Հադրութի անկման տարելիցին «Հայաստան» խմբակցությունը հանրային քննարկում է կազմակերպել «Տեղահանված ու բռնագրաված Հադրութ. մեկ տարի անց» թեմայով:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը բացման խոսքում նշեց. «Մեր պետության կողմից լիարժեք գնահատական չի տրվել, բազմաթիվ թերություններ կան, որոնք վերաբերում են պետական կառավարման, ռազմական ոլորտներին: Դժվար է, որ իրենք իրենց գնահատական տան: Մենք գերտերությունների ուշադրության եւ շահերի կիզակետում ենք: Տարածաշրջանային դերակատարները, հատկապես՝ Թուրքիան եւ թուրք-ադրբեջանական տանդեմը արդեն ներխուժել է Հարավային Կովկաս, ներխուժել է մեր տարածքներ՝ Արցախ ու այսօր փորձում է ճնշումներ գործադրել ու իր ազդեցությունը տարածաշրջանում մեծացնել՝ իր մեծ նպատակներն իրականացնելու համար: Անվտանգության համակարգը այսօր փխրուն է: ՀՀ իշխանությունները ավելի շատ ուշադրություն են դարձնում երկրի ներսում կենտրոնների խնդիրներին, քան թե սահմանային իրավիճակներին: Հատկապես Սյունիքում այն խնդիրները, որոնք դնում են Հայաստանի առջեւ, հետագայում չափազանց լուրջ են լինելու: Մենք նաեւ հոգեբանական այնպիսի իրավիճակում ենք, որ դեռեւս ճշտված չեն մեր զոհերի, գերիների, անհետ կորածների թվերը»:
Խոսելով տեղահանվածների խնդրի մասին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Դուք կորցրել եք ձեր հայրենիքը, ցավը դուք զգում եք, կա նաեւ տեղահանվածների սոցիալական խնդիրները: Գուցե ինչ-որ մի բան արվում է, բայց ուշադրության կենտրոնում պահել ձեզ՝ պետության խնդիրն է, հակառակ պարագայում Արցախի ապագան առավել անորոշ է»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ Ծաղկաձորում սպորտային համալիրում ապրող հադրութցիները նամակ են գրել իրեն, որ կոմունալ ծախսերի հետ կապված խնդիրներ կան: Նախկինում ինչ-որ երիտասարդական կազմակերպություն էր աջակցում, հիմա այն լուծարվել է ու հադրութցիներն իրենց խնդիրների հետ մնացել են մենակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ