Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գյումրու խնդիրները մշտապես քննարկվել են ընկերների, բարեկամների շրջանակում, սակայն դրանք լուծելու համար անհրաժեշտ է ունենալ լծակ, իշխանություն, կառավարման գործիքներ։
Կարեն Մալխասյանը մասնագիտությամբ իրավաբան է, նա երկար տարիներ աշխատել է սոցիալական ոլորտում, այժմ զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Նրան գյումրեցիներից շատերը ճանաչում են հենց աշխատանքի բերումով։
«Հասարակական նպատակով ինչքան հնարավոր եղել է, միջամտել ենք՝ ի շահ քաղաքի, բայց լուրջ գործեր կատարելու համար պիտի ունենալ քաղաքային իշխանություն։
Օրինակ՝ քաղաքային խնդիրների լուծման մեր մոտեցումներից մեկը հետևյալն է՝ քաղաքային բյուջե մուտաքագրվելու են ոչ միայն տուրքերը, նաև եկամտահարկի ու շահութահարկի որոշ մաս, որ քաղաքը կարողանա զարգանալ իր ունեցած ռեսուրսներով, ոչ թե ամբողջը գնա հանրապետական բյուջե ու նոր հետադարձ ուղիով գա Գյումրի՝ որոշակի մի մաս։ Գտնում ենք, որ դրա համար պիտի համագործակցենք տեղի պատգամավորների, կառավարության հետ, համապատասխան օրենքի նախագիծ պիտի ներկայացվի Ազգային Ժողով, որ օրենքում կատարվեն նման փոփոխություններ»-, ասաց Կարեն Մալխասյանը։
Կարդացեք նաև
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին երկու նախարարներ Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը Գյումրու ՏԻՄ ընտրություններում ունի ավագանու 22 թեկնածու ու նախընտրական ծրագրի 22 կետ։
Կարեն Մալխասյանն ասում է, որ ավագանու թեկնածուներից ոչ մեկը քաղաքականության մեջ չի եղել, այդ թվում և ինքը։
«Մենք նոր ուժ ենք քաղաքականության մեջ, բայց գտնում ենք, որ դա չի խանգարում զբաղվել քաղաքականությամբ, քանի որ յուրաքանչյուրն իր ոլորտում կայացած, հմուտ մասնագետ է, իր ոլորտում կառավարիչ է։ Կան տարբեր մասնագիտությունների տեր անձինք՝ և՛ իրավաբան, և՛ տնտեսագետ, և՛ ճարտարագետ, հիմնականում երիտասարդների ենք ներգրավել»,- ասաց Կարեն Մալխասյանը։
Նա, թվարկելով իրենց նախընտրական ծրագրի կետերը, նշեց, որ ամեն մի դրույթի իրագործումը պատկերացնում են, քայլերի հաջորդականությունը գիտեն։ Ծրագրերի մեջ մտնում են կանաչ գոտիների ավելացումը, տրանսպորտային համակարգի բարելավումը՝ ավտոբուսների քանակի ավելացումը և տրանսպորտի սպասարկումը մինչև ժամը 23․00, ոչ հիմնական շինություններում բնակվողներին սոցիալական բնակարանների տրամադրումը, մարզական համալիրների, լողավազանների կառուցումը, առևտրային վերնիսաժի կառուցումը և այլն։
«Այստեղ կենացային, կենացի տեսքով ծրագրեր հաստատ չկան։ Օրինակ՝ գտնում ենք, որ վերնսիաժը վաղուց պիտի լիներ, Գյումրին մշակութային քաղաք է, հատկապես զբոսաշրջային հոսքի պայմաններում»,-ասում է թեկնածուն։
Մեր հարցին քարոզարշավի ընթացքում խախտումներ արձանագրե՞լ եք, Կարեն Մալխասյանն պատասխանեց․ «Այո, չնախատեսված տեղերում պաստառներ փակցնելն է , փորձում են օգտագործել թաղային հեղինակություններին։ Կան տեղեկություններ, որ մեզ են հասնում խոսքի մակարդակով, բայց դրանք ապացուցողական ուժ պիտի ունենան, ես սա որպես իրավաբան եմ ասում։ Հիմա մենք մեր գործը թողնենք, մարդկանց չներկայացնենք ծրագրերը, ընկնենք դրա հետևից, ճիշտ չեմ գտնում։ Գյումրեցին հաստատ ճիշտ կկողմնորոշվի՝ անկախ նրանից թաղային հեղինակություն կօգտագործեն, թե չնախատեսված վայրերում պաստառներ կփակցնեն, թե այլ մեխանիզմներ կօգտագործեն։ Խոսում են, որ վստահված անձերին են վարձատրում, չգիտեմ, ինչ ուզում է անեն, համոզված եմ՝ գյումրեցին ճիշտ որոշում կկայացնի»։
Մեր ճշտող հարցին՝ թաղային հեղինակություններն անցյալո՞ւմ չեն, թեկնածուն ասաց․ «Թվում էր, թե անցյալում են, դրա համար մենք ճիշտն ասած չէինք էլ կենտրոնացել այդ ուղղությամբ, բայց պարզվեց անցյալում չեն»։
Կարեն Մալխասյանը տեղեկացրեց, որ Գյումրու ավագանու կազմում ընդգրկվելու դեպքում իրենք ի շահ քաղաքի բոլոր կարող ուժերի ու անհատների հետ պատրաստ են համագործակցել։ Նա հավատում է, որ իրենց քաղաքական ուժը հաղթելու է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ