Նորվեգիայում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որտեղ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը նվաճեց չեմպիոնի կոչումը, Հայաստանը թիմային պայքարում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Այս մասին այսօր հայտարարեց հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը: «Մենք մեր բոլոր ըմբիշներից էլ սպասելիքներ ունեինք: Բոլորն էլ գնացել էին մեդալների համար պայքարելու: Մալխաս Ամոյանին հաջողվեց մինչեւ վերջ վստահ, գեղեցիկ, փայլուն հաղթանակներ տանել: 55 եւ 60 կգ քաշային մեր տղաները մոտ էին մեդալին, սակայն երրորդ տեղի համար եւ քառորդ եզրափակչի գոտեմարտերը չգնացին այնպես, ինչպես պլանավորել էինք: Մյուս քաշային կարգերում էլ պայքարը չստացվեց եւ դրանք էլ իրենց պատճառներն ունեն»,-ասաց նա:
Հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը նշեց. «Մալխաս Ամոյանը թեեւ երիտասարդ ըմբիշ է, սակայն իրենից տարիքով մեծերից շատերի հետ համեմատած, վարում է շատ գրագետ գոտեմարտեր: Դրան գումարած, նրա քրտնաջան աշխատանքը տվեց ցանկալի արդյունքը: Մալխասը նաեւ Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոնն է: Մենք այն ժամանակ էլ նրանից ոսկե մեդալ էինք ակնկալում: Բայց ոչինչ: Գուցե, ավելի լավ է, որ նա աշխարհով սկսեց: Ես վստահ եմ, որ Մալխասի այս հաջողությունը շարունակություն է ունենալու: Նա դրա բոլոր հնարավորություններն ունի»:
Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը շնորհակալություն հայտնեց հավաքականի մարզիչներին լավ թիմ ստեղծելու համար: Նա եւս հավաստիացրեց, որ հավաքականը պատրաստ էր ավելի շատ մեդալներ նվաճել, ինչն այս անգամ չստացվեց: Սակայն հույս հայտնեց, որ տղաները հաջորդ մրցաշարերում սպասվող արդյունքները ցույց կտան: «Աշխարհի այս առաջնությանը մենք Մալխասի հետ յուրահատուկ ձեւով էինք մոտեցել: Եվրոպայի առաջնությունում կային բացթողումներ, որոնց վրա աշխատել էինք: Ճիշտ է, սպորտում ամեն օր պետք է քո վրա աշխատես, սակայն Եվրոպան մեր համար լավ դաս եղավ: Իսկ թե ինչպես էինք աշխատել, ցույց տվեց աշխարհի առաջնությունը»,- ասաց Մալխաս Ամոյանի հորեղբայրը:
Ինքը՝ աշխարհի նորընծա չեմպիոնը, ասաց, որ աշխարհի առաջնության ոսկե մեդալ նվաճելը իր նվիրական երազանքներից է եղել եւ նշեց, որ դա իրեն հաջողվեց հավաքականի եւ անձնական մարզիչների, իր հետ մարզվող ըմբիշների շնորհիվ, որովհետեւ իրենք գործել են բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի համար թիմային սկզբունքով: «Այս հաղթանակը նվիրում եմ հայ եւ եզդի ազգերին, որովհետեւ տեսնում եմ, թե ինչպես են արձագանքում իմ հաղթանակներին, ինչպես են ուրախանում: Կփորձեմ գալիք մրցաշարերում էլ անել ամեն բան՝ մեր երկու ազգերի պատիվը բարձր պահելու համար»,- վստահեցրեց ըմբիշը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ