Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարցը պետք է լուծվի քաղաքականապես, այլապես Արցախը հայաթափվելու է, ուզեք թե չուզեք, Արցախին կարգավիճա՛կ է պետք». Լեւոն Հայրյան

Հոկտեմբեր 13,2021 15:08

«Մենք մեր կարգավիճակն էլ չգիտենք՝ տեղահանվա՞ծ ենք, ներքին տեղահանվա՞ծ, փախստակա՞ն, թե՞ ինչ»,- այսօր «Տեղահանված ու բռնագրաված Հադրութ. մեկ տարի անց» թեմայով հանրային քննարկման ժամանակ դժգոհեց հադրութցիներից մեկը:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր Արա Պլուզյանը նշեց. «Այն, ինչ տեղի ունեցավ, այսքան ժամանակ ռազմավարություն չունենալուց էր: Եթե գաղափարը հայրենիք չի ու հայրենիք չի այն տեղը, որը տվել ես, այլեւս ո՛չ մտածում ես այդ մասին, ո՛չ իրավական, ո՛չ այլ հարց ես մեջտեղ դնում: Ժամանակ առ ժամանակ սոցիալական հարցեր լուծել, հարց մաշեցնել ու վերջացնել: 3 տարի հետո բնակարա՞ն են տալու, դրանից ավել բա՞ն: Այստեղ գաղափարական հարց է՝ արդյոք ձեր տվածը համարո՞ւմ եք հայրենիք, Արցախն ի՞նչ կարգավիճակ է ունենալու:Դրանից հետո է գալու հարցը, թե ինչ կարգավիճակ տանք տեղահանվածներին, բռնագաղթվածներին: Մեր գործող իշխանությունները ազգային գաղափարախոսություն չունեն, հայրենիքի հասկացողություն չունեն»:

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանն ասաց. «Մենք իրո՞ք հավատում ենք, որ կա Հադրութի հարց, Քաշաթաղի, Շուշիի հարց: Կա հայության հարց, որը կանգնում է բնաջնջման առաջ, կամ պիտի զարգանա: Բոլոր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց պետք է կոչ անենք՝ կա՛մ պետական մտածողություն ունենան, կա՛մ իրենց տեղը զբաղեցնեն այլ մարդիկ»:

Նա առաջարկեց, որ փախստականի կարգավիճակ տան տեղահանվածներին, որ միջազգային ասպարեզում հարցերը առաջ տանեն, ինչպես արել է ժամանակին Ալիեւը. «Ի՞նչ բռնի տեղահանված, ի՞նչ տեղահանված, Ստեփանակերտում ավելի հետաքրքիր հարց է առաջ բերվում, ասում են՝ տեղափոխված: Ասում են՝ մեր երկրի մեջ մենք փախստակա՞ն ենք: Վիրավորակա՞ն է, թող վիրավորական լինի,Ալիեւը այդպես արեց, որ միջազգային հանրության ուշադրությունը գրավեց: Արցախի տեղահանվածների փախստականի հարցը պետք է լուծենք»:

Նա հորդորեց. «ԼՂԻՄ-ի անունը տալիս է, իմ անձնական թշնամին է, կա Արցախի հանրապետություն, մենք անկախացել ենք: Մենք չենք կարող հրացանը վերցնենք ճնճղուկի նշան բռնենք, բայց եղնիկ խփենք: Ճնճղուկի նշան բռնողի հավանականությունը, որ եղնիկ կխփի, զրո է»: Նա վստահեցրեց, որ միայն բնակարան տալով՝ արցախցուն չեն պահի, հայաթափում կլինի: Քաղաքական լուծում է պետք ու Արցախին կարգավիճակ է պետք՝ կա՛մ Հայաստանի կազմում, կա՛մ այլ. «Հարցը պետք է լուծվի քաղաքականապես, այլապես Արցախը հայաթափվելու է, ուզեք թե չուզեք, Արցախին կարգավիճա՛կ է պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031