Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե»-ներ չեն լինելու, մենք ստանձնելու ենք քաղաքապետի ծառայությունը»․ «Զարթոնք»-ի Գյումրու քաղաքապետի թեկնածու

Հոկտեմբեր 13,2021 22:33

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Զարթոնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ԱԱԾ-ի նախկին աշխատակից, պահեստազորային սպա, փոխգնդապետ Վարդևան Հակոբյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ քաղաքապետի պաշտոնը քաղաքական չէ, այլ կառավարչի, կազմակերպչի պաշտոն է։

Թեկնածուն ասում է՝ քաղաքը պիտի կառավարել արդար, ճիշտ կադրային քաղաքականությամբ, ոչ թե ծանոթ-բարեկամ, ազգականներով։ Աշխատանքում պիտի ներգրավել մասնագետների, նրանք չպիտի լինեն արհամարհված։

Հասանելի պիտի լինել բոլորին, ամբողջությամբ փոխել աշխատաոճը, կառավարել համակարգված։ Վարդևան Հակոբյանը նշում է, որ ինքը հենց կառավարման մասնագետ է, Գյումրիում բավական մեծ թվով աշխատատեղեր է ստեղծել։

«Ես զրոյից աշխատատեղեր եմ ստեղծել, երբ որ դուրս եմ եկել ԱԱԾ-ից 2009 թվականից հետո ստեղծել եմ իմ կազմակերպությունը՝ «Գրոմ սիքյուրիթի» ՍՊԸ-ն։ Մի առիթով շեշտել եմ, որ այս պահին Գյումրիում 300-ից ավելի տարբեր օբյեկտների պահպանությունն ենք իրականացնում՝ պետական, սեփական, անհատ անձանց»։

Ըստ նրա, Գյումրին միստիկ քաղաք է, շատ տարբերվող ու գյումրեցուն պետք չէ ուղղորդել, կամք թելադրել, դա վիրավորական է։ Իրենք ընտրել են «Որոշողը գյումրեցին է» կարգախոսը, ըստ նրա, գյումրեցին ճիշտ որոշում կկայացնի։

Մեր զրուցակիցը նշում է, որ քարոզարշավն ընթանում է մի շարք խախտումներով, մասնավորապես քարոզչական պաստառներ փակցնում են արգելված վայրերում։

«Մենք ինքներս 5-4 տեղ փակցրել ենք ցուցապաստառներ, խոսքս վերաբերում է առևտրի և հասարակական սննդի օբյեկտներին։ Մեզ ասել են հանեք, չի կարելի, ես ինքս ասել եմ՝ չի կարելի, հանեք ու սպասել եմ, թե մյուսները հանելո՞ւ են, թե՞ չէ։ Ընդհակառակը հաջորդ օրվանից բոլոր տեղերում ավելացել են, խնդրեմ, դուք ինքներդ կարող եք տեսնել ամբողջ քաղաքում, մանավանդ իշխող կուսակցության ներկայացուցչի պաստառները, որոնք փակցված են բոլոր տեղերում։ Փակցված են նաև «Բալասանյան դաշինք»-ի պաստառները։ Ես ասել եմ՝ ինչո՞ւ չի պահպանվում օրենքի դրույթը։ Մենք պատրաստ ենք եղել հանելու, ընդամենը մի քանի հատ է եղել։ Եվ շեշտել եմ՝ բոլոր կանգառներում, բոլոր տեղերում ինչքան գովազդային վահանակներ են փակցված։ Մենք էլ կարող էինք այդ ամենն անել, բայց դրանք փողեր են։ Գիտեք, իմիջիայլոց, տասնյակ միլիոնավոր գումարներ են, իսկ էդ որտեղի՞ց, ես ինքս գործարար եմ, կարող եմ անել, բայց պետք չի անել։

Գտնում եմ, որ դա հակառակ ազդեցությունն է թողնում, կարելի էր ծախսել մարդկանց ջրով ապահովելու, տնակների, հիվանդների վրա։ Հիմա  նորից հին մեթոդներն են գնում», -ասաց մեր զրուցակիցը։

Վարդևան Հակոբյանն ասում է՝ ստանում են տեղեկություններ այն մասին, որ օգտագործվում են վարչական լծակներ։

«Մենք հասել ենք մի գաղափարի, որ չպիտի գնան կրթական ոլորտները քաղաքականացնեն, հիմա ավագանու անդամ են ընտրել, որը նաև դպրոցի տնօրեն է, և այդ մարդիկ այսօր արձակուրդ չեն վերցրել, աշխատում են, նույնիսկ քաղաքապետարանում է այդպես։ Տեղեկություններ էլ  կան, որոնց մասին հիմա չեմ բարձրաձայնում, ուզում եմ կանխարգելվի այս պրոցեսը։ Մենք ուզո՞ւմ ենք վերջապես կառուցել դեմոկրատական-ժողովրդական երկիր, այսինքն՝ թող լինեն ազատ, արդար ընտրություններ, որոշի գյումրեցին։ Թող ոչ ոք չուղղորդի գյումրեցուն, չթելադրի իր կամքը»։

Հարցին, եթե ընտրվեք քաղաքապետ, առաջին քայլը ո՞րը կլինի, թեկնածուն պատասխանում է․ «Ես գտնում եմ, որ «եթե»-ներ չեն լինելու, մենք ստանձնելու են քաղաքապետի պաշտոնը, ավելի ճիշտ ծառայությունը, ծառայելու ենք քաղաքին և առաջին օրվանից մասնագետների եմ հրավիրելու։ Մասնագետներն են անելու, մի անձը չի կարող անել, մի անձը կարող է տանել ճիշտ մասնագիտական կադրային քաղաքականություն՝ հետագայում նվազեցնելով իր դերը, որպեսզի լուրջ հաջողությունների հասնենք»։

Թե ո՞ր ուժերի հետ կգնան համագործակցության, Վարդևան Հակոբյանն ասում է․ «Ես քաղաքական մարդ չեմ, կուսակցական չեմ, իմ համար կարևոր չէ որ ուժերն են, կարևորը լինեն կառուցողական, մեր քաղաքը կառուցելու, շենացնելու հարցում։ Եթե չէ, մենք այդ դերը կստանձնենք, որ միասնական գնանք, որովհետև այսօր  կա դրա խիստ անհրաժեշտությունը Գյումրիում։ Ես բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ, նորմալ հարաբերությունների, բոլորին տալիս եմ բարև, բոլորի հետ էլ պատրաստ եմ համագործակցելու»։

Թեկնածուն ասում է բնակիչների հետ հանդիպման ժամանակ նկատել է՝ նրանք չեն հավատում խոսքերին, անտարբեր են։

«Չպիտի լինել անտարբերություն, դա կործանարար է, ես ինքս անտարբեր մարդ չեմ, իսկ քաղաքապետը իրավունք չունի լինել անտարբեր»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031