Լրահոս
Օրվա լրահոսը

«Անբարյացակամ հարևաններ». «Թեհրան-Բաքու էսկալացիայի ռեժիսորը». Իրանի մամուլի տեսություն

Հոկտեմբեր 13,2021 13:54

Իրանի մամուլի տեսություն

Թեմաներ. Վիեննայի բանակցություններ, հյուսիս-արևմտյան սահմանների էսկալացիա, կորոնա, Աֆղանստան, Իրաքի ընտրություններ, զինավարժություններ, Իրան- Սաուդական Արաբիա հարաբերություններ, ինտերնետի սահմանափակում, աշխատավարձի բարձրացում, տնտեսական վիճակ, բարձրաստիճան հյուրեր, ղեկավարների արտասահմանում գտնվող զավակներ:

***«Արաքս գետի իրանական եռանդի կանչը»։

«Էբթեքար» օրաթերթը իր 13 հոկտեմբերի համարի ակնարկն այսպես է վերնագրել. հեղինակը հայտնում է, որ Իրանի ժողովուրդը և հատկապես Ատրպատական նահանգի բնակիչները շատ դրական են գնահատել Իրանի զինված ուժերի հյուսիս-արևմտյան շրջանի աննախընթաց զորավարժությունները։ Սյունյակագիրն ակնարկում է նաև Գյուլստանի և Թուրքմենչայի պայմանագրերին և շեշտում է, որ Իրանի անդրարաքսյան տարածքների կորստի ցավը, հիմա էլ տանջում է հանրային կարծիքին։

***«Տնտեսությունն ազատեք միջուկային թղթածրարի «գերությունից»։ Այս վերնագիրն է կրում «Արմանե Մելլի» օրաթերթի 13 հոկտեմբերի համարի հարցազրույցը բարեփոխական մտավորական Դարյուշ Ղանբարիի հետ։ Նրա կարծիքով՝ երկրի տնտեսական վիճակը գահավիժող ընթացքում է, նավթի արտահանման ցուցանիշներն ավելի պակասել են և անհրաժեշտ է, որպեսզի նոր կառավարությունն արագացնի արևմուտքի հետ բանակցությունները։ Նա նախագահ Ռայիսիի գլխավորած 13-րդ կառավարության աշխատանքում դրական նշաններ է նշմարել, որի փաստերից մեկը ավելի քան տասնմեկ տարի տնային կալանքի տակ գտնվող Մեհդի Քառուբիի և գրաքննության ենթակա երբեմնի նախագահ Խաթամիի հարցազրույցներն են․ Քառուբին եղել է իսլամական խորհրդարանի նախագահ և հանրապետության նախագահության թեկնածու։

***«Ջավան» և «Էբթեքար» օրաթերթերը այսօր չորեքշաբթի, հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Աբդօլլահյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային Ժողովի նախագահին և հայտնել է, որ Իրանի նոր կառավարությունը միջուկային էներգիայի օգտագործման հարցով արդեն ամփոփել է իր մոտեցումները և շուտով կվերադառնա Վիեննայի բանակցություններին, որոնք ընթանում են Ռուսաստանի, Չինաստանի և Եվրոմիության մասնակցությամբ, իսկ ԱՄՆ-ն ունի դիտորդի դեր, քանի որ դուրս է եկել այդ բանակցություններից: Իրանի միջուկային ծրագրերի համակարգող միջազգային խմբին մաս կազմող Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը ևս ողջունել է Իրանի որոշումը բանակցությունների սեղան վերադառնալու համար և շեշտել է, որ նախորդ վեց փուլում կողմերը մոտ իննսուն տոկոսով համաձայնության են եկել և հիմա չպետք է զրո կետից սկսել: Վիեննայի վերջին բանակցությունները կանգ առան անցած հունիս ամսին Իրանում նոր նախագահ ընտրվելու պատճառով:

***Վիեննայի բանակցությունների վերսկսումը հետաքրքրում է բոլոր զլմ-ներին, պահանջը մեկն է՝ վերսկսել բանակցությունները, արժանապատվորեն պահպանել Իրանի ժողովրդի իրավունքները, վերջ տալ պատժամիջոցներին և վերակենդանացնել տնտեսությունը: Այս առթիվ «Էթեմադ» օրաթերթը այսօր հրապարակել է հոդված հետևյալ վերնագրով՝ «Թեհրանի «այո»-ին են սպասում». Թերթն ակնարկում է, որ Թեհրան է այցելել նաև Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելի տեղակալ Էնրիկե Մորան, որը փորձելու է Իրանին համոզել ինչքան շուտ Վիեննայի բանակցություններին վերադառնալ: Իսրայելն էլ իր արտաքին գործերի նախարարին է ուղարկել ԱՄՆ, իսկ վարչապետ Բենետն էլ հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա. օրակարգը մեկն ՝ զսպել Իրանի ատոմային ախորժակը:

Մամուլը ամփոփել է նաև արտգործնախարարի Ռուսաստան, Լիբանան և Սիրիա կատարած ճամփորդության արդյունքները, դրանք համարել են օգտակար:

***«Շարղ» օրաթերթն իր 12 հոկտեմբերի համարում հրապարակել է իր սյունակագրի հոդվածը, որի վերնագիրն է՝ «Անբարյացակամ հարևաններ», որով ակնարկում է Ադրբեջանին և Պարսից Ծոցի երկրներին: Հեղինակի կարծիքով՝ Իսրայելը կարգավորելով իր հարաբերությունները Պարսից Ծոցի արաբական երկրների հետ և ամրապնդելով իր ռազմական֊-անվտանգային կապերը Ադրբեջանի հետ, փաստորեն Իրանը շրջապատում է թշնամական ուժով: Պետությունը պետք է արագացնի միջուկային ծրագրերի կապակցությամբ իր միջազգային բանակցությունները և կարգավորի իր հարաբերությունները Սաուդական Արաբիայի հետ։

*** «Դոնյայե Էղթեսադ»-ն իր 12 հոկտեմբերի համարում ընդարձակ հարցազրույց է հրապարակել Թեհրանի համալսարանի միջազգայնագետ՝ Արաշ Ռայիսի Նեժադի հետ. հարցազրույցը բաղկացած է 13 էջից, վերնագիրն է՝ «Թեհրան-Բաքու էսկալացիայի ռեժիսորը»: Հասկանալի է, որ ակնարկը վերաբերում է Թուրքիային. հեղինակի կարծիքով դա ունի իր պատմական պատճառները: Ադրբեջանի Հանրապետությունը արհեստածին է, չունի ազգային նկարագիր, իսկ դիմացը Հայաստանն է իր ուրույն նկարագրով, բայց թույլ հնարավորություններով: Հեղինակի կարծիքով՝ միայն Իրանի հզոր զորավարժության և ուժի ցուցադրության շնորհիվ էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվեցին Սյունիքը գրավելու մտադրությունից: Արաշ Ռայիսի Նեժադն հայտնում է, որ իրենք պետության զգուշացրել էին, որ Իրանին սպառնացող նոր էսկալացիան գալու է հյուսիս-արևմտյան սահմաններից, բայց իշխանությունները խորացել էին միայն հարավային և արևմտյան ուղղությամբ: Նա առաջարկում է սերտացնել տնտեսական կապերը Հայաստանի հետ, արագացնել էներգակիրների և ճանապարհների նախագծերի իրագործումը:

*** Հետաքրքիր դիտարկում. 13 հոկտեմբերի մամուլի հրապարակումներից իրանցի ընթերցողներին ամենաշատը հետաքրքրել է այն ղեկավարների զավակների հարցը, որոնք արտասահմանում են գտնվում, դոլարի գնի տատանումը, ինտերնետի սահմանափակման հարցը և աշխատավարձերի բարձրացումը:

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031