Իրանն իր տրամադրության տակ ունի փաստաթղթեր, որոնք ապացուցում են ահաբեկչական խմբավորումների տեղափոխման փաստն Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայեդ Խաթիբզադեն Իրանի ազգային ռադիոյին տված հարցազրույցում:
«Մենք ադրբեջանական կողմին ասել ենք, որ դա ընդունելի չէ, և նրանց ամենաբարձրաստիճան պաշտոնյաները խոստացել են ընդառաջ գնալ մեր մտահոգություններին»,- ասել է նա:
Խաթիբզադեն նշել է, որ Իրանը լավ և բազմաշերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, բայց տարածաշրջանում կան «երրորդ խմբեր», որոնց դուր չեն գալիս Իրանի և Ադրբեջանի սերտ կապերը: «Հետևաբար, նրանք տարածում են կեղծ և իրականությանը չհամապատասխանող լուրեր և փորձում են խաղալ երկու երկրների մարդկանց տրամադրությունների վրա` սեփական նպատակներին հասնելու համար», – ասել է նա:
Խաթիբզադեն նշել է, որ կովկասյան զարգացումներում իրենք շեշտել են, որ «հարևան երկրների իրավունքները պետք է վերականգնվեն»: «Հետևաբար, մենք ողջունեցինք Ադրբեջանի Հանրապետության իրավունքների վերականգնումը: Միևնույն ժամանակ, մենք այն կարծիքին էինք, որ պատերազմը դրան հասնելու ճիշտ մեթոդը չէ և ընդգծում էինք դիվանագիտական հարաբերությունների անհրաժեշտությունը», – ասել է Խաթիբզադեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ