Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները հանդիպել են ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի եւ կառույցի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբեր 13,2021 22:55

ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամներն այցելել են հեռուստառադիոոլորտը կարգավորող մարմիններ ու Հանրային հեռուստաընկերություն

Հոկտեմբերի 13-ին ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամներն այցելել են հեռուստառադիոոլորտը կարգավորող մարմիններ ու Հանրային հեռուստաընկերություն: Պատգամավորների այցի նպատակն է Ազգային ժողովի ու պետական հաստատությունների միջեւ համագործակցության առավել լայն հնարավորություններ ստեղծելուն ուղղված քայլեր ձեռնարկել:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանն ու Նարեկ Բաբայանը սկզբում եղել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում:

Պատգամավորները հանդիպել են ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի եւ կառույցի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահը նշել է, որ նախորդ տարի ընդունվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որի կիրարկումից հետո փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել:

ՀՌՀ նախագահը նշել է, որ վերոնշյալ օրենքի վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք մասամբ ընդունվել են: Տիգրան Հակոբյանը վերահաստատել է փոփոխությունների անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ որոշ դրույթներ հակասում են հարակից օրենքներին: ՀՌՀ նախագահը, ներկայացնելով իրենց հիմնական գործառույթները, ընդգծել է, որ նախատեսվում է ձեւավորել վերլուծական բաժին:

Զրուցակիցները, խոսելով իրենց ապագա ծրագրերից, կարեւորել են ինտերնետ մեդիաոլորտի կարգավորումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ սոցիալական գովազդին՝ ընդգծելով, որ ոլորտը կարգավորման կարիք ունի:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամները ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել՝ ծանոթանալով կառույցի պայմաններին:

Այնուհետեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելել են Հանրային հեռարձակողի խորհուրդ եւ հանդիպել խորհրդի նախագահ Արա Շիրինյանի, անդամներ Վահրամ Մարտիրոսյանի, Վահագն Թեւոսյանի եւ Արամ Սուքիասյանի հետ:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, ներկայացնելով իրենց հիմնական գործառույթները, ընդգծել է, որ աշխատանքի կանոնակարգման անհրաժեշտություն կա, ինչը կարող է իրականացվել միայն օրենսդրական ճանապարհով: Խոսքը վերաբերում է Կառավարություն-խորհուրդ, խորհուրդ-կառույցներ ներքին կանոնակարգին:

Զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են մշակութային հեռուստաընկերություն ունենալու անհրաժեշտությանը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամների հանդիպումների շարքը շարունակվել է նաեւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում: Նրանք հանդիպել են հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի ու գործադիր տնօրենի տեղակալ – գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ: Վերջիններս ներկայացրել են աշնանային նոր եթերաշրջանի հաղորդումներն ու հետաքրքիր նախագծերը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ հանդիպումների նպատակը ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունների քննարկումն է դրանք շրջանառության մեջ դնելուց առաջ: Այս համատեքստում նշվել է, որ կան մի շարք օրենքներ, որոնք փոփոխելու, արդիականացնելու անհրաժեշտություն ունեն: ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ցանկացած հարցի առնչությամբ հանձնաժողովում կազմակերպել քննարկումներ՝ լուծելու առկա հրատապ խնդիրները:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031