ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր հայտարարեցին, որ մարզաձեւի 2022 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կայանալու է Երեւանում, մայիսի 21-ից 31-ը::
Նշելով, որ Բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը Երեւան բերելու համար նախարարությունը եւ բռնցքամարտի ֆեդերացիան տեւական ժամանակ լուրջ ու ծավալուն նախապատրաստական աշխատանք են իրականացրել, Կարեն Գիլոյանը արձանագրեց. «Վերջապես Հայաստանում կայանալու է շատ բարձր կարգի մարզական միջոցառում: Թե որքան կարեւոր է այս մրցումը, կարծում եմ, մասնագետները կհասկանան ու կգնահատեն: Ասեմ, որ անգամ Խորհրդային Հայաստանում այս կարգի մրցում չի անցկացվել: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովի հետ իմ եւ պարոն Հովսեփյանի բանակցությունը տվել է դրական արդյունք, եւ մեզ է վստահվել կազմակերպել այդ առաջնությունը: Վստահ եմ, որ Հայաստանն իսկապես մարզական տոն կընդունի ու մենք բոլորս կկարողանանք այն բարձր մակարդակով անցկացնել: Համագործակցելու ենք բոլոր կազմակերպությունների՝ ՀԱՕԿ-ի, Երեւանի քաղաքապետարանի, մարզական հասարակական կազմակերպությունների հետ: Շուտով կստեղծվի կառավարական կազմկոմիտե, որը մինչեւ մրցաշարի մեկնարկը աճող հաճախականությամբ կհրավիրի նիստեր ու ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը աշխարհին, Եվրոպային ներկայանա որպես բարձր կարգի մրցում անցկացնող երկիր»,- ասաց փոխնախարարը:
Կարեն Գիլոյանը նաեւ տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ ներկայացրել էին նաեւ Ռուսաստանն ու Իսպանիան: Սակայն ՀԲՖ-ի ներկայացրած ծրագիրը ավելի է դուր եկել գործկոմի անդամներին եւ ինը անդամներից յոթը քվեարկության ժամանակ նախապատվությունը տվել է Հայաստանին:
Հովհաննես Հովսեփյանն իր հերթին նշեց, որ բավականին լուրջ աշխատանք է իրականացվել ու Եվրոպայի առաջնությունը Հայաստանին վստահելը մեծ պատասխանատվություն է, որ ստանձնել են թե ՀԱՕԿ-ը, թե ֆեդերացիան, թե նախարարությունը, թե բոլոր այն կառույցները, որոնք կապված են սպորտի հետ: «Եվրոպական բոլոր երկրները ցանկանում են մասնակցել բռնցքամարտի՝ Հին Աշխարհամասի թիվ մեկ իրադարձությանը: Սակայն COVID-ը իր ուղղումներն է մտցնում: Դժվար է հիմա հստակ թիվ ասելը, սակայն սպասվում է մոտավորապես 40-42 երկրի մասնակցություն: Ակնկալվում է թեժ ու դիտարժան պայքար: Մենք այսօր ունենք Եվրոպայի մեկ չեմպիոն՝ Հովհաննես Բաչկովը: Սակայն ֆեդերացիան անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի 2022 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո Հայաստանը Եվրոպայի մի քանի չեմպիոն ունենա»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Եթե սպասվում է 40-42 երկրի մասնակցություն, դա նշանակում է՝ մոտավորապես 280-300 բռնցքամարտիկ, 150-200 մարզիչ, բժիշկ, պատվիրակությունների ներկայացուցիչներ: Հաշվի առնելով նաեւ բռնցքամարտի վայելած մասսայականությունը եւ երկրպագուների մեծ բանակը ամբողջ Եվրոպայում, պետք է պատրաստ լինել նաեւ շուրջ հազար մարզասերների ժամանմանը Հայաստան: Բանախոսները հավաստիացրին, որ Երեւանը ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ իրենք արդեն իսկ աշխատում են համապատասխան կառույցների հետ:
Կարեն Գիլոյանը նաեւ տեղեկացրեց, որ հյուրերի՝ Հայաստանում գտնվելու օրերը ավելի հագեցած կազմակերպելու համար մշակվում են մշակութային եւ այլ ծրագրեր: Aravot.am-ը հետաքրքրվեց, որ թեեւ սպորտը զերծ պիտի լինի քաղաքականությունից, սակայն հաշվի առնվե՞լ է մեր տարածաշրջանի երկրների միջեւ առկա լարվածությունը, ինչին Կարեն Գիլոյանը պատասխանեց. «Ասեմ այսպես. իհարկե, ինչ կատարվում է քաղաքականության մեջ, իր ազդեցությունն ունենալու է նաեւ այս պարագայում: Հիշենք, երբ մենք էինք գնում Ադրբեջան՝ մասնակցելու տարբեր մրցումների: Ես ինքս երկու անգամ գնացել եմ: Հիմա ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ իրենք էլ գան: Սա, ի վերջո, սպորտ է: Մենք պարտավոր ենք ապահովել բոլոր մասնակիցների անվտանգությունը: Դրա համար երկիրը համապատասխան միջոցներ ունի եւ այդ ամենը կկազմակերպվի բարձր մակարդակով: Այլ խնդիր է, որ մենք պետք է պատրաստենք այնպիսի հավաքական, որ ռինգում մրցակիցներին տանուլ չտանք»: Իսկ hարցին, թե Ադրբեջանը մասնակցելու ցանկություն ունի՞, բանախոսները պատասխանեցին. «Դա իրենց որոշելիքն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ