Հանրության զգալի հատվածն ապրում է իշխանության մատուցած կեղծ, պայմանականորեն ասած՝ Հ1-ային իրականությամբ, որը, իհարկե, կերտվում է ոչ միայն Հանրային հեռուստատեսությամբ, այլ նաև իշխանությանը սպասարկող բազմաթիվ այլ լրատվամիջոցներով ու ամենակարևորը՝ սոցիալական ցանցերում։ Այդ իրականությունում ամեն ինչ հրաշալի է, Հայաստանն ամեն օր ծաղկում է ու էլ ավելի է ծաղկելու թշնամիների հետ հաշտվելու դեպքում։ Այդ քարոզչության ազդեցությունն այնքան մեծ է, որ մարդիկ գրեթե չեն նկատում այն իրականությունը, որում ապրում են հեռուստացույցից ու համացանցից դուրս։ Արդյունքում՝ նրանց զգալի մասն իշխանական քարոզչության ազդեցությամբ համերաշխ ապրում է՝ չնկատելով անգամ, որ արդեն մի քանի ամիս 1000 և ավելի թշնամական զինվորներ մեր երկրի տարածքում են, այդ նույն մարդկանց չեն հուզում երկրի շուրջ գրեթե ամեն շաբաթ իրականացվող թշնամական զորավարժությունները, նրանք հաշտ են անպաշտպան սահմաններ ունեցող երկրում ապրելու իրողության հետ։
Քարոզչական այդ թմբիրն անուշադրության է մատնում նաև երկրում ամեն օր կատարվող սպանություններն ու ինքնասպանությունները, հանցագործությունների քանակի բազմապատիկ ավելացումը։ Քարոզչությունն այնքան զորեղ է, որ զարմանալիորեն երկրորդ պլան է մղում անգամ աննախադեպ գնաճը, գրեթե բոլոր ապրանքների ամենօրյա թանկացումները։
Քաղաքացիների ահա այդ հատվածն ապրում է երկու իրականությունում՝ քարոզչական ու իրական Հայաստանում, սակայն նրա քաղաքացիական ու քաղաքական վարքագծի վրա գոնե առայժմ որոշիչ ազդեցություն ունի ոչ թե իրական կյանքը, այլ մատուցվող կեղծ կյանքի գունագեղ պատկերը։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում