Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մի քանի օրով Գյումրու քաղաքապետի ժ/պ նշանակեցին․ Լևոն Բարսեղյանի մեկնաբանությունը

Հոկտեմբեր 12,2021 21:33

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր Գյումրիի համայնքապետի ժ/պ է նշանակվել Ալբերտ Մարգարյանը՝ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության երկարամյա պետը։

Շատերին վարչապետի այս որոշումն անհասկանալի է թվացել, քանի որ հինգ օրից՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են, որից հետո քաղաքային նոր իշխանություն կձևավորվի՝ նոր քաղաքապետով։ Քանի որ պաշտոնատար անձանց կողմից որևէ պարզաբանում չի հնչում, գյումրեցիների մոտ տարակուսանքն ավելի է խորանում։

Այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք Գյումրու ավագանու 9 տարվա անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանից։

«Իմ իմանալով տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կլոր հինգ տարի են․ նախորդ կազմը՝ 7-րդ գումարումը ուժի մեջ է մտել 2016 հոկտեմբերի 10-ից։ Այժմ՝ հոկտեմբերի 10-ին և՛ քաղաքապետի, և՛ ավագանու կազմի լիազորությունները դադարում են օրենքի ուժով։ Եվ օրենքով կառավարությունը՝ վարչապետը նշանակում է պաշտոնակատար։ Ավագանու պաշտոնակատար չի ձևավորվում, ինչպես հասկանում եք, համայնքապետին նշանակում է, ինչպես փետրվարին եղավ մի շարք համայնքների դեպքում, երբ լիազորությունները դադարեցվեցին և նշանակվեցին պաշտոնակատարներ։

Այլ հարց էր, որ իմանալով այդ ամենը՝ պետական իշխանությունը կարող էր Գյումրու ավագանու ու մի շարք համայնքների ընտրությունները մի ամիս առաջ նշանակել, այսինքն՝ ընտրությունը եղած-ավարտված լիներ և նոր ընտրված համայնքապետը պատրաստ լիներ լիազորությունները ստանձնելու նախորդի լիազորությունների ավարտի պահին, այսինքն՝ հոկտեմբերի 10-ին։ Դա չի արվել և արդյունքում արանքում ստացվում է առնվազն տաս օրից ավելի խզում։

Պաշտոնակատարը պիտի պաշտոնավարի մինչ նոր ընտրության արդյունքները հայտնի լինեն, մինչև ավագանու առաջին նիստը լինի ու համայնքի ղեկավար ընտրվի, ավագանին մտնի իր լիազորությունների մեջ։ Այս խզումն անցանկալի է, շատ լավ գիտեմ պարոն Մարգարյանին, բարեխիղճ պաշտոնյա է, բայց մինչև ծանոթանա ամբողջ համակարգին , պիտի գա իր հանձնելու ժամանակը»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Ըստ մեր զրուցակցի, ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն լինում, և եթե հիմա նման դրություն լինի, քաղաքը կկառավարի միայն պաշտոնակատարն՝ առանց ավագանու ու այնքան ժամանակ, քանի դեռ այդ դրությունն է։

«Սա վատ է, սխալ է, և իշխանությունը պարտավոր էր սա կանխատեսել, թեև կանխատեսելու բան չկա, օրացույցային բան է, պիտի իմանային և ավելի վաղ անեին այս ընտրությունները, որը լինելու է հոկտեմբերի 17-ին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031