Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավադրապաշտության դինամիկան Հայաստանում. Սամվել Խաչատրյան

Հոկտեմբեր 13,2021 15:43

Դավադրության տեսություններն ունեն շատ ավելի մեծ դեստրուկտիվ նշանակություն, քան պարզապես զվարճալի պատմություններ, որոնք սոցցանցերում շահարկվում են որոշ չափով լիցքաթափման կամ ժամանցի համար։

 

Դավադրության այն տեսությունները, որոնք արդիական էին նախընտրական շրջանում (2018-ից մինչ պատերազմ և անդին) իրենց շարունակությունն են գտնում 2020-ից հետո ՝ սևեռվելով ընտրությունների, դրանց արդյունքների և իրականացվող քաղաքականությունների վրա։ Եթե նախորդ շրջանում՝ կապված ներքաղաքական լայնածավալ փոփոխությունների հետ, իրադրությունը նկարագրվում էր դավադրությունների տեսությունների առատությամբ և բազմազանությամբ՝ ներկա իշխանությունների «սորոսական» լինելուց և հողեր հանձնելու նպատակադրմամբ հեղաշրջում իրականացնելուց մինչ Քովիդ-19-ի «միջոցով»՝ բիլլգեյթսյան «չիպավորումն» ու «գենաֆոնդն աղավաղելը», ապա այս շրջանում որոշ տեսությունների հեղինակներ շեշտը դնում են դրանց «խորության» վրա։ Օրինակ՝ հողեր հանձնելու նպատակադրմամբ իշխանության եկած «փաշինյանական իշխանությունը «թրքասեր է»» այն իմաստով, որ լուռ, առանց հանրությանը տեղյակ պահելու, գաղտնի գործարքի գնալով հայտնի բևեռների հետ, հանձնում է արդեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից հատվածներ։

Մեկ այլ օրինակ․ «թրքահպատակ իշխանությունը» թուրքական բեռնատարներով և/կամ սարքավորումներով պատրաստվում է տոնել ՀՀ անկախության երեսնամյակը։ Հասարակության մեջ արմատացած տաբուներն ու նախապաշարմունքները սադրող ցանկացած հայտարարություն համադրելի է դավադրության տեսությունների հետ, քանի որ այդպիսի հայտարարության մեջ նշված «փաստերը» չափելի կամ ապացուցելի չեն։ Պաշտոնական հերքումները, բնականաբար, հերիք չեն: Մեդիա դարաշրջանում ապրող անհատը (և նախկինում էլ) պարտավոր է հավաքագրել, համակարգել և քննաբար մոտենալ տեղեկությանը: Մինչդեռ դավադրության տեսությունները չունեն այն փաստական հիմքը, որ կենթարկվեր ստուգման։

Այո, պատերազմը և համավարակը պահանջում են անաչառ գիտական ուսումնասիրություն: Իդեալական դեպքում այն կտրուկ կֆլիլտրեր սոցցանցերում և լրատվականներում շրջանառվող տեղեկությունները։ Մինչդեռ նման ուսումնասիրությունների բացակայության պայմաններում հավաքական իշխանությունն ու ընդդիմությունը շահարկում են դավադրության տեսությունները քաղաքականապես շահավետ դիրք գրավելու նպատակով։

Պոպուլիստական քաղաքական ոճը թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական շրջանում պարարտ հող է դավադրության տեսությունների անխափան շրջանառության համար։ Քաղաքական համակարգում առկա թերությունները, որոնք շտկելու խոստմամբ կատարվեց իշխանափոխություն, պատրվակ դարձան դավադրությունների տեսությունների հյուսման և ակտիվ տարածման։ Օրինակ՝ հաշվետվողականության և թափանցիկության, Հայաստանի ժողովրդավարացումը հասցեագրող խոստումների թերի կատարումն արձագանք է ստանում հետընտրական դավադրություններում, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական գործակալ է, շեշտում է ադրբեջանական տեղանունները՝ հուշելով դրանց ոչ հայկական լինելու մասին, պատրաստվում է գաղտնի և բանավոր համաձայնությամբ տարածքային նոր զիջումների, որոնց մասին լայն հանրությունը տեղյակ չէ, և այլն։

Ի պատասխան ընդդիմադիր շրջանակների նման ձևակերպումների՝ առաջարկվում է պոպուլիզմից բխող մեկ այլ խոսույթ․ «նախկինների» և «ներկաների» հակադրությունը։ 2018-ից ծավալվող այս դիսկուրսը շարունակում է մնալ արդիական՝ ստորադասելով ընդդիմադիր ցանկացած քննադատություն, որն ուղղված է իշխանական թերացումներին։ Սիմվոլիկ առումով այս անտագոնիզմն իր կուլմինացիային հասավ օգոստոսի 25-ի ԱԺ նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի և շշերով միմյանց հարվածելու դրվագում։

 

Անտրակտ

Մուրճ

Մանգաղ

(Պողպատ)

Աստղ

 

Այս սիմվոլիկ կոմբինացիան ճգնաժամային անորոշության պայմաններում ծնունդ է տալիս առաջին հայացքից զավեշտալի թվացող դավադրության մինի-տեսության՝ խորհրդային կայսրության վերականգնման հեռանկարով։ Պատերազմը ղեկավարած իշխանության վերընտրությունը դավադրության տեսություններով լի համակարգում նոր թափ հաղորդեց Հայաստանի սուվերենության դելեգիտիմացմանը՝ հակառակորդ և արտաքին ուժերի կողմից հասարակության բարոյալքման միջոցների շարունակական գործարկմամբ: Ներքին և արտաքին քաղաքականություններում համակարգային բացթողումների ուղիղ և փաստարկված հասցեագրումը փոխարինվում է զգացմունքային և մանիպուլյատիվ քննարկումներով: Սայլը տեղից չի շարժվում, կատարվում է հերթական պտույտը փակ շղթայում։ Ստորադասվում է Հայաստանի սուբյեկտայնությունը. նշվում է, որ պարտված երկրի իշխանությունների փոխարեն ուրիշներն են բանակցում և որոշում:

 

«Բազմակողմանի» պոպուլիզմի պատճառով առաջանում է երկրի դեմոկրատիզացիայի որակական նոր մակարդակի նկատմամբ անվստահություն՝ նաև թերի կրթությամբ և մեդիագրագիտության ցածր մակարդակով պայմանավորված: Դավադրապաշտությունը մի երևույթ է, որ այս կամ այն չափով առկա է աշխարհի ցանկացած երկրում: Սակայն Հայաստանի իրադրությունն այնպիսին է, որ դավադրության տեսությունները կասկածի տակ են առնում պետության գոյությունն իսկ։

Համաճարակի և վակցինավորման շուրջ ծավալվող դավադրության տեսությունները պահանջում են առանձին ուսումնասիրություն. չորրորդ ալիքի կիզակետում գտնվող երկրում վստահությամբ չեն մոտենում առաջարկվող պատվաստանյութերին՝ տուրք տալով դավադրության՝ սոցիալական ցանցերում և լրատվությամբ տարածվող տեսություններին։ Համաճարակը և նրա բաղադրիչ իրադարձությունները դեռևս անցյալ տարի մեկնաբանվում էին իբրև բիզնես նախագիծ, մարդկությանը կառավարելու մեկ այլ ակցիա, անգամ մինչ «հայու գենի» ոչնչացմանը (այսինքն՝ սխալ մեկնաբանված «արևմտյան» արժեքների ներմուծմանն ու պրոպագանդմանը) ուղղված միջոցառումներ։ Սակայն հետընտրական շրջանում այս նարրատիվները մեկնաբանվում են իբրև կառավարության՝ համավարակի դեմ պայքարելու սխալ մարտավարություն ընտրելու հետևանք՝ գծային կերպով հղում անելով Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս նախորդ տարվա մարտ ամսին արած հայտարարությանը. «կորոնավիրուսը պինցետով հատիկ-հատիկ կհանենք, տնական արաղով դեզինֆեկցիա կանենք»։ Սա հերթական պոպուլիստական և անժամանակ հայտարարություն էր, սակայն այն ժամանակ տարբեր երկրների պետական գործիչներ անում էին այդպիսի հայտարարություններ, օրինակ՝ Թրամփը: Ներելի է թե ոչ, այն արվել է այն օրերին, երբ համավարակի մասշտաբը, տևողությունը և նույնիսկ վտանգը դեռևս շատերի համար լիովին պարզ չէին:

Սակայն դավադրությունների տեսության ծաղկումը Հայաստանում համավարակի օրոք ինքնաբերաբար ծնում է մեկ այլ, թեկուզ արդեն զավեշտական, վարկած. արդյոք ճիշտ չե՞ն դավադրապաշտները. գուցե, իրոք, վարակի ազզդեցությո՞ւնն է, որ այսքան դավադրապաշտ է դարձրել հանրությանը, զրկելով նրան քննադատաբար մտածելու կարողությունից: Սա՝ որպես կատակ:

Ընտրություններից հետո դավադրության տեսությունները, մի կողմից, շարունակում են կապված լինել «նախկիններ-ներկաներ» խոսույթի հետ, մյուսից կողմից՝ պատերազմում պարտության և դրա պատճառների։ Կա նաև տեսություն, որ առհասարակ կասկածի տակ է դնում 2018 թվականին տեղի ունեցած հասարակության լայն շերտերի ընդվզման նպատակը՝ համակարգային փոփոխությունները, Նիկոլ Փաշինյանին համարելով տարբեր ակտորների, այդ թվում՝ Թուրքիայի (և Ադրբեջանի), կամ թեկուզ Ռուսաստանի (եթե ոչ՝ բոլորի կամ ցանկացածի) «պրոյեկտ»։

Ինչպես նշվեց, փաստերի բացակայությունը պարարտ հող է դավադրության տեսությունների տարածման համար։ Համենայն դեպս հիշեցնենք, որ փաստը և կարծիքը/տպավորությունը տարբեր բաներ են: Սակայն պարզ է, որ թափանցիկության և հաշվետվողականության ապահովման դեպքում դավադրության տեսությունների ազդեցությունն ավելի թույլ կլիներ։ Պարզ է նաև, որ ժողովրդավարացման նոր որակ ապահովելու համար միջոց ծառայող՝ իրական բազմակարծության ապահովման դեպքում դավադրության տեսությունները չէին դառնա զանգվածային սպառման՝ իրականությունը մեկնաբանող գլխավոր պարադիգմա։

Ինֆորմացիոն «վակուումը» «լցնելու» միջոցներից մեկը դավադրության տեսություններն են. դրանց մասսայականացմանը ծառայում են կեղծ լուրերը, կիսաճշմարիտ լուրերը և անհիմն կարծիքները[1]։ Սրանք իրենց հերթին տարբեր կերպ օգտագործվում են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ հասարակության կողմից։ Ինֆորմացիոն քաոսի մեջ տարաբնույթ անհիմն մտքերը հնչում են ավելի ուժեղ, քան քննադատության հրավերը։

Համոզիչ կերպով չմեկնաբանված պատերազմը զարկ է տվել «թրքասեր/թրքահպատակ» իշխանությունների գաղափարի շահարկմանը: Այս գաղափարն ըմբոստանում է արցախյան առաջին պատերազմից ի վեր ծավալվող քաղաքական մտքի պոստուլատներից մեկի դեմ, ըստ որի՝ չկան մշտական բարեկամներ կամ թշնամիներ, կան մշտական շահեր։ Պատերազմում պարտությունը՝ դրանից բխող էմոցիոնալ շոկով, հակադրվում է թշնամաբար տրամադրված երկու հզոր պետությունների հետ երկխոսության մեջ մտնելու նպատակին։ Երկխոսության գաղափարը պաշտոնապես հնչեց պատերազմից անմիջապես հետո և ամրագրվեց խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Սակայն այդ գաղափարի նշելն իսկ հարուցում է հասարակության բավական լայն շերտերի անհամաձայնությունը, ինչը դինամիկ կապի մեջ է ընդդիմության պատասխան հայտարարությունների և մեդիա մանիպուլյացիաների հետ։ Տպավորություն է ստեղծվում, որ հետընտրական դավադրության տեսությունները ծածկում են հասարակական-քաղաքական կյանքի ողջ սպեկտրը՝ ձևավորելով փակ շղթա, որում մի արձագանքը բորբոքում է մեկ այլ արձագանք, դավադրության մի տեսությունից ծնվում է մեկ այլ տեսություն։

Ակնհայտ է, որ դավադրության հետընտրական տեսությունները հենվում են տեղեկության չտիրապետելու և քննական մտածողության ցածր մակարդակի վրա։ Պատերազմից հետո միևնույն իշխանության վերընտրությունը զարկ տվեց ընդդիմադիր շրջանակների կողմից մեդիա մանիպուլյացիաների և դավադրության այս կամ այն տեսությանը հարող տեղեկությունների ակտիվ շրջանառմանը, իսկ հակառակ կողմը հանրային տիրույթում հիմնականում զբաղվեց այդ դրույթներին հակազդեցությամբ և շարունակեց առաջ տանել անցյալի անդառնալիության մասին թեզը՝ հիմնվելով ընտրությունների արդյունքների վրա՝ իրական և կարևոր հարցերին մտածված և ռազմավարական մոտեցում ցուցաբերելու փոխարեն:

Սխալ պաշտպանական միջոցները, ինչպես, օրինակ, թափանցիկության մակարդակի իջեցումը (լրագրողներին ԱԺ նիստեր լուսաբանել չթույլատրելուց մինչ նոյեմբերին բանավոր կամ գրավոր ձեռք բերած պայմանավորվածությունների գաղտնի պահումը կամ դրանց բացակայությունը հավաստի կերպով չհաղորդելը), է՛լ ավելի են խորացնելու հասարակական-քաղաքական բևեռվածությունը։ Անորոշության և որակյալ տեղեկատվության բացակայության պայմաններում դավադրության տեսությունները՝ «սորոսական» նախագծից» մինչև «թուրք-ադրբեջանական գործակալությունը» և վակցինաների վնասակարությունը, մեծ արձագանք են գտնում լայն զանգվածների շրջանում։ Դավադրության տեսությունները հետընտրական գործընթացներում սահմանված են որպես «նոր նորմ»՝ իշխանությունը պահելու, իսկ հակառակ կողմից՝ իշխանությունը խարխլելու համար՝ երևի, երբևէ իշխանության կրկին հասնելու բավական հեռավոր և ոչ ռեալիստական հույսով։ Պիտակավորումները, որոնք առնչվում են պատմական, էթնիկ կամ ինքնության հիշողություններին, է՛լ ավելի հավանական են դարձնում դավադրության տեսություններին ենթարկելիությունը։ Օրինակ՝ թշնամի համարվող պետությունների հետ համագործակցության գաղափարը ոչ միայն լրացնում է գործակալության մասին տեսությունը, այլև մեկնաբանվում է իբրև «պարտվողական քաղաքականություն», ինչի դիսկուրսն արդիական էր 90-ականներից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներից, և համապատասխան հիշողություն է արթնացնում

Հայաստանի Հանրապետության անկախության երեսնամյակին նախատեսված միջոցառումները «գունագեղ» որակելը լրացրեց անհայտ ուժերի շահերին սպասարկող վարչապետի մասին դավադրության տեսությունը, ինչն էլ իր արձագանքը գտավ պատերազմում զոհված կամ անհայտ կորած/գերեվարված զինծառայողների ծնողների բողոքի ցույցերում։ Դավադրության տեսությունները այս շրջանում, կարող ենք ասել, ունեն շատ ավելի մեծ դեստրուկտիվ նշանակություն, քան պարզապես զվարճալի պատմություններ, որոնք սոցցանցերում շահարկվում են որոշ չափով լիցքաթափման կամ ժամանցի համար։ Կրկին հանգում ենք գիտելիքահեն կառավարման հրամայականին․ կարելի է ասել, որ եթե 2018-ին պաթոսը հաղթեց էթոսին և լոգոսին, ապա արտահերթ ընտրություններից հետո ոչինչ չփոխվեց։

 

[1] Անհիմն կարծիքի «թագադրումը» սոցիալական ցանցերի խոսույթում հիմնվում է բազմակարծության և ժողովրդավարության արժեքների թյուր մեկնաբանման վրա:

Սամվել ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարը՝ Սամվել Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031