Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միխայիլ Կիրխհոֆ. Փառատոնն ամեն օր նոր երաժիշտների, նոր երկացանկ է ներկայացնում, այն նման է երաժշտական օլիմպիադայի

Հոկտեմբեր 13,2021 16:24

 «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երեկ կամերային համերգ էր. դաշնակահար Ջին Յանը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժոր Միխայիլ Կիրխհոֆի ղեկավարությամբ ներկայացրին Լյուդվիգ վան Բեթհովենի և Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից։

Չինացի դաշնակահար Ջին Յանը հայ ունկնդրի համար ներկայացրեց Բեթհովենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Ջին Յանը հայտնի է որպես Բեթհովենի երաժշտության ինքնատիպ կատարող. Բեթհովենի դաշնամուրային ստեղծագործությունների նրա նրբագեղ և փիլիսոփայական մեկնաբանությունները դրական գնահատականի են արժանացել ամբողջ աշխարհում։

Նա նշում է, որ Բեթհովենի երաժշտությունն իր համար առանձնահատուկ է, այն հնչում է ամբողջ աշխարհում, յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր ոք շատ թե քիչ ունկնդրել է այս հիասքանչ կոմպոզիտորի ստեղծագործությունները։ «Ինձ համար Բեթհովենի երաժշտությունը սեր, հույս է պարգևում, և այդ զգացողությունը ես փորձում եմ փոխանցել ունկնդրին իմ կատարումների միջոցով»,- ասում է դաշնակահարը։ Նա բարձր գնահատեց «Արմենիա» փառատոնի կազմակերպիչների ջանքերը, որոնք այս ծանր օրերին կարողանում են կյանքի կոչել նման մեծ երաժշտական տոն։ «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը մեծ աշխատանք է կատարում ամբողջ աշխարհում, ես այստեղ՝ Երևանում, փառատոնի շրջանակում նաև վարպետության դաս անցկացրի պատանի երաժիշտների համար, որոնք այնքան տաղանդավոր են։ Եվ գնահատելի է, որ այս հիմնադրամն աջակցում է դասական երաժշտությանը տարբեր եղանակներով։ Այս փառատոնը բազմաթիվ երաժիշտների համախմբելու, նրանց վարպետությունը ներկայացնելու հարթակ է»,- նշեց Ջին Յանը։ Խոսելով Չինաստանում դասական արվեստի զարգացման միտումների մասին՝ Ջին Յանը շեշտեց, որ իր երկրում դասական երաժշտությունը շատ տարածված է և հանրության շրջանում ավելի ու ավելի պահանջված է դառնում։ Ամեն օր Չինաստանի տարբեր քաղաքներում բազմաթիվ համերգներ են տեղի ունենում մեծ ու փոքր համերգասրահներում։

Դիրիժոր Միխայիլ Կիրխհոֆը նույնպես բարձր գնահատեց «Արմենիա» փառատոնի կազմակերպիչների՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի աշխատանքը. «Արմենիա» փառատոնին բարգավաճում եմ մաղթում, թող ամեն տարի այն ընդլայնի իր շրջանակներն ու ավելի մեծ հաջողությունների հասնի»։ Ըստ մաեստրոյի՝ փառատոները մենակատարների, դիրիժորների, երաժշտության հրավառություն են, դրանք նման են երաժշտական մարաթոնի, երբ քաղաքը, երկիրը կամ որևէ տարածաշրջան ապրում է համերգային կյանքով։ «Արմենիա» փառատոնը գրեթե ամեն օր համերգային երեկոներ է պարգևում դասական երաժշտության սիրահարներին, ամեն օր նոր երաժիշտներ ու նոր երկացանկ, և այն կարծես երաժշտական օլիմպիադա լինի»,- ասում է դիրիժոր Կիրխհոֆը։

Դասական երաժշտության սիրահարները փառատոնի շրջանակներում համերգներ կարող են վայելել մինչև հոկտեմբերի 29-ը։ Հանդիպումներ են սպասվում աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտների հետ, որոնք իրենց արվեստով հանդիսատեսին կփոխանցեն ջերմ հույզեր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031