Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր գիրք՝ «Նոյ նահապետի երկրորդ գալուստը»

Հոկտեմբեր 13,2021 12:30

Մանկական հայացքով. հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն

Հեղինակը տասը տարեկան Նանե Դավիթի Գրիգորյանն է: Նանեն Երեւանի Ն. Աղբալյանի թիվ 19 դպրոցի սան է: Առաջին գիրքը չորս տարեկան Նանեի ինքնաբուխ ոտանավորներն են՝ շրջապատից ստացած տպավորությունների արձագանքը: Երկրորդը՝ «Նանեի օրենքները», որտեղ ինքն իր անմիջական մտահորիզոնով ձեւակերպել է հայ մարդու ապրելու օրենքները:

Պապիկը՝ Սուրեն Գրիգորը, ընկերություն է անում թոռների հետ՝ հավասարը հավասարի իրավունքներով ու պարտականություններով: Ներկայացնենք մի դիտարկում, որ Նանեն ինքն է վերածել կարգախոսի. «Ամեն բան իր տեղում՝ կարգով եւ շնորհքով, ամեն բան իր չափով, լինել ուժեղ եւ գեղեցիկ, հայերեն խոսել մաքուր եւ գրագետ»: Խախտումների դեպքում սահմանել է ցախավելով ծաղրելու եռաստիճան պատիժներ: Առաջին աստիճան՝ ցախավել սրտիկով, նրանց համար, ովքեր ներողություն են խնդրում եւ խոստանում, որ այլեւս այդ սխալը չեն կրկնի։ Երկրորդ անգամ սխալը կրկնողին որպես պատիժ նվիրում է թղթի վրա նկարած ցախավել կարմիր, կծու պղպեղով: Երրորդ անգամ սխալը շարունակողին՝ ցախավել կապիկի վանդակով: Իմաստն ընկալենք այս տարբերակով՝ եթե պատիժները չեն օգնում մաքուր, ճիշտ հայերեն արտահայտվելուն, ապա նրան բնորոշ է կապիկի ապրելակերպը, ոչ թե հայ մարդու:

Կարդացել է «Մանկական Աստվածաշունչը», կարդում է հեքիաթներ, մանկական գրքեր… հարցասեր է եւ խնդիրների մասին լուծումներ մտածող։ Հարցեր է պատրաստում պապիկի հետ քննարկելու համար։ Հարցնում է պապիկը. «Այս պատերազմից հետո ինչու ես դպրոց գնում»։ «Պապիկ, պետք է գնանք դպրոց, որ պատերազմը սովորեն, որ հաղթենք առանց կռվելու»:

«Նոյ նահապետի երկրորդ գալուստը» գիրքը գրվել է Նանեի եռօրյա անքնությունից հետո: Նոյը հայտնվում է նրա երազում եւ բարձրաձայն հնչեցնում. «Դուք մեղավոր եք, հայեր, քանի որ ձեր թշնամուն չեք կարողանում պատժել»։ Եվ այդ անարդարությունից է, որ Արարատ լեռան լանջին քարացել է Տապանը: Երրորդ անքնությունից հետո վաղ առավոտյան արթնացնում է պապիկին ու ներգրավում իր տեսիլքների ներկայացմանը: «Տեսարանները» առարկայական տեսքի բերելով՝ հեռախոսով նկարահանում է եւ երեկոյան անակնկալ մատուցում հայրիկին՝ որպես ծննդյան օրվա նվեր: Պապիկին հանձնարարում է գրել արծվի, շան, գայլի եւ մոլորված ոչխարների աղոթքները, որոնք պատրաստ լինելու դեպքում կձեւակերպեն «Նոյ նահապետի երկրորդ գալուստը թատերախաղը»: Դերերում են Նոյ նահապետը, հայ օջախի զորության դիցուհին՝ Նանեն, Սամսոն թիկնապահը: Լեռնագնաց ջոկատի անդամներն են՝ քուրդ Բեշդաշը, թուրք Ահմեդը, հայ Վազգենը, մոլորյալ ոչխարները, որոնք բարձրանում էին Արարատ լեռան գագաթի մաքուր, հավերժական ձյունը տանելու՝ մաքրվելու, բուժվելու համար: Նանե դիցուհին եւ հայ Վազգենը կասեցնում են նրանց անարժան վերելքը:

Երբ հասնում են Նոյի վրանը, Նահապետը հարցնում է. «Նանե, ովքե՞ր են սրանք»:

«Ազատագրված հայը, գերի ընկած քուրդը եւ պատժված թուրքը»:

– Նանե, դու ստանում ես ժողովրդի զավակի կոչում, վախկոտ Սամսոնին ես լապտեր եմ նվիրում, որ խավարի մեջ իր վախը սովորի հաղթահարել, ազատագրված հային՝ Վազգենին ես նվիրում եմ հայոց լեզվի եւ պատմության երկու հարյուր հազար տարվա դասագրքերը, քուրդին նվիրում եմ արժանապատվության հայելի, որպեսզի դարձի գա արիական հավատամքին, իսկ թուրքին՝ պատիժը կրելու համար սահմանում եմ հատուկ պայմանների ստեղծում:

Հեղինակի մեկնաբանությամբ՝ երկիրը գտնվում է անարդար վիճակում: Եվ ինչպես առաջին անգամ Նոյը Տապանի միջոցով մարդկությանը փրկեց ջրհեղեղից, երկրորդ անգամ էլ կգա փրկելու անարդարությունից:

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ
12.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031