Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Թբիլիսի-Բաքու, գումարած՝ Անկարա-Թեհրան-Մոսկվա. բոլորն ուզում են մասնակցել

Հոկտեմբեր 13,2021 12:00

Մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ է

«Հայաստան կատարած իմ այցի ժամանակ կայացել են արդյունավետ բանակցություններ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկել են երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղության նոր նախաձեռնությունը եւ ակտիվ համագործակցության պատրաստակամությունը, որպեսզի ստեղծվեն ավելի շատ հնարավորություններ կայուն ու ամուր խաղաղության եւ տարածաշրջանի զարգացման համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 10-ին:

Հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Երեւան ժամանեց Իրակլի Ղարիբաշվիլին: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նրանք քննարկել էին Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը եւ հեռանկարները: Ըստ պաշտոնական հաղորդագրության` վարչապետները խոսել էին նաեւ տարածաշրջանային իրավիճակի եւ զարգացումների շուրջ: Հիշեցնենք, մի քանի շաբաթ առաջ պաշտոնական այցով Նիկոլ Փաշինյանն էր Վրաստանում: Թբիլիսիում կայացած հայ-վրացական բանակցություններից մի քանի օր անց Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել:

Նկատենք, որ անցյալ ամիս Ղարիբաշվիլին Բաքու էր մեկնել, հայտարարել էր նաեւ Հայաստան այցելելու իր պլանների մասին: Նա նաեւ հույս էր հայտնել, որ հարեւան երկրների առաջնորդների հետ ունեցած իր անձնական հարաբերությունները թույլ կտան դրական դերակատարում ունենալ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները երեւանյան բանակցությունների առիթով արձանագրել են, որ երկկողմ բարձրաստիճան ինտենսիվ շփումները «վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման եւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին»:

Թբիլիսիի վերջին ամիսների ակտիվությունը վկայում է, որ տարածաշրջանային գործընթացները բավական արագ են զարգանում: Հայաստանի երկու հարեւանները՝ Վրաստանն ու Իրանը բավական ակտիվ են, եւ ակնհայտորեն ձգտում են մասնակցություն ունենալ տարածաշրջանային գործընթացներում, անշուշտ, սեփական պետությունների շահերն առաջ տանելով:

Առհասարակ, վերջին շրջանում մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ է: Օրերս Թեհրանը հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել Հայաստանով դեպի Վրաստան անցնող նոր տրանզիտային ճանապարհի կառուցմանը: Իրանի ճանապարհների ու քաղաքային զարգացման փոխնախարար Խեյրուլա Խադեմին նշել է. «Հայաստանը պատրաստվում է ստեղծել նոր տրանզիտային երթուղի Իրանից դեպի Վրաստան: Մենք հայտարարել ենք այդ ճանապարհի շինարարության մեջ մասնակցելու պատրաստակամության մասին»:

Իրանցի պաշտոնյան նաեւ հավելել է, որ խոսքը վերաբերում է նոր միջանցքի մասին, բացի Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհից, որի շուրջ կողմերը համաձայնության են հասել: Նա նշել է, որ այսօր կա երթուղի, որը միավորում է Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգը Երեւանի հետ: «Այդ ճանապարհի շուրջ 21 կմ-ն, նոր փոփոխությունների համաձայն, համարվում է Ադրբեջանի մաս»,-հավելել է փոխնախարարը: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը դեմ չէ այդ կարճ հատվածով անցմանը, որում միայն մեկ հսկիչ-անցագրային կետ է գանձում ճանապարհային վճարներ: «Անհրաժեշտ է հնարավորինս արագ ստեղծել այլընտրանքային երթուղի, որպեսզի ճանապարհն այլեւս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը կարեւոր է նաեւ հայերի համար ու պատասխանում է նրանց շահերին»,-նշել է Խադեմին:

Մենք ականատես ենք դառնում նաեւ թե՛ պաշտոնական Մոսկվայից, թե՛ Թբիլիսիից ուշագրավ արձագանքների: Չնայած Ռուսաստանի հետ տարաձայնություններին՝ Թբիլիսին պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի «3+3» ձեւաչափում, օրերս նշել է Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին՝ հավելելով, Ռուսաստանի հետ միեւնույն հարթակում աշխատելը հեշտ չէ, մյուս կողմից` հորդորել հանրությանը մտածել՝ իսկ ինչ կշահի Վրաստանը, եթե դուրս մնա տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերից. «Մեզ համար շատ դժվար կլինի մասնակցել մի ձեւաչափի, որտեղ ենթադրվում է նաեւ օկուպանտ երկրի մասնակցությունը։ Անշուշտ, այս պայմաններում, երբ Մոսկվայի կողմից որեւէ առաջընթաց չկա Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեօկուպացիայի ուղղությամբ, շատ դժվար է ինչ-ինչ ենթակառուցվածքային նախագծեր քննարկել։ Բայց ես ուզում եմ մտորելու նյութ տալ հասարակությանը՝ այդօրինակ խոշոր աշխարհաքաղաքական ծրագրերում մենք պետք է գոնե ինչ-որ կերպ ներկայացված լինենք»։

Հիշեցնենք, որ նոր ձեւաչափի մասին առաջինը հայտարարեցին Թուրքիայի իշխանությունները՝ 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մոտ մեկ ամիս անց, մասնավորապես, Էրդողանն առաջարկեց նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների եւ նրանց երեք մեծ հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ։ «Ղարաբաղյան հաղթանակը նոր էջ բացեց Կովկասի պատմության մեջ։ Ես կարծում եմ, որ տարածաշրջանի պատմությունը ձեւափոխվելու է, եւ մեր առաջարկած վեցակողմ հարթակը շահեկան է բոլորի համար։ Եթե Հայաստանը դրական քայլեր ձեռնարկի եւ միանա այս հարթակին, ապա նոր էջ կարող է բացվել նաեւ հայ-թուրքական հարաբերություններում»,- ասել էր Էրդողանը դեկտեմբերին Բաքում։

Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը միանգամից էին համաձայնել առաջարկին, Իրանի ԱԳ նախարարը տարեսկզբին տարածաշրջանային այցով այցելել էր Մոսկվա, Բաքու, Երեւան, Անկարա եւ Թբիլիսի։ Թբիլիսին, սակայն, մինչեւ վերջերս բացառում էր իր մասնակցությունը Ռուսաստանի հետ համատեղ որեւէ ձեւաչափում, սակայն Դավիդ Զալկալիանիի կողմից օրերս ներկայացված հիմնավորումները հիմք ընդունելով կարելի է եզրակացնել, որ Թբիլիսին էլ առնվազն պատրաստ է մասնակցություն ունենալ նման ձեւաչափի գործունեության պարագայում, քանի որ Թբիլիսիի համար կարեւոր է ետ չմնալ տարածաշրջանային կարեւոր գործընթացներից։

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա հստակ է, որ Մոսկվան եւս բավական շահագրգռված է հնարավոր նոր ձեւաչափով: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո էր հույս հայտնել, որ Թբիլիսին կմիանա այս նախաձեռնությանը։ Լավրովը միաժամանակ նշել էր, որ աշխատում են հայ գործընկերների հետ, առանց հստակեցնելու՝ ինչն է խնդիրը, եւ կա՞ն, արդյոք, մտահոգություններ հայկական կողմից։ Նույն օրը, սակայն, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում բացել էր որոշ փակագծեր. «Հայաստանի Հանրապետությունը պետք է նախ հասկանա՝ դրանք ի՞նչ ֆորմատներ են, ի՞նչ նպատակով են դրանք իրագործվում, ի՞նչ պայմաններում են գործելու, ի՞նչ սկզբունքներով են գործելու։ Եվ բազմաթիվ այլ մանրամասներ են պետք, որպեսզի հստակ դիրքորոշում արտահայտենք»։ Իսկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Իրան կատարած այցի ժամանակ պատասխանելով «ԻՌՆԱ» գործակալության հարցին, ասել էր՝ նոր ձեւաչափը պետք է հիմնվի ներգրավված բոլոր պետությունների փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա. «Հակառակ պարագայում այն կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձեւաչափ»։

Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը, այլեւ՝ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան, շեշտեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո: Թեեւ Լավրովը նշել է, որ իրանական կողմը դրական է արձագանքել այս երկրների մասնակցությամբ 3+3 ձեւաչափով նոր հարթակ ստեղծելու նախաձեռնությանը, նկատենք, որ Թեհրանը հազիվ թե գոհ լինի Մոսկվայի դիրքորոշումից՝ մեր տարածաշրջանում երկրների տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ: Նկատենք, որ պաշտոնական Թեհրանը հստակ արձանագրում էր, որ մտահոգություններ ունեն եւ քննարկել են այդ հարցը Լավրովի հետ ու Ռուսաստանից հստակ գնահատական են ակնկալում, սակայն Լավրովը իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում ոչ միայն հանդես եկավ լղոզված դիրքորոշմամբ, այլեւ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը կրկնեց, թե՝ Բաքվի գործընկերներն էլ «մտահոգություններ ունեն, որ Իրանում են զորավարժություններ անցկացնում»:

Այս մթնոլորտում, բոլորովին էլ անսպասելի չէր Թեհրանի դիրքորոշումն՝ արդեն ռուս-իրանական բանակցություններից հետո: Իրանը չի պատրաստվում կախվածություն ձեռք բերել Ռուսաստանից ու Չինաստանից, հոկտեմբերի 10-ին հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլախիանը: «Մենք չենք ցանկանում Իրանը դարձնել կախյալ Ռուսաստանից ու Չինաստանից, սակայն վարում ենք մեր արտաքին քաղաքականությունն ի շահ երկու կողմերի՝ անկախ հանգամանքից՝ ցանկացած երկիր քանի գաղափար եւ նախաձեռնություն ունի: Մենք, բնականաբար, ողջունում ենք այդ գաղափարները»,- նկատել էր Իրանի ԱԳ նախարարը:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031