Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. «Սա բացառիկ օրինակ է, երբ ազատազրկված մարդիկ կարողանում են իրենց սոցիալականացումը իրագործել շախմատի միջոցով»

Հոկտեմբեր 13,2021 12:41

Այսօր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը եւ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը Շախմատի ակադեմիայում ներկա եղան բանտարկյալների շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնության բացման արարողությանը:

Աշխարհի այս առաջնությանը մասնակցում են 31 երկրների 43 թիմեր: Հայաստանի հավաքականը համալրվել է չորս բանտարկյալով:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ողջունելով առաջնության մասնակիցներին եւ կազմակերպիչներին՝ ասաց. «Մենք այսօր շատ կարեւոր առիթով ենք այստեղ, որովհետեւ սա բացառիկ օրինակ է, երբ ազատազրկված մարդիկ կարողանում են իրենց սոցիալականացումը, վերադարձը հասարակություն իրագործել շախմատի միջոցով: Սա լավագույն օրինակներից է, թե քրեակատարողական ծառայությունը ինչ ուղղությամբ պետք է աշխատի, ինչ նպատակներ պետք է դնի իր եւ մեր առաջ, որպեսզի բոլորս մեր բոլոր ուժերով կարողանանք դատապարտված, ազատազրկված մարդկանց համար գտնել հնարավորություններ՝ կապը վերականգնելու հասարակության հետ: Շախմատը այն միջոցն է, որը կապում է աշխարհի բոլոր մարդկանց: Շախմատը սպորտ է, շախմատը արվեստ է: Շախմատը նաեւ Հայաստանի հպարտությունն է: Եվ շատ խորհրդանշական է, որ այսօր այս միջոցառմանը մենք մասնակցում ենք: Հուսով ենք, որ այս մրցմանը մասնակցող մեր դատապարտյալները այսօր կունենան հաղթանակներ: Սա սիմվոլիկ, բայց նաեւ շատ կարեւոր հաղթանակ կլինի նաեւ մեր պետության համար: Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում պարոն Սմբատ Լպուտյանին եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիային»:

Սմբատ Լպուտյանը նշեց, որ իրականում այսօր շախմատային մեծ տոն է ամբողջ աշխարհում: «Այսօր առաջին անգամ անցկացվում է դատապարտյալների միջեւ աշխարհի առցանց անդրանիկ առաջնությունը: Սա իսկապես շատ մեծ իրադարձություն է շախմատի աշխարհի համար եւ ՖԻԴԵ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այս մրցաշարին: Հավատացեք, որ կես տարի նախապատրաստական աշխատանքներ են ընթացել: Տեղեկացնեմ, որ Հայաստանի շախմատի հետազոտական ինստիտուտը բավականին մեծ հետազոտություն է սկսել քրեակատարողական ոլորտում եւ արդեն ունենք որոշ ամփոփումներ, որոնք ուղարկվել են ՖԻԴԵ եւ սկսել են տարածում գտնել: Հայաստանը միշտ եղել է շախմատային երկիր, միշտ եղել է առաջինների մեջ: Հուսով եմ, որ մեր դատապարտյալների հավաքականը իր խաղով եւ արդյունքով բոլորիս կուրախացի եւ վաղը եզրափակիչ փուլում խաղալու հնարավորություն կունենա»,- ասաց նա:

Սերգեյ Ատոմյանը դատապարտյալ շախմատիստներին հաջողություն եւ հաղթանակ մաղթեց: «Միայն այն, որ Հայաստանը ընտրվել է աշխարհի առաջնությանը մասնակցող երկրների մեջ, դա արդեն իսկ հաջողություն է: Այո, դատապարտյալները որքան շատ զբաղվեն սպորտային, մշակութային եւ հոգեւոր այլ ոլորտներով, այնքան ավելի հեշտ կկարողանան հետագայում շուտ վերադառնալ սոցիալական միջավայր»,- ընդգծեց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031