Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շախմատի բանտարկյալների աշխարհի առաջին առցանց առաջնության բացման արարողությանը ներկա գտնվելու ժամանակ հայտարարեց, որ շախմատը նաեւ սպորտ է: Նախարարը նաեւ լրագրողներին ցույց տվեց արդարադատության խորհրդանշան Ֆեմիդայի նժարներով փողկապը, որ իրեն նվիրել է Իտալիայի արդարադատության նախարարը եւ նշեց, որ այն պատրաստել են Իտալիայի դատապարտյալները:
Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե անձամբ որքանո՞վ է առնչվում սպորտի, մասնավորապես, շախմատի հետ եւ ի՞նքը ինչ է նվիրել Իտալիայի իր գործընկերոջը: «Շախմատի հետ որոշակի անձնական կապվածություն ունեմ: Որպես երիտասարդ ուսանող եղել եմ 1996 թ. շախմատի օլիմպիադայի կազմակերպիչներից մեկը: Շախմատի մի շարք առաջնություններում ֆեդերացիայի հետ աշխատել եմ, որպեսզի Հայաստանում կազմակերպվեն շախմատային միջոցառումներ: Ցավոք, ինքս շատ թույլ խաղացող եմ, բայց հաճույքով խաղում եմ որդիներիս հետ: Իսկ սպորտի կարեւորումը, կարծում եմ, եւ կառավարության, եւ պետության առաջնահերթություններից է՝ անկախ նրանից, թե պաշտոնյաները իրենք սպորտում որքան են հաջողակ:
Ես ինչ նվիրեցի Իտալիայի իմ գործընկերո՞ջը: Չեք հավատա, բայց ես հետս տարել էի շախմատ: Արդարադատության ակադեմիայի իմ գործընկերոջը, ում հետ ստորագրեցինք հուշագիր, նվիրել եմ ձեռագործ շախմատ եւ ասել, որ շախմատը այնքան է դարձել Հայաստանի մաս, որ այն նույնիսկ համարում ենք ազգային մարզաձեւ: Ես իսկապես համարում եմ, որ շախմատը դարձել է մեր երկրի խորհրդանիշերից մեկը»,-պատասխանեց նախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ