Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը վաղ թե ուշ արդիական է դառնալու. Արմեն Գասպարյան

Հոկտեմբեր 13,2021 17:38

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հիմա եկավ Մոսկվա՝ հարցում ռուսաստանաբնակ քաղաքագետ Արմեն Գասպարյանն արտառոց կամ ինտրիգային որեւէ բան չի տեսնում, քանի որ հանդիպումն այլ գործոններից բացի՝ նաեւ պլանային էր եւ պետք էր ԱՊՀ գագաթաժողովից առաջ «ճշգրտել ժամերը», քանի որ բազմաթիվ չլուծված հարցեր սպասում են լուծումների: Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիա կենտրոնում կայացած Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը՝ քաղաքագետն ասաց, թե անցած մեկ տարին ցույց տվեց, որ «5+2» ձեւաչափով Արցախի հարցի լուծումն անհեռանկարային է եւ, այս համատեքստում, ՌԴ-ի վրա նաեւ բարոյական պարտավորություն է ավելանում բոլոր այն իրադարձություններով, որոնք այսօր կատարվում են Հայաստանում: Ուստի, ըստ քաղաքագետի, այս բոլորը պետք է քննարկել եւ գտնել լուծման ճիշտ ուղիներ, մանավանդ, որ տարածաշրջանում անվտանգային հարցերն ավելի ցավոտ են դառնում՝ նկատի ունենալով Թուրքիայի պահվածքը, նաեւ «գազային» հարցերն են լուծման սպասում:


Քաղաքագետի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցային գործընթացում վաղ թե ուշ արդիական կդառնա՝ անկախ նրանից, դա ինչ-որ մեկի դուրր գալի՞ս է, թե՞ ոչ: Այդ հարցը ոչ ոք չի չեղարկել, ԼՂՀ կարգավիճակը առկախված է: Քաղաքագետը կասկածներ ունի, որ ԼՂՀ կարգավիճակի հարցը մոտ ապագայում կդրվի, այն պատճառով, որ հաղթանակի առիթով ադրբեջանական հասարակությունում էյֆորիան մարում է:

Խոսելով 3+3 ձեւաչափի մասին, որի առաջարկը հնչեց Թուրքիայից եւ որին կողմ է արտահայտվում նաեւ ՌԴ-ն, ԺԲՌՀ ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Եգորչենկովն ասաց, որ այդ ձեւաչափը համարում է հեռանկար ունեցող ու չի կարծում, թե այսպիսով կստվերվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Կհաջողի՞ այն, թե՞ ոչ, արդեն այլ հարց է, բայց նման բանակցային հարթակի գոյությունն արդեն իսկ փաստում է այդ հնարավորությունն օգտագործելու անհրաժեշտության մասին՝ փոխարեն միմյանց սահմանամերձ հատվածներում զորավարժությունների անցկացումը:

Արմեն Գասպարյանն էլ հիշեցնում է, որ 44-օրյայի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարները մատը-մատին չխփեցին՝ արյունահեղությունը կանգնեցնելու համար, ընդամենը բարձրագոչ հայտարարություններ էին շռայլում, միակ գործնական քայլը ՌԴ-ն արեց: Միակ խնդիրը եւ Հայաստանի համար ցավոտ կետն այստեղ նա համարում է Հայաստանի եւ Թուրքիայի չկարգավորված հարաբերությունները, դիվանագիտական շփումների բացակայությունը: Բայց կարծում է, որ արժե փորձել բանակցել նոր ձեւաչափով, քանի որ բանակցությունները կարեւոր են, կարեւոր է, որ դրանք լինեն արդյունավետ եւ առանց նոր արյունահեղությունների:

Արմեն Գասպարյանի գնահատմամբ, Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության պահպանմամբ եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր է ձեռնարկում, մինչդեռ աշխարհաքաղաքական որոշ խաղացողներ եւ կենտրոններ շահագրգռված են իրավիճակի սրմամբ։ Այս համատեքստում նա նկատում է, որ անգամ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ արեւմտյան որոշակի քաղաքական շրջանակներ ջանում էին այդ քողի տակ մի քիչ էլ «սեղմել» Իրանին. «Իհարկե, եթե մինչ օրս կառավարվող քաոսի տեսությունը մնում է Վաշինգտոնի արտաքին քաղաքականության լոկոմոտիվներից մեկը, հույս ունենալ, թե այնտեղ հերթական խառնաշփոթը չի լինի, վաղաժամ է։ Ռուսաստանն այդ տեսանկյունից պետք է փորձի հանդես գալ այժմյան ստատուս-քվոյի երաշխավորի դերում»,-հավելեց փորձագետը։

Դմիտրի Եգորչենկովն էլ հավելում է՝ Մոսկվան շահագրգռված է, որ իրավիճակը Կովկասում ու Կասպից ծովի շրջանում դուրս գա այժմյան բացասական թրենդներից, որոնք պարտադրվում են տարածաշրջանային որոշ խաղացողների, առաջին հերթին՝ Անկարայի կողմից։ Ըստ բանախոսի, Թուրքիան փորձում է օգտագործել ամերիկացիների ու եվրոպացիների հեռանալը տարածաշրջանից ու գրավել նրանց տեղը։ Ռուսաստանն էլ, տեսնելով այդ վտանգը, հույս ունի, որ թե Թեհրանի, թե Բաքվի հետ ունեցած լավ հարաբերությունները թույլ կտան նվազեցնել առկա սպառնալիքները։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031