Անցած 14 օրերի համեմատ այսօր Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի 50% աճ է գրանցվում, վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից բարձր է, սա նշանակում է, որ վարակը շատ արագ է տարածվում։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ Նրա փոխանցմամբ՝ մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում կա դեպքերի 1,5-1,7 անգամ աճ, եւ ըստ ԵՄ չափանիշների՝ արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտուն։
Մասնագետի ներկայացմամբ՝ հիվանդացության ցուցանիշը բարձր է բոլոր մարզերում․ «Կա մեկ վատ ցուցանիշ՝ հիվանդությունը երիտասարդացել է, ավելի շատ թիրախավորվել են 30-50 տարեկանները։ Դեպքեր կան նաեւ երեխաների շրջանում, որոնք հոսպիտալացման կարիք ունեն եւ այս պահին ստանում են բուժում։ Հիվանդանոցները գերծանրաբեռնված են, մահճակալային ֆոնդը սպառված է, եւ բավականին ծանր են դեպքերը»։
Ինչո՞վ է պայմանավորված դեպքերի նման աճը, արդյոք հոկտեմբերի 1-ից աշխատողների թեստավորման պարտադիր պայմանն է պատճառը, հարցին ի պատասխան տիկին Աբովյանն ասաց․ «Եթե հոսպիտալային իրավիճակը լիներ բարվոք, ունենայինք ազատ մահճակալներ, այո, կարելի էր ենթադրել, որ առավել շատ դեպքերի թիվը պայմանավորված է այսպես ասած «առողջ բնակչության» շրջանում թեստավորումներով։ Սակայն դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխան հիվանդանոցներ են դիմում այն անձինք, ովքեր ունեն լուրջ ախտանշաններ, եւ կարիք ունեն բժշկական օգնության եւ սպասարկման հիվանդանոցային պայմաններում։ Սա նշանակում է, որ դեպքերն ընթանում են բավականին ծանր՝ կլինիկական դրսեւորումներով»։
Բացի այս, ըստ բժշկի, հիմա սուր-շնչառական վարակի շրջանն է եւ այս հիվանդացությամբ շատ դեպքեր են գրանցվում, հաճախ մարդիկ զգոն չեն լինում եւ մտածում են՝ սուր-շնչառական վարակ է, մրսածություն է, մնում են տանը բավական երկար ժամանակ, շատ հաճախ ստանում են ոչ նպատակային բուժում՝ տնային պայմաններում, ապա բավականին ծանր վիճակում դիմում են հիվանդանոց, ինչով էլ պայմանավորված են մահացության բարձր ցուցանիշները։
Կարդացեք նաև
Բժիշկը խորհուրդ տվեց ուշադիր լինել, եթե ունենք քթարտադրություն, կոկորդի ցավ, գլխացավ, անպայման դիմեք ձեր տարածքը սպասարկող բժշկին, որպեսզի ժամանակին հնարավոր լինի կազմակերպել բուժումը եւ հիվանդությունը ծանր չընթանա։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ