Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկեր Ստալինը ոչինչ չգիտեր»

Հոկտեմբեր 13,2021 10:00

Ինչպես հայտնի է, այն բոցավառ բոլշեւիկները, որոնք 1930-ական թվականներին հայտնվում էին «Գուլագում», վստահ էին, որ «ընկեր Ստալինը ոչինչ չգիտի», որ իրենց մասին գրված մատնագրերն ուղարկվել են «էնկավեդե», այդ հիմնարկի անբարեխիղճ եւ սադիստ աշխատակիցները գործեր են սարքել եւ մարդկանց կտտանքների ենթարկել, բայց եթե հանկարծ «ընկեր Ստալինն» այդ ամենի մասին իմանա, նա մեղավորներին կպատժի, եւ արդարությունը կվերականգնվի:

Ավտորիտար եւ տոտալիտար իշխանությունն այդպես է կառուցված: Վերեւում նստած է «տիրակալը», «թագավորը», որի գործողություններն անքննելի են: Նա վեր է բոլոր համակարգերից եւ ինստիտուտներից, այդ թվում նաեւ՝ կուսակցություններից, խորհրդարանից, դատարաններից եւ իրավապահներից: Եթե «հասարակ մարդը» կարողանում է լսելի դառնալ «թագավորին», ապա նրա բողոքը տեղ կհասնի, եւ գուցե «թագավորը» որոշի պատժել իր անարդար կամ անփույթ ստորադասներին՝ կատարելով «ժողովրդի կամքը»: Վլադիմիր Պուտինի՝ մի քանի ժամ տեւող եթերները հիմնականում դրա մասին են. խոսափողը տրվում է «շարքային քաղաքացիներին», նրանք իրենց բողոքն են հայտնում տեղական իշխանիկներից, իսկ «թագավորը», երկու րոպեում հասկանալով, թե ինչի մասին է խոսքը, հանձնարարում է այդ «շարքային քաղաքացու» հարցը լուծել:

Պուտինն ուղերձ է հղում Դաշնային խորհրդին եւ հանձնարարում է ընդունել այս եւ այն օրենքները: Երկու պալատների պատգամավորներն իրականում օրենսդիրներ չեն, նրանք Պուտինի «բոյարներն» են, պալատականներ, որոնք նշանակված են կատարելու թագավորի կամքը: Նույնն այսօր Հայաստանի խորհրդարանում է: Իմ գործընկերներից շատերը թիրախ են ընտրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հակաժողովրդավարական օրենքներ հեղինակելու համար: Բայց նա ընդամենը գլխավոր պալատականներից մեկն է, որը կատարում է «թագավորի» կամքը՝ «ՔՊ» կոչվող պալատականների խմբի հետ միասին: Ճիշտ նույն տրամաբանությամբ վարչապետը կառավարության նիստում հրամայում է ինչ-որ մեկին կալանավորել, կամ իրավապահների հետ հանդիպման ժամանակ հանձնարարում է այս կամ այն գործը քննել:

Նման համակարգի պարագայում պատերազմում հաղթանակն ամբողջությամբ առաջին դեմքի շնորհքն է, ինչպես որ դա Ալիեւի դեպքում է. դուք լսե՞լ եք որեւէ ադրբեջանցի գեներալի անուն, որը վերջին պատերազմի ժամանակ լավ է ղեկավարել զորքերը եւ ճիշտ գործողություններ է մշակել: Փոխարենը պարտության դեպքում մեղավոր են բոլորը, բացի առաջին դեմքից: Փաշինյանի կողմնակիցները հայտարարում են, որ մեղավոր են գեներալները, որոնք գերագույն գլխավոր հրամանատարին սխալ էին զեկուցում: Վստահ եմ, որ նմանատիպ եզրակացության կգա իշխանության կազմած, այսպես կոչված, «քննիչ հանձնաժողովը»: Իհարկե, կարող է հնչել տրամաբանական հակափաստարկ՝ եղիր այնքան կոմպետենտ եւ հմուտ, որ քեզ սխալ չզեկուցեն: Բայց այդ հակափաստարկը ավտորիտար համակարգում ուժ չունի. թագավորը չպիտի կոմպետենտ լինի, նա պարզապես պետք է իշխի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Բարեկամը նա չէ, ով լավ է վերաբերվում քեզ, բարեկամը նա է, ում դո՛ւ ես լավ վերաբերվում’ անկախ նրա լավ թե վատ վերաբերմունքից քո հանդեպ, նշանները փոխելով’ թշնամին նա չէ, ով վատ է վերաբերվում քեզ, թշնամին նա է, ում դո՛ւ ես վատ վերաբերվում’ անկախ նրա լավ թե վատ վերաբերմունքից քո հանդեպ: Այն ազգերը, որոնք ընդունում են խաղի այս կանոնները, նրանք մտնում են խաղադաշտ եւ մրցակցում իրար հետ, իսկ մնացածները լավագույն դեպքում դիտողի դերում են, վատագույն դեպքում’ գնդակի, որին տշում են խաղացողները խաղի կանոններին համաձայն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031