Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նրանք, որոնք նստած են իրենց եվրոպական գրասենյակներում, ունեն հեռախոս, ինտերնետ, կարող են զանգել «Գազպրոմին» եւ կնքել պայմանագիր, ու գազը կլինի». Բորիս Մարցինկեւիչ

Հոկտեմբեր 13,2021 17:56

Մինչեւ 2022 թվականի ապրիլը գազի գնի էժանացում չի սպասվում: Այսօր այսպիսի տեսակետ հայտնեց  էներգետիկայի հարցերով փորձագետ Բորիս Մարցինկեւիչը: Նա մասնակցում էր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Մինսկ-Երեւան-Նուրսուլթան տեսակամուրջին:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին աշխարհում գազի եւ նավթի գների կտրուկ աճ է տեղի ունեցել: Գազը մի քանի անգամ թանկացել է, մասնավորապես՝ եվրոպական երկրներում, ինչը փորձագետ Բորիս Մարցինկեւիչի մեկնաբանմամբ, պայմանավորված է պահանջարկի մեծացմամբ. «Օբյեկտիվ պատճառն այն է, որ ձմեռը Եվրոպայում եղավ ավելի ցուրտ, քան սովորաբար լինում էր, եւ, արդյունքում, ջեռուցման սեզոնին ստորգետնյա պահեստներից արտահանվել է 608 միլիարդ խորանարդ մետր գազ: Ամռան սեզոնին պետք էր դրանք համալրել: Ի՞նչ տեղի ունեցավ: Ասիայում գազի գները աճեցին: Այնտեղ ավելի խստաշունչ ձմեռ եղավ, եւ դրան համապատասխան էլ պահեստավորած ամբողջ գազը, որը արտադրվել էր ԱՄՆ-ու եւ նաեւ այլ երկրներում` գնաց հարավարեւելյան շուկա: 2020 թվականի համեմատությամբ 20 միլիարդ խորանարդ մետր գազ չի եկել եվրոպական պահեստարաններ, այսինքն՝ ներկայումս 20 միլիարդի դեֆիցիտ կա: Ցուրտ ձմռանից հետո եկավ ցուրտ ամառը: Սովորաբար գազի պահեստարանները սկսում են համալրել ապրիլի մեկից, բայց այս տարի դրանց համալրումը սկսվեց մայիսի կեսերից: Հունիսին պարզ դարձավ, որ եկել է շոգ ամառ: Նորից գազի պահանջարկը մեծացավ, որովհետեւ օդորակիչները պետք է աշխատեին»:

Փորձագետի խոսքով, այս ամենին գումարած՝ Գերմանիայում եւ մի քանի այլ երկրներում մոտ 20 տոկոսով նվազեց էլեկտրաէներգիայի արտադրությունը եւ այդ բոլոր պատճառները միասին հանգեցրին գազի պահանջարկի մեծացմանը: Ըստ նրա, կախված՝ ինչպիսի ձմեռ կլինի Եվրոպայում, Ասիայում եւ Ռուսաստանում, գազի գների անկում դեռեւս չի սպասվում:

Բորիս Մարցինկեւիչը գտնում է, որ պետք է զարգացնել ատոմային էներգետիկան, որն առանց ածխաջրերի է եւ կախված չէ եղանակից:

Փորձագետի խոսքով, միշտ չէ, որ այլընտրանքային էներգետիկան իրեն արդարացնում է, պետք է նայել եվրոպական երկրների փորձին, որտեղ այլընտրանքային էներգետիկան կախված է եղանակից, քամուց եւ այլն:

Կէժանանա՞ գազի գինը Եվրոպական երկրների համար հարցին, փորձագետն ի պատասխան ասաց, որ, եթե Եվրոպային գազ չի բավականացնում, պետք է հանդիպեն գազ արտադրողների հետ եւ պայմանագիր կնքեն. «Հունգարիային պետք էր գազ, նա կնքեց 15 տարվա պայմանագիր եւ խնդիր չունի: Նրանք, որոնք նստած են իրենց եվրոպական գրասենյակներում, ունեն հեռախոս, ինտերնետ եւ կարող են զանգահարել «Գազպրոմին» եւ կնքել պայմանագիր, ու գազը կլինի: «Գազպրոմն» այսօր կատարում է երկարաժամկետ պայմանագրերի մասով բոլոր իր պարտավորությունները: Եվ չի ուզում 4 հազար կիլոմետր կտրել, դուրս գալ եվրոպական շուկա եւ մտածել՝ կվաճառի՞ գազը, թե՞ չի վաճառի: Այդպես չի լինում: Որպեսզի մեծացնեն մատակարարվող գազի ծավալները պետք է գոնե միջնաժամկետ պայմանագիր կնքեն: Բոլոր նրանք, որոնք պնդում են, որ Ռուսաստանը կարող է մեծացնել դեպի Եվրոպա գազի մատակարարման ծավալները, նշեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը գազի արտահանմամբ չի զբաղվում, դրանով զբաղվում է «Գազպրոմ» ընկերությունը: Երկրորդ՝ Եվրոպան չի հանդիսանում գազի սպառող, սպառողը հանդիսանում են իրավաբանական անձինք, եւ, եթե նրանց հարկավոր է գազ, ապա, ինչպես բիզնեսում է՝ ստորագրի պայմանագիրը՝ կստանաս ապրանքը: Չես ստորագրի՝ չես ստանա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031