Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքն էլ այն վիճակում չէ, որ իշխանություններին վստահի». Գորիսեցի հայագետ

Հոկտեմբեր 13,2021 14:52

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հայագետ Մհեր Քումունցը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իշխանությունները սկսել են հախուռն կերպով միջամտել Գորիսի ավագանու ընտրությունների ընթացքին: «Կարծում եմ դա սխալ է, եւ գորիսեցիներն` իմանալով ով ով է, պետք է միասնական լինեն: Ես երբեւէ նման միջամտություն չեմ տեսել ընտրություններին, որեւէ բան ընտրական գործընթացից չի տարբերվում նախկիններից…Իշխանական պատգամավորները, կուսակցական ներկայացուցիչներն ամբողջովին «ընկղմվել» են ընտրական գործընթացի մեջ, այն դեպքում, երբ սա ՏԻՄ ընտրություն է:

Որքանով տեղյակ եմ, այն հիմնարկները, որոնք իրենց են ենթարկվում, ուղղակի ցուցումներ են ստացել ընտրել իշխանությունների ներկայացուցչին, ինչն ազնիվ չէ, որովհետեւ պետք է թողնեն համայնքի բնակչության կողմնորոշմանը: Բացի դրանից, Սյունիքն էլ այն վիճակում չէ, որ իշխանություններին վստահի` հատկապես վերջին զարգացումների ֆոնին: Մի խոսքով, պետք է նախընտրել այնպիսի թեկնածուի, որը կամք եւ ցանկություն ունի Սյունիքը պաշտպանելու:

Թեկնածուները ամպագոռգոռ խոսում են, թե զբաղվելու են երկրի պաշտպանության եւ անվտանգության խնդիրներով, խաղաղության հաստատումով, բայց բոլորս էլ գիտենք, որ ՏԻՄ-ն այդ հնարավորությունները չունի, իրենք ընդամենը կարող են խոսել քաղաքի բարեշինության ու համայնքի խաղաղ կյանքի մասին, որը այսպես թե այնպես ապահոված է եղել Առուշ Առուշանյանի կողմից: Ես չեմ ասում, որ նա անսխալ է, անթերի է, ես ասում եմ, որ պետք է միասնական լինենք եւ լծվենք գործի` այս վիճակում Սյունիքը մի քիչ ապահով պահելու առումով: Ցավոք, ամեն օր լսում եմ, որ մարդիկ են հեռանում Սյունիքից, իրենց բիզնեսներն են վաճառում, ինչը շատ վտանգավոր միտում է, որովհետեւ եթե Սյունիքը դատարկվի, վաղը թուրքերի նկրտումները շատ ավելի մեծ կլինեն»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Լուսանկարը` Մհեր Քումունցի ֆեյսբուքյան էջից

Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում դրսի ուժերի` Սյունիքի համար կռիվ տալուն եւ սրա կողքին ՀՀ իշխանությունների` խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հայտարարություններին, Մհեր Քումունցը նշեց. «Իշխանությունները բոլոր ասպարեզներում պարտվել են, միայն մի եթերային ասպարեզ է մնացել, մարդկանց դրանով են ուզում գրավել, թե իբր խաղաղ դարաշրջան բացողներ են: Նման բան գոյություն չունի, թուրքերին լավ ճանաչող մարդիկ եւ երկրները գիտեն, որ Թուրքիայի հետ խաղաղությունն անհնար է, այդ խաղաղությունը կլինի խոնարհված եւ ստրկացած վիճակում»:

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավարն ընդգծեց. «Ամենեւին կողմ չեմ իշխանության ներկայացուցիչների այն մոտեցումներին, թե այս պահին Որոտանում կանգնած թուրքը կանգնել է ադրբեջանական հողում: Նման գաղափարներին ուժերի ներկայացուցիչներն իմ համոզմամբ ազգային պետականության համար վտանգ են ներկայացնում, որովհետեւ այդ տրամաբանությամբ, Ալիեւն ինչ ասում է` մեր է, մեր իշխանությունները հանուն խաղաղության պիտի համաձայնե՞ն…

Նաեւ համաձայն չեմ, որ այդ գաղափարներին ընդդիմացողներին պետք է մեկուսացնեն, կալանավորեն, ձերբակալեն, ընդհակառակը այդ մարդիկ պետք են հակակշիռ ստեղծելու ու պետականության պահպանման համար: Եթե պայքարող տեսակը կորցնենք, դրանով ի՞նչ անվտանգություն ենք ստեղծելու մեզ համար: Սա է խնդիրը, որ գորիսեցիները դժվար պահերին պետք է միասնական լինեն եւ կանգնեն այն թեկնածուի կողքին, ում ճանաչում են: Եկեք չբարձրաձայնենք, թե արդար ենք, անկաշառ ենք, մեղք չենք գործել: Բոլոր թեկնածուներին էլ ճանաչում ենք, որեւէ մեկը չի կարող ասել` անկաշառ եմ, արդար եմ, բոլորն էլ իրենց մեղքի բաժինն ունեն, ինչը գորիսեցին շատ լավ գիտի»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի` պատմական Սյունիքի հին և նոր բնակավայրերը քարտեզագրելու նախաձեռնությանը:

«Այդ գործընթացը նախկինում էլ կար, բայց այսպես միասնական եւ հախուռն չի արվել: Ցավոք, սկսել ենք իշխանությունների կողմից հնչեցված ոչ գիտական բառերի հետեւից ընկնելով` ստուգաբանել, կարծես ուրիշ գործ չունենք, ստիպված մեր կառավարության սխալ ընթերցումներն ենք վերծանում: Մի անգամ սկսեցին Շուռնուխի մասին խոսել, որ իբր հայկական չէ, սկսեցինք Շուռնուխը ստուգաբանել, հաջորդ անգամ խոսեցին Էյվազլարի մասին, ասացինք` այ մարդ, դրանք Այվազի այգիներն են, որ հետագայում թուրքերը եկել վրաններ են խփել ու դարձրել էյվազլար եւ այսպես շարունակ…

Փաստորեն, մենք սկսել ենք ոչ թե հակադարձել թուրքերին, այլ մեր իշխանության ոչ հայամետ հայտարարություններին, ինչը ցավալի բան է: Եվ որպեսզի այդ հարցերը պետական մակարդակով այլեւս չշոշափվեն ու մեր ժողովրդին ուղղակիորեն չշեղեն հանուն չակերտավոր խաղաղության, մենք նախաձեռնեցինք ստուգաբանել ու քարտեզագրել հայկական բնակավայրերը` պատմական ժամանակաշրջանից, հղում անելով մատենագրական տեղեկություններին եւ ոչ միայն հայկական, այլեւ թյուրքական ու պարսկական աղբյուրներին:

Նպատակն է ցույց տալ, որ չպետք է կասկածի տակ դնել Քաշաթաղի, Կովսականի, Արցախի, Հաբանդի վարչական շրջանների հայկական բնակավայրերի լինելիության հարցը: Թե չէ որպես իրավական փաստաթուղթ բերում են խորհրդային շրջանը եւ դրանով փորձում են հայկականությունից զրկել այն, ինչ պատմականորեն պատկանել է այս ժողովրդին: Հավելեմ, որ աշխատանքի ընթացքում զուտ ազգային նկրտումներով չենք տարվել` հայկական բնակավայրերը նշելով, մենք նշում ենք այն, ինչն ապացուցված է եւ գիտական է»,-ասաց հայագետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031