Լրահոս
Օրվա լրահոսը

«Գումար տվեք ամեն ամիս մի արցախցի ընտանիքի, որն ապրում է Արցախում». Հադրութցին՝ «Հայաստան» խմբակցությանը

Հոկտեմբեր 13,2021 14:38

Թվերը պետք է հստակ հնչեցվեն՝ ինչքան են բռնի տեղահանվել հադրութցիներից: Կա՞ հաշվառում կրած վնասների՝ մասնավորի եւ հանրայինի: Կա՞ն թվեր, թե արտագաղթը ինչպես է ֆիքսվում, գիտե՞ք ուր են գնում: Թուրքիայի ցեղասպանության ծրագրի մեջ նշվում է, որ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ այնտեղ հնարավոր չի լինում ապրել, դա ցեղասպանական հոդված է»,-այսօր «Տեղահանված ու բռնագրաված Հադրութ. մեկ տարի անց» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյան

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը պատասխանեց, որ Արցախի հանրապետության պետնախարարի մոտ այդ տվյալները կան, հնարավոր է ձեռք բերել:

 

Երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են արվել, ինչ միջոցառումներ ձեռնարկել՝ Լարիսա Ալավերդյանը հարցրեց՝ մենք տեսնում ենք, որ բողոքողներ կան, ի՞նչը չի արվել, դա էլ ներկայացրեք: Փոխնախարարը պատասխանեց, որ երբ տեսնեն, որ բողոքն ունի մասշտաբայնություն, կաշխատեն այնպիսի որոշումներ ընդունեն, որ ճնշող մեծամասնությունն այս որոշման հետ հաշտ լինի. «Տեղահանվածները պահանջում են, որ Հայաստանում իրենց բնակարանային հարցը լուծվի, որովհետեւ ապագայի պատկերացումներն այլ են, վախենում են, Արցախում ապրելու ցանկություն այլեւս չունեն: Արցախի հայաթափման խնդիրների դեմ պայքարի շրջանակներում մենք աշխատում ենք Արցախի կառավարության հետ: Արցախից տեղահանվածների բնակեցումը պետք է իրականացվի բացառապես Արցախի տարածքում: Մի քանի հազար բնակարանների եւ մինչեւ 3000 բնակելի տների կառուցման ծրագիր կա այնտեղ: Կան մարդիկ, ովքեր խոսում են արտագաղթելու մասին՝ կա՛մ Հայաստան, կա՛մ արտագաղթ, ինչը ոչ մեկիս համար ընդունելի չի: Բնակեցումը Արցախի տարածքում պետք է հնարավորինս արագ լուծվի»:

Լարիսա Ալավերդյանն արձագանքեց. «Մի՛ ասեք տեղահանված, դա բռնի տեղահանում է, դրա հետեւում կա հանցագործություն»: Ըստ տիկին Ալավերդյանի, եթե նույնիսկ բնակարանային խնդիրը լուծվի, բայց մարդիկ աշխատանք չունենան, էլի կարտագաղթեն:

Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանն էլ արձագանքեց, որ կողմնակից է, որ Արցախից բռնի տեղահանվածները վերադառնան Արցախ, դա միանշանակ է ու այդ ուղղությամբ պետք է գիշեր-ցերեկ աշխատել: Հադրութի մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Իռա Թամրազյանն ասաց, որ Արցախում ապրող ամեն մեկն արդեն հիմա հերոս է, ուստի դիմեց «Հայաստան» խմբակցությանը, թե գումար տվեք ամեն ամիս մի արցախցի ընտանիքին, որը ապրում է Արցախում: Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ «Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում է աշխատում: Նա ասաց, որ ընդհանուր ռազմավարություն միասին կմշակեն ու կփորձեն փրկել Արցախը հայաթափումից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031