պատերազմը անցել եմ իմ փառապանծ զինվորների, սպաների հետ, ոչ մի տեղ նահանջ չեմ ունեցել: Նույնիսկ 44-օրյա պատերազմում ես այդ նույն տղերքով Օմար եմ պահել, ես ա՛յ այդ մարդն եմ: Ինքը թող մի հատ իր կենսագրականով ասի՝ ինքը որտե՞ղ է եղել: Եկել է մարդ է գտել, որ հավասարվի»:

Հարցին՝ չարախոսո՞ւմ են ձեր մասին, որովհետեւ նաեւ վկայակոչվում է Մարտունիում ձեր առանձնատունը, ասում են՝ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ նրան հրավիրում էիք ձեր տուն, կենացն էիք խմում, հիմա Սերժ Սարգսյանին վատաբանում եք՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Ես Մարտունիում ունեցել եմ… Իմ ծնողները, ես ծնվել եմ Մարտունիում, ես իրավունք ունե՞մ այնտեղ մի հատ տուն ունենալ: Ես այդ ժամանակ չեմ ծառայել, երբ որ Սերժ Սարգսյանն եկել է Մարտունի, զանգել են ասել են՝ ուզում է գա ձեր տուն, ես ինչ է, ասեի՝ չե՞մ ուզում»: Ճշտեցինք՝ այսինքն, ի՞նքն է ուզել՝ Մելքոնյանը հաստատեց. «Իհարկե, ինքն է ուզեցել, ես չեմ: Ինձ նախօրոք ասել են՝ գալիս է, ասել եմ՝ իհարկե, հյուրը աչքիս վրա, գլխիս վրա տեղ ունի: Եկել է, մնացել է, բա իհարկե կենաց էլ կխմվի, ամեն ինչ էլ կխմվի: Այդ մարդը երկրի վարչապետն էր, վերջը իմ երկրի ղեկավարն է, ես ինձ իրավունք չեմ վերապահում, որ ասեմ՝ չէ: Ես 9 տարի եղել եմ Սերժ Սարգսյանի տեղակալը, ո՞նց կարամ ես իրեն ասեմ՝ չէ, մի՛ արի իմ տուն: Դա մարդկային բան չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031