Այսօր Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով տեղակայված են ՌԴ խաղաղապահ զորախմբի 27 ուղեկալներ, ռազմական ոստիկանության մոբիլ ուժեր եւ ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողները: Սակայն մարտակերտցի Արամ Տեփնանցի սպանությունը փաստում է, որ դրանք քիչ են Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Խնդիրն այն է, որ ադրբեջանական դիրքերը տեղակայվել են Արցախի բնակավայրերի հարեւանությամբ եւ շատ դեպքերում անթույլատրելիի աստիճանի մոտ են գյուղերին: Նման պայմաններում միշտ էլ անբավարար է լինելու սահմանին տեղակայված զինված ուժերի քանակը:
Ադրբեջանական կողմի անբարյացակամ պահվածքի պայմաններում առաջնային խնդիր է դառնում բնակչության ինքնապաշտպանության մակարդակի բարձրացումը: Այս առանցքային խնդիրը լուծելու համար հոկտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ի թիվս այլ նախագծերի, ստորագրել է նաեւ «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի եւ դրանից հետո կնքված եռակողմ հայտարարության հետեւանքով Արցախի Հանրապետության բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ բնակավայրեր:
Ըստ օրինագծի հեղինակ գերատեսչության՝ գտնվելով դեռեւս չկարգավորված հակամարտության մեջ եւ պատերազմի ամենօրյա վտանգի ներքո՝ խիստ անհրաժեշտ է, որ Արցախի Հանրապետությունում քաղաքացիներն ունենան ինքնապաշտպանության անհրաժեշտ մակարդակ ապահովելու հնարավորություն:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում