Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:
Նախարարը կարևորել է հայ-իրանական բազմադարյա մշակութային կապերի ազդեցությունը փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված ներկայիս հարաբերությունների վրա և ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ ուղղված քրեակատարողական համակարգի բարեփոխմանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության, դատաիրավական համակարգի ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումներին՝ շեշտելով իրանցի գործընկերների հետ լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, անդրադառնալով երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, նշել, որ տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում Իրանն ու Հայաստանն ավելի սերտ պետք է համագործակցեն։
Նախարար Անդրեասյանը, համակարծիք լինելով իրանցի գործընկերոջ հետ, վերահաստատել է` նման ծանր փորձությունների շրջանում, տարածաշրջանային ընդհանուր սպառնալիքների պարագայում ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունն ու պատրաստակամություն է հայտնել այդ գործում ներդնելու իր ողջ ջանքերը։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական բնագավառում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին:
Հանդիպման ավարտին Իրանի գլխավոր դատախազը Հայաստանի արդարադատության նախարարին հրավիրել է Իրան․ Կարեն Անդրեասյանն ընդունել է հրավերն ու Գլխավոր դատախազին խնդրել Իրանի արդարադատության նախարարին փոխանցել Հայաստան այցելելու իր հրավերը։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն