Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց են առաջանում Շարիկովները

Հոկտեմբեր 13,2021 14:00

Եվ ինչո՞ւ են խորհրդարանները մշտապես դառնում հեղափոխականների թիրախը

Կա այսպիսի մի պատմություն, որը գուցեեւ պատմական անեկդոտների շարքից է, բայց այս պարագայում դա այնքան էլ նշանակություն չունի: 1848 թվականին Գերմանիայում հեղափոխականները մտել էին Ռոտշիլդի գրասենյակ: «Մենք եկել ենք ձեր փողերը տանենք, դրանք պատկանում են ամբողջ ժողովրդին», – պահանջում էին գերմանական Շարիկովները: Ռոտշիլդի պատասխանը հետեւյալն էր. «Շատ լավ: Ես ունեմ 18 մլն տալեր, Գերմանիայում ապրում է 18 միլիոն մարդ: Դուք եկել եք 10 հոգով, վերցրեք ձեր տասը տալերը ու գնացեք»: Պատմությունն այն մասին է, որ երբ իբր «ամբողջ ժողովուրդը» ներկայացնող մի խումբ «ազգայնացնում է» հարուստների միջոցները, դեռեւս փաստ չէ, որ այդ խումբը կբաշխի հարստությունը «ամբողջ ժողովրդի» մեջ, եւ եթե անգամ նման անկեղծ ցանկություն ունենա, կարող է եւ չիմանալ, թե ինչպես է պետք դա անել:

Անձամբ ինձ այդ «շարիկովյան» մոտեցումները հոգեհարազատ չեն. ես խնդիր չեմ տեսնում, որ մարդիկ տարբեր չափերի ունեցվածք ունեն, թող լինի անգամ՝ շեշտակի տարբեր: Թող 5 զբոսանավ կամ 10 «Մայբախ» ունենան՝ դա ինձ չի հուզում: Ինձ համար կարեւոր է, որ նրանք, մնացածի նման ունենան հավասար քաղաքացիական պատասխանատվություն, որ բոլոր մարդիկ հավասարապես պաշտպանված լինեն օրենքով: Չլինի այնպես, որ եթե իշխանամերձ գործարարի եղբայրն է փողոցում կռիվ սարքում եւ կրակոցներ արձակում, այդ դրվագը «լղոզում են», իսկ երբ նույնն անում է սովորական կրպակատերը, նրան պատժում են օրենքի ամենայն խստությամբ: Պետք է ասել, որ այդ առումով աշխարհի ոչ մի երկրում վիճակն իդեալական չէ, բայց շատ ավելի վատ վիճակ է հատկապես այն երկրներում, որտեղ ընդունված է օրենքը բանի տեղ չդնել:

Սակայն եկեք դառնանք բարիքների բաշխմանը: Պարզ է, որ այն 10 հեղափոխականները, որոնք մտել էին Ռոտշիլդի մոտ, եթե նույնիսկ վերցնեին նրա ունեցած 18 միլիոն տալերը, պետք է մտածեին, թե ինչպես են այդ գումարը բաշխելու 18 միլիոն գերմանացիների միջեւ. պարզ է, ամեն մեկի տուն հնարավոր չէ գնալ՝ մեկ տալեր տանելով: Հետեւաբար, պետք է լինի ինչ-որ համակարգ: Այդ համակարգի հիմնական մասը պետք է լինի «ժողովրդի» կամքը ներկայացնող խորհրդարանը: Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխությունների ժամանակ հենց այդ ինստիտուտն է դառնում հարձակման թիրախը: Պատճառը պարզ է. Շարիկովների փափագը ոչ թե հարստությունը բաշխող պետական ինստիտուտ ունենալն է, այլ այնպիսի մի «արդարություն», որը «ժողովրդին» կհարստացնի ինչ-ինչ ուղիղ ճանապարհներով՝ շրջանցելով որեւէ ինստիտուտ:

Խորհրդարանների բախտը վաղուց չի բերում՝ այն ժամանակներից, երբ անգլիացիները որոշեցին ներմուծել այդ, այսպես կոչված, «պառլամենտարիզմը»: 1648 թվականին գնդապետ Թոմաս Փրայդն իր ջոկատով կանգնել էր բրիտանական պառլամենտի աստիճաններին, որոնք տանում էին նիստերի դահլիճ: Գնդապետի ձեռքին ցուցակ կար, եւ նա պարզապես դահլիճ չէր թողնում այն պատգամավորներին, որոնք պատրաստվում էին կողմ քվեարկել թագավոր Կարլ Առաջինի առաջարկին (ըստ էության դեմ էին թագավորին մահապատժի ենթարկելուն): Ֆրանսիայում 1789 թվականին թագավորի հրավիրած երեք դասերի համաժողովը՝ États Généraux, իրեն հռչակեց Ազգային ժողով, այնուհետեւ 1792 թվականին ժողովրդական զանգվածների ճնշման տակ ցրվեց եւ ստեղծվեց Կոնվենտը, որն իր հերթին դիմացավ երեք տարի: 1918 թվականի հունվարին Ռուսաստանի Սահմանադիր ժողովը պետք է որոշեր երկրի պետական կարգը: Իշխանության եկած բոլշեւիկները չունենին այդ պետական մարմնում մեծամասնություն, եւ նրանց առաջնորդ՝ Սովնարկոմի նախագահ (վարչապետ) Լենինը հրամայել էր պարզապես շենք չթողնել երկրորդ նիստի եկած պատգամավորներին, ինչը եւ իրականացվեց պահակազորի միջոցով, որից հետո Սահմանադիր ժողովը լուծարվեց գործադիրի հրամանով: 2018 թվականին Հայաստանում իշխանություն ստացած Փաշինյանն աշխատում էր որքան հնարավոր է շուտ ցրել ՀՀԿ-ական մեծամասնություն ունեցող խորհրդարանը եւ դա, ըստ էության, արեց՝ կոչ անելով իր կողմնակիցներին շրջափակել Ազգային ժողովը: Այս չորս դեպքերում էլ հեղափոխականները թիկունքում զգում էին Շարիկովների շունչը, շատ անգամ բորբոքում էին իրենց հարմար այդ տրամադրությունները: Այդպիսով, այն ինստիտուտը, որը պետք է որ ապահովի կայունությունը՝ նաեւ տնտեսության մեջ, դառնում է հեղափոխության առաջին զոհը: Դրանից հետո սեփականատերերի մոտ կորում է վստահությունն ապագայի նկատմամբ. փողը սիրում է հանգիստ ժամանակներ եւ փախչում է այն տեղերից, որտեղ դրան կարող են կամայականորեն ուղղել «ժողովրդի գրպանը»:

Եթե առաջնայինը լիներ միայն տնտեսական շահը, եթե մարդիկ ունենային միայն սեփականության վերաբաշխման նպատակ, ապա նրանք տասն անգամ կմտածեին որեւէ պետական ինստիտուտի վրա հարձակվելուց առաջ: Բայց, ցավոք, մարդկանց գործողությունների շարժառիթները մեծ մասամբ իռացիոնալ են, եւ նման շարժառիթների մեջ, ինձ թվում է, առաջնային դեր է խաղում այն, ինչ գերմանացի հոգեբան Էրիխ Ֆրոմն անվանում է «չարորակ ագրեսիա»: Այդ ագրեսիան բացարձակապես պետք չէ մարդկանց գոյատեւման համար, բայց դա միաժամանակ հոգեբանության կարեւոր մաս է կազմում: Դա այն կրքերից է, որն առանձին մշակույթներում, առանձին անհատների մոտ գերիշխում է, իսկ մյուսների մոտ կարող է ընդհանրապես բացակայել: Իսկ ինչի՞ շնորհիվ է այդ տարբերությունն առաջանում: Ինչո՞ւ մարդկանց մի մասը դառնում է քաղաքական, կրոնական կամ այլ դոկտրինաների զոհը, իսկ մյուսը դրանց մեջ որեւէ իմաստ չի տեսնում: Ըստ Ֆրոմի՝ դա կարող է կախված լինել մարդկանց ներշնչելիությունից եւ առաջնորդների ազդեցությունից:

Բայց այդ բացատրությունը հոգեբանը բավարար չի համարում: Մարդկանց հնարավոր չէր լինի ներշնչել, եթե նրանք չզգային հստակ կոորդինատների համակարգի անհրաժեշտություն: «Որքան շատ է գաղափարախոսությունը պնդում, որ կարող է բոլոր հարցերին տալ պարզ պատասխաններ, այնքան գրավիչ է այդ գաղափարախոսությունը: Այստեղ, հավանաբար, պետք է փնտրել պատճառը, թե իռացիոնալ կամ անգամ խելահեղ գաղափարների համակարգերն այդպիսի ձգողական ուժ ունեն», – գրում է Ֆրոմը: Այդ համակարգերի դեմ ագրեսիվորեն «պայքարելը» կնշանակեր ստեղծել ճիշտ նույնպիսի «հակահամակարգ», որը կծնի նույնատիպ մոլորություններով ապրող Շարիկովների: Ես «հակաթույնը» տեսնում եմ սիրո եւ համբերատարության մեջ: Բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031