«Բարձր ենք գնահատում Հնդկաստանի ԱԳ նախարարության՝ այս տարվա մայիսին արված հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»,- ՀՀ ԱԳՆ-ում կայացած Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ին պաշտոնական այցով գտնվում է ՀՀ-ում: Սա նրա առաջին այցն է ՀՀ:
Արարատ Միրզոյանը ասուլիսի ընթացքում վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը Հնդկաստանին սատարելու հարցում ու շեշտեց. «Մեր կողմից վերահաստատում ենք ՀՀ դիրքորոշումը Ջամուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու առումով: Մեր դիրքորոշումները համընկնում են նաև ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության և վարձկան ահաբեկիչներին հակամարտության գոտիներ տեղափոխելու անթույլատրելիության հարցում:
Արարատ Միրզոյանը փաստեց՝ հայ-հնդկական համագործակցության հետագա ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է. «Մեծ գոհունակություն եմ ցանկանում հայտնել այսօրվա մեր հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության կապակցությամբ և վերահաստատում հայկական կողմից պատրաստակամությունը բոլոր պայմանավորվածություններն արագորեն կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու առումով»:
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանն ասաց՝ այս տարի հայ-հնդկական հարաբերությունների 30-ամյակն է: Նա վերահաստատեց՝ ՀՀ-ն իր աջակցությունն է հայտնում Հնդկաստանին ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամություն ստանալու հարցում: Նա Հնդկաստանին բնորոշեց՝ որպես խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, որը կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. «Բարձր ենք գնահատում Հնդկաստանի դիրքորոշումն ու շարունակական աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում: ՀՀ-ն բազմիցս նշել է, որ ուժի կիրառումը չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության լուծման համար, և ԼՂ հիմնախնդիրը պիտի ստանա իր համապարփակ կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հայտնի սկզբունքների հիման վրա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ