Բժիշկ Հովհաննես Զորաբյանի՝ Շիրակի փոխմարզպետ նշանակվելուց հետո Գյումրիի պաշտոնյաների շրջանակում խոսակցություններ տարածվեցին առ այն, որ հենց նա՛ է լինելու հաջորդ մարզպետը, եթե, իհարկե, ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանն ընտրվի Գյումրու քաղաքապետ։
Ըստ շրջանառվող խոսակցությունների, բժիշկ Զորաբյանն առողջապահության նախկին նախարար, ներկայիս ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի մտերիմներից է և նրան՝ որպես մարզի ղեկավար, իր ծննդավայր Գյումրի վերադարձնելու գաղափարը եղել է հենց պարոն Թորոսյանինը։
Նշենք, որ Արսեն Թորոսյանը գլխավորում է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ի շտաբը, բժիշկների հետ անձամբ է հանդիպումներ կազմակերպում, երբեմն ընտրարշավը գլխավորում։
Մարզպետի պարտականություններն այս պահին փաստացի կատարում է նորանշանակ փոխմարզպետը։ Այսօր նա Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց Գյումրիի համյանքապետի ժ/պ, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության երկարամյա պետ Ալբերտ Մարգարյանին։
Կարդացեք նաև
Մենք Հովհաննես Զորաբյանին խնդրեցինք պարզաբանել՝ որքանո՞վ են իրական իր մարզպետ նշանակվելու մասին շրջանառվող լուրերը։
«Նմանատիպ նախապայմաններ չեն եղել իմ մարզպետի տեղակալ նշանակվելու ժամանակ։
Մեծ պատիվ եմ համարում լինել մարզպետի տեղակալ, դրանք խոսակցություններ են, նախապայման չի եղել», -ասաց մեր զրուցակիցը։
Մեր դիտարկմանը, թե վերադարձաք Գյումրի, փոխմարզպետը հպարտորեն շեշտեց, որ ինքը գյումրեցի է ու ժամանակ առ ժամանակ բնակվում է Գյումրիում։
Արսեն Թորոսյանի կադրը լինելու հարցը նա չմեկնաբանեց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ