Հիմք ընդունելով՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս․թ․ հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին անձնական դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի հրամանով՝ ս․թ․ հոկտեմբերի 14-ից վաղաժամկետ դադարեցվել են Ա․ Թարվերդյանի լիազորությունները։
«Հարգելի գործընկերներ, վաղվանից դադարեցվում են իմ՝ որպես «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները։ 2017 թ․ բոլորս հանդիպեցինք, երբ որպես ղեկավարի՝ նախկին նախարար Արմեն Ամիրյանը ինձ ներկայացրեց կոլեկտիվին։ Այսօր էլ հանդիպում ենք գրեթե նույն ձևաչափով», -աշխատանքային գործընկերների հետ հրաժեշտի հանդիպմանն ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը՝ շնորհակալություն հայտնելով գործակցության արդյունավետ չորս տարիների համար։
«Արա Թարվերդյանին ճանաչում եմ 2017թ․, երբ ես Հայաստանի Զբոսաշրջության հիմնադրամի տնօրենն էի, մենք շատ սերտ համագործակցում էինք։ Թարվերդյանին ճանաչել եմ որպես իր գործի հանդեպ պատասխանատու, պրոֆեսիոնալ կառավարիչ։ Պատկերացնելով այս կառույցի ռազմավարական նշանակությունը, պատկերացնում եմ նաև, թե անցած տարիների ընթացքում ինչ մտավոր ներուժ է դրվել այս գործն առաջ տանելու համար։ Վստահ եմ, որ Թարվերդյանի կենսագրությունը չի սկսվել այս պաշտոնավարմամբ և չի ավարտվում պաշտոնավարման դադարեցմամբ։ Ուզում եմ ԿԳՄՍ նախարարության անունից շնորհակալություն հայտնել այս տարիների աշխատանքի համար, որովհետև գրանցվել են լուրջ ձեռբբերումներ, արդյունքներ և մաղթել՝ հաջողություններ հետագա գործունեության ընթացքում», -իր խոսքում մասնավորապես ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Ա․ Թարվերդյանը ևս շնորհակալություն է հայտնել նախարարության գործընկերներին, ում հետ աշխատել է իր պաշտոնավարման ընթացքում։ Կազմակերպության ղեկավարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՊՈԱԿ-ի անձնակազմին՝ արգելոց-թանգարանների, մարզային ծառայությունների և վարչական շենքի գործընկերներին, ովքեր իր բնորոշմամբ՝ իրենց գործի նվիրյալներն են։
Կարդացեք նաև
«Կազմակերպության գործունեությունն անխափան է եղել 44 օրյա պատերազմի, համավարակի ընթացքում։ Վստահ եմ, որ այդպես կլինի նաև ցանկացած իրավիճակում», – իր խոսքը եզրափակել է Արա Թարվերդյանը։
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ