Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Հնդկաստանի արտգործնախարարին

Հոկտեմբեր 13,2021 17:51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո պարոն նախարար, պատվիրակության հարգելի անդամներ,

Ողջունում եմ բոլորիդ: Մենք մշտապես կարևորել ենք Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները և մշտապես ջերմ հարաբերություններ ենք ունեցել: Անկեղծ ասած, զարմացած եմ, որ Դուք Հնդկաստանի առաջին արտաքին գործերի նախարարն եք, որ այցելում է Հայաստան: Դա իսկապես շատ զարմանալի է, որովհետև տպավորություններն այնպիսին են, թե Հնդկաստանը Հայաստանում և Հայաստանը Հնդկաստանում շատ տեսանելի են ներկայացված: Բայց երևի թե այդ փաստն իր մեջ ունի որոշակի խորհրդանիշ, և բաց թողած ահագին աշխատանք ունենք, որ պետք է լրացնենք:

Շատ ուրախ եմ և շնորհակալ եմ Ձեր հանձնառության համար՝ ակտիվացնելու մեր աշխատանքները: Ես հիշում եմ՝ Դուշանբեում մեր ԱԳ նախարարի հետ ձեր հանդիպումից հետո մենք զրույց ենք ունեցել, և իր գնահատականը նույնպես այն է եղել, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք, որոնք գուցե պատշաճ չենք օգտագործել, և հիմա պետք է ամեն ինչ անենք՝ բաց թողնվածը լրացնելու համար:

Բայց նաև ուզում եմ իմանաք, որ մենք ոչ միայն պատրաստակամություն ենք ուզում արտահայտել, այլ ունենք կոնկրետ պատկերացումներ և առաջարկություններ, թե ինչի շուրջ և ինչի վերաբերյալ պիտի համագործակցենք: Պետք է ընդգծեմ, որ այդ մտադրությունը, մթնոլորտը և օրակարգն  արձանագրել ենք նաև վարչապետ Մոդիի հետ 2019 թվականին՝ Նյու Յորքում մեր ունեցած հանդիպման ժամանակ և այն ժամանակ պայմանավորվեցինք, որ արդեն կոնկրետացնենք մեր գործողությունները: Բայց գիտեք, ցավոք, կորոնավիրուսը հաջորդ պահին վրա հասավ: Մենք սովորել ենք կորոնավիրուսի պայմաններում աշխատել, և հույս ունեմ՝ առաջ կգնանք:

Պարոն նախարար, կրկին ողջունում եմ Ձեր այցը Հայաստան և հույս ունեմ, որ այն պատմական կլինի ոչ միայն վիճակագրական, այլև բովանդակային առումով»:

Իր հերթին Հնդկաստանի արտգործնախարարը նշել է.

«Շնորհակալ եմ, Ձերդ Գերազանցություն: Պարոն վարչապետ, նախևառաջ թույլ տվեք Ձեզ փոխանցել վարչապետ Նարենդրա Մոդիի ողջույնները: Նա հիշում է 2019 թվականին Ձեզ հետ ունեցած իր հանդիպումը և շատ է կարևորում իմ այս այցը:

Ձերդ Գերազանցություն, անկեղծ ասած, ես նույնպես շատ զարմացած էի՝ տեղեկանալով, որ Հնդկաստանի արտաքին գործերի ոչ մի  նախարար չի այցելել Հայաստան։ Ես բացահայտեցի այդ փաստը, երբ առաջին անգամ հանդիպեցի իմ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին Դուշանբեում: Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ եթե անգամ տեղի չի ունեցել այն, ինչ ժամանակին պետք է լիներ, այսօր առկա է  մեծ ուշադրություն մեր կարևոր հարաբերությունների վրա: Համաձայն եմ Ձեզ հետ՝ մեր միջև կա շատ լավ տրամադրվածություն, պատմություն, բայց պետք է անցնենք գործնական և շոշափելի քայլերի՝ մեր հարաբերություններն առաջ մղելու համար»:

ՀՀ վարչապետը ողջունել է Հնդկաստանի գործնական տրամադրվածությունը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ փոխշահավետ նոր նախաձեռնություններով հարստացնելու հայ-հնդկական գործակցությունը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստան-Հնդկաստան քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, և պետք է ավելի շատ կենտրոնանալ տնտեսական ծրագրերի վրա՝ հաշվի առնելով տնտեսական չիրացված մեծ ներուժի առկայությունը: Հնդկաստանի ԱԳ նախարարն առաջարկել է գործարար համաժողով կազմակերպել կամ բիզնես առաքելություն ուղարկել Հայաստան: Վարչապետ Փաշինյանը ողջունել է այդ գաղափարը՝ այն համարելով տեղում ՀՀ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և հայ-հնդկական գործարար կապերն ակտիվացնելու փոխշահավետ հնարավորություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Նիկոլ Փաշինյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը հայ-հնդկական գործընկերության հաջող օրինակ են համարել կրթական համագործակցությունը և համակարծիք եղել, որ այդ օրինակով պետք է զարգացնել կապերը ենթակառուցվածքների, զբոսաշրջության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ադամանդագործության և այլ ոլորտներում:

Հանդիպման ավարտին Հնդկաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ իր այցով սկիզբ կդրվի հայ-հնդկական նոր ինտենսիվ գործընկերությանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031