Գաղտնիք չէ, որ չնայած իր բազմաթիվ հավաստիացումներին, Փաշինյանը երբեք էլ թափանցիկ չի աշխատել ժողովրդի հետ։ Եվ, որպես կանոն, եթե Փաշինյանն ինչ-որ մի հարցում որևէ հայտարարություն է կատարել, ապա հաճախ արել է դրա հակառակը, նայած, թե ինչն է կոնկրետ իրեն ձեռնտու եղել, բացառապես իրեն, այլ ոչ երկրին ու ժողովրդին։ Այսպիսի մոտեցման արդյունքում է, որ մեծամասամբ տպավորություն է ստեղծվում, թե վերջինս ուղղակի միտումնավոր անորոշության մեջ է գցում հանրությանը և սխալ պատկերացումներ հրամցնում։
Ու այս իրողությունը հատկապես ցայտուն է Արցախի հարցով բանակցային գործընթացի ու պատերազմի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասով։ Սկզբից Փաշինյանը հրապարակում հայտնված մարդկանց առաջ հայտարարում էր, որ եթե Արցախի հարցով որևէ ընդունելի տարբերակ լինի, ապա ինքը կգա, կկանգնի մարդկանց առաջ ու կներկայացնի այդ լուծումը, միասին կքննարկեն ու որոշում կընդունեն։ Իսկ որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարում էր, թե Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, ինքն Արցախի ժողովրդի կողմից մանդատ չի ստացել, որպեսզի բանակցի, հետևաբար բանակցային սեղանին փաստաթուղթ լինել չի կարող։ Սակայն նույն ժամանակ ՌԴ արտգործնախարար Լավրովը հաստատում էր, որ բանակցային սեղանին փաստաթուղթ է քննարկվում։
Եվ իրարամերժության սահմաններն անգամ այնտեղ հասան, որ Փաշինյանը հայտարարեց, թե ինչ որ պետք է, այն էլ բանակցում են՝ «մոռանալով», որ ինքը խոստացել էր դրա արդյունքները ներկայացնել հանրության դատին։ Վերջերս էլ Հայաստանի ղեկավար համարվող անձն արդեն հայտարարում է, թե 2018 թվականին ինքը կարող էր գալ և բանակցային ողջ բովանդակությունը բացահայտել։ Ըստ Փաշինյանի, բանակցային բովանդակության բացահայտումը կբերեր միջազգային սկանդալի, ինչը կարող էր տպավորություն ստեղծել, թե ինքը հրաժարվում է պայքարել իրադրության փոփոխության համար։ Հետո ի՞նչ, թող միջազգային սկանդալ տեղի ունենար, գոնե այդ ժամանակ ժողովուրդը գոնե պատրաստ կլիներ հնարավոր զարգացումներին ու ներսից առկա դիմադրությունը գոնե թույլ չէր տա, որ անպատրաստ գտնվելու արդյունքում խայտառակ կապիտուլյացիայի բախվեինք։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում