Լրահոս
Օրվա լրահոսը

Քարը քարի վրա դնելով՝ միևնույն է՝ միասին կհաղթենք. Առուշ Առուշանյան

Հոկտեմբեր 13,2021 13:43

Գորիս համայնքի նախկին ղեկավար Առուշ Առուշանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն ընթանում է անսովոր պայմաններում: Առաջադրված թեկնածուներից Գորիսի նախկին համայնքապետ, «Առուշ Առուշանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը քարոզարշավի ընթացքում և դրան նախորդող ժամանակահատվածում գտնվում է անազատության մեջ:

Կալանավորված համայնքապետը պատասխանել է ՏԻՄ ընտրությունների, իր անձի շուրջ տարածվող ստահոդ լուրերի, քարոզարշավի ընթացքի, ինչպես նաև իր ինքնազգացողության մասին Sputnik Արմենիայի հարցերին:

Պարոն Առուշանյան, Ձեր հիմնական մրցակիցը իշխանության առաջադրած թեկնածուն է՝ Վլադիմիր Աբունցը: Այս օրերին նրա հետ Գորիսում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները, որոնք փորձում են իրենց թեկնածուին ներկայացնել գորիսեցիներին։ Մամուլում նկատել են, որ անգամ՝ Ձեր անունն ու Ձեր կատարած աշխատանքները ստվերելու գնով: Ի՞նչ կասեք։

-Գորիս համայնքի ազգաբնակչությունը շատ լավ ճանաչում է, թե՛ ինձ, թե՛ Ձեր կողմից նշած անձանց: Անկախ սև PR-ից՝ հասարակությունը գիտի իրականությունը, գիտի՝ իրականում ով ով է:

Համայնքում վերջին տարիներին բոլոր աշխատանքները կատարվել են բացառապես իմ նախաձեռնությամբ՝ Գորիսի հասարակության հետ քննարկումների արդյունքում: Ձեր կողմից նշած անձանցից որևէ մեկն այդ քննարկումներին ներկա չի եղել, հետևաբար՝ որևէ մեկը չի կարող սեփականաշնորհել կամ ստվերել դրանք:

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը շարունակում է հայտարարել, որ Դուք և Սյունիքի մյուս համայնքապետները պատերազմի օրերին առաջնագծում չեք եղել: Ունե՞ք հակափաստարկ:

– Արմեն Խաչատրյանը ստում է: Պատերազմը սկսվելուց հետո՝ 3 օրվա ընթացքում զբաղվել եմ կազմակերպչական բնույթի աշխատանքներով՝ իմ բացակայության ընթացքում համայնքային աշխատանքների պատշաճ կատարման նպատակով պատասխանատու անձանց հանձնարարություններ տվել, հստակեցրել նրանց անելիքներն ու պարտականությունները, որից հետո՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին բազմաթիվ կամավոր գորիսեցիների հետ մեկնել եմ Ջրական (Ջաբրայիլ ), ընդգրկվել 1-ին բանակային կորպուսի շարքերը և ստանձնել հայրենիքի պաշտպանությունը:

Պատերազմի ողջ ընթացքում ընդամենը 2 կամ 3 օր եմ եղել Գորիսում, ինչը պայմանավորված է եղել որոշակի խնդիրների լուծմամբ, որից հետո կրկին վերադարձել եմ առաջնագիծ: Եթե Ձեր նշած անձը գոնե մեկ անգամ այցելած լիներ առաջնագիծ և մեկ շիշ ջուր բերած լիներ իր հայրենակիցներին՝ ապա հաստատ ինձ այնտեղ հանդիպած կլիներ:

Ի՞նչ եք կարծում Ձեր անազատության մեջ լինելը կարո՞ղ է ազդեցություն ունենալ Ձեր ընտրազանգվածի վրա, ինչպե՞ս այն կանդրադառնա ընտրությունների ելքի վրա:

-Այդ հարցին դժվարանում եմ պատասխանել:

Ի՞նչ չեք հասցրել անել անցած 4 տարիների ընթացքում համայնքապետի պաշտոնում: Ի՞նչ խնդիրներ կան, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում:

-Աշխատել ենք օր ու գիշեր՝ առանց հանգստյան օրերի՝ փորձելով մեկ քար ավել դնել խոստացածից, ինչը մեզ հաջողվել է: Սակայն անելիքները շատ են, և նույն տեմպով պետք է շարունակենք: Գորիս համայնքի բոլոր խնդիրներն էլ ինձ համար առաջնահերթ են:

-Ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ հոկտեմբերի 17-ին կրկնել նախորդ ընտրություններում Ձեր գրանցած արդյունքը՝ ստանալ ընտրողների մեծամասնության քվեն:

-Չեմ ուզում գուշակություններ անել: Մեր հասարակությունը թող որոշի:

-Ձեր ուղերձը գորիսեցիներին:

-Քարը քարի վրա դնելով՝ միևնույն է՝ միասին կհաղթենք:

Հարցազրույցը՝ Sputnik Արմենիայի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031