Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներ Գարեգին Բ-ն, Կիրիլ 2-րդը և Ալլահշուքյուր Փաշազադեն: Հանդիպման ավարտին Համայն Ռուսիո պատրիարքն ընթերցել է հայտարարության տեքստը՝ շնորհակալություն հայտնելով հոգևոր առաջնորդներին իր հրավերն ընդունելու և երկու երկրների կրոնական համայնքներին ու բնակիչներին հուզող բարդ հարցերը քննարկելու պատրաստակամության համար:
«Կովկասը միշտ աչքի է ընկել ժողովուրդների, լեզուների և մշակույթների բազմազանությամբ: Ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար չկա այլ ապագա, քան համակեցությունը: Այսօր հատկապես կարևոր է վերականգնել վստահությունը միմյանց նկատմամբ, կրկին սովորել հարևանին ընդունել հարգանքով և փոխադարձ օգնության պատրաստակամությամբ»,- ասել է Կիրիլ 2-րդը:
Նրա խոսքով՝ նման վերաբերմունքի երաշխիքը կրոնական սրբավայրերի, պատմական հուշարձանների և գերեզմանատների, այլ հավատքի տեր մարդկանց կրոնական զգացմունքների նկատմամբ հարգանքն է: Պատրիարքը նշել է, որ կրոնական առաջնորդները պետք է օգտագործեն իրենց հեղինակությունը՝ կրոնների և ժողովուրդների միջև բարիդրացիության մթնոլորտ ապահովելու համար:
«Կոչ ենք անում պարզել անհետ կորածների ճակատագրերը, նպաստել ռազմագերիների ազատմանը և թույլ չտալ խաղաղ քաղաքացիների համար սպառնալիք կրող զենքի չարտոնված օգտագործումը,- ասել է Կիրիլ 2-րդը:- Անհրաժեշտ է ապագայում ամբողջ ուժով ձգտել խուսափել ատելության խոսքից, զերծ մնալ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դիմելու կոչերից: Կոչ ենք անում երիտասարդությանը չտրվել թշնամանքի և ծայրահեղականության ոգուն և առաջին հերթին փնտրել խաղաղություն»:
Կարդացեք նաև
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ կրոնական առաջնորդները պատրաստ են նպաստել հայ և ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցմանը՝ հանուն ներկա և ապագա սերունդների բարօրության և բարգավաճման:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ