Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ կապված ընթացիկ զարգացումների և այս առնչությամբ հետագա անելիքների շուրջ

Հոկտեմբեր 13,2021 18:12

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է  ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

Նախարարներ Միրզոյանը և Ջայշանկարը հանգամանալից քննարկում են ունեցել ավանդական բարեկամական հարաբերությունների վրա հիմված հայ-հնդկական համագործակցության հետագա զարգացման, խորացման և ամրապնդման հարցերի շուրջ։

Նախարարները պատրաստակամություն են հայտնել՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացնելու  համագործակցության խթանմանն ուղղված ծրագրեր և նոր նախաձեռնություններ՝ առանձնացնելով, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, պաշտպանության, առողջապահության, փոխադրումների, դեղագործության, միջմարդկային փոխանակումների, օդային հաղորդակցության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտները։ Այս առումով կարևորվել է Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի դերը և առաջիկայում հերթական նիստի անցկացումը:

Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակներում փոխայցելությունների և պարբերական շփումների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ակտիվացման կարևորությունը։

Կողմերը գոհունակությամբ են նշել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված արդյունավետ երկխոսությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու համագործակցությունն այս ուղղությամբ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը` Հնդկաստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցած արդյունավետ նախագահության կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ կապված ընթացիկ զարգացումների և այս առնչությամբ հետագա անելիքների շուրջ:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը՝ առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Նախարար Միրոզյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատման դիրքերից, սակայն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ներթափանցումը ՀՀ ինքնիշխան  տարածք, ինչպես նաև հակամարտության գոտում շարունակաբար իրականացվող սադրիչ գործողությունները խոչընդոտում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը։

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև գոհունակություն է հայտնել Հնդկաստանի ԱԳ նախարարության հայտարարության կապակցությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերը հետ քաշելու անհրաժեշտության վերաբերյալ։

Հայկական կողմը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու դիրքորոշումը։

Արարատ Միրզոյանի և  Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպմանը հետևել է արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։

Նույն օրն առավոտյան ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ Հնդկաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ու Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այցելել են նաև Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձան և մասնակցել ծառատունկի արարողությանը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031