ՀՀ ԱԳՆ-ում կայացած Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարեց հայ-հնդկական հարաբերությունների նոր փուլի սկզբի մասին: Նա վստահեցրեց՝ Հայաստանը դիտարկում են որպես իրենց հետ սերտ համագործակցող երկիր: Նա հայ գործընկերոջը հրավիրեց Հնդկաստան:
Խոսելով արցախյան 44-օրյա պատերազմի մասին՝ Հնդկաստանի ԱԳ նախարարն ասաց. «Անցած տարի ՀՀ-ն անցել է շատ դժվար փուլով: Թույլ տվեք իմ խորը ցավակցությունը հայտնել Հնդկաստանի կառավարության և ժողովրդի անունից հատկապես այն ընտանիքներին, որոնք կորուստներ են ունեցել»:
Սուբրամանյամ Ջայշանկարը փաստեց՝ հայ համայնքը մեծ նպաստ է բերել հնդկական պատմության և մշակույթի զարգացման գործում: Նա հավաստիացրեց՝ խորապես գնահատում են հայերի ավանդը հնդկական մշակույթում:
Խոսելով Հարավային Կովկասում անվտանգային հարցերի մասին՝ Հնդկաստանի ԱԳ նախարարն ասաց. «Կովկասյան տարածաշրջանում մեր դիրքորոշումը հետևողական է: Բախումներից սկսած՝ մենք կողմնակից ենք եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով, որպեսզի հակամարտությունը կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում, և Հնդկաստանը միշտ դրա կողմնակիցն է եղել ի շահ տարածաշրջանում անվտանգության»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ