Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվաստման թուղթը կամ ՊՇՌ թեստ չներկայացրած աշխատակցին գործատուն կարող է ազատել՝ ինչպես ալկոհոլ օգտագործածին

Հոկտեմբեր 12,2021 20:03

Հանրության շրջանում տեղի ունեցող այն քննարկումները, որ առողջապահության նախարարի հրամանը չի վերաբերում քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց եւ նրանք կարող են չպատվաստվել, ԱԺ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը թյուրընկալում է համարում կամ՝ իրավական ակտին ծանոթ չլինելու հետեւանքով արված մեկնաբանում: Այսօր տիկին Տիգրանյանը «Հոդված 3» ակումբում հրավիրած առցանց քննարկման ժամանակ ասաց. «Նախարարի հրամանը վերաբերում է բոլոր աշխատողներին, պետական պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց՝ այդ թվում քաղաքական պաշտոն զբաղեցնողներին: Այլ հարց է, որ աշխատանքից ազատման իրավական հետեւանքները այլ են ընտրված, մանդատ ունեցող անձի պարագայում»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանում խստացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստման պահանջները։ Առաջարկվող նոր օրինագծով պետական համակարգում եւ մասնավոր հատվածում պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագիր չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում։

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի, եթե անձը հրաժարվում է պատվաստվել եւ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ ներկայացնել, ապա, գործատուն նրան չի թույլատրում աշխատել. «Լուծումը տրված չէ այնպես, որ միանգամից հեռացնում են աշխատանքից: Նախ՝ գործատուն նրան չի թույլատրում ներկայանալ աշխատանքի՝ այնպես՝ ինչպես այսօրվա կարգավորումներով տրված է, որ եթե աշխատողը ոգելից խմիչքների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ կներկայանա աշխատավայր, գործատուն նրան չի թույլատրում ներկայանալ աշխատատեղ, նա չի կատարում իր աշխատանքային պարտականությունները՝ դրանից բխող հետեւանքներով»:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով, այդ գործընթացը կարող է ձգվել անընդմեջ 30 օր, իսկ վերջին 12 ամսվա ընթացքում, ըստ նախագծի, 50 օր:

Ընդ որում, տիկին Տիգրանյանի խոսքով, ալկոհոլ օգտագործելու դեպքում պահանջ չկա աշխատողին աշխատանքից ազատելուց առաջ ծանուցել. «Սա նշանակում է, որ եթե մեկ անգամ աշխատողը աշխատավայրում գտնվի ալկոհոլ օգտագործած վիճակում, սա հիմք է, որ առաջին կարգապահական տույժի, առանց երկրորդ կարգապահական տույժի եւ չսպասելով, որ երրորդ անգամ արարքը կրկնվի, գործատուն կարող է հենց մեկ դրվագով նրան աշխատանքից ազատել»:

Ըստ նրա, նույնանման կարգավորում նախատեսված է պատվասման փաստաթուղթը կամ՝ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում: Բայց, ի տարբերություն ալկոհոլի օգտագործման դեպքի, կորոնավիրուսի կարգավորումները 30 օր կամ՝ տարվա մեջ 50 օր գործատուն աշխատողին տալիս է հնարավորություն, որ նա վարքագիծը համապատասխանեցնի օրենքի պահանջներին:

«Տեմպուս» սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Տիրուհի Նազարեթյանը գտնում է՝երբ գործատուի վրա դրվում է պատասխանատվություն, նրանք էլ իրենց հերթին ճնշում են գործադրում աշխատողի վրա եւ ստիպում պատվաստվել. «Մի կողմից տրված է ընտրության հնարավորություն, մյուս կողմից պետք է հասկանանք, որ շատ ցածր աշխատավարձով ոլորտներ ունենք եւ աշխատողների համար խնդիր է՝ կատարել ՊՇՌ թեստի վճարումը: Դա, ըստ էության, հարկադիր է դարձնում եւ դժվարացնում է աշխատողի  ընտրության իրավունքը իրացնելը: Երկրորդ խնդիրը՝ ՊՇՌ թեստ հանձնելու տեխնիկական ապահովումն է, հատկապես՝ մարզերում: Լաբորատորիաները հիմնականում մարզկենտրոններում են եւ աշխատողներն իրենց հաշվին պետք է գնան, ասենք՝ Ստեփանավանից Վանաձոր պետք է հասնեն, իրենց հաշվին գնան, լինի աշխատանքային օր եւ շատ դեպքերում հնարավոր է գործատուն թույլ չտա»:

Տիրուհի Նազարեթյանը նաեւ խնդիր համարեց, որ բժիշկներն էլ շատ դեպքերում չեն պատկերացնում ինչպիսի տեղեկանք պետք է տրամադրեն, եթե անձը գտնվում է ստացիոնար բուժման մեջ, որպեսզի այդ ժամանակահատվածում անձը գործատուի հետ խնդիրների չբախվի, գործատուն էլ վստահ լինի, որ չի տուգանվելու. «Շատերը այս խնդիրներից խուսափելու համար ասում են՝ դիմում գրի գնա: Այսինքն՝ սա վերածվել է աշխատողների զանգվածային իրավունքների խախտումների գործատուների կողմից: Ով չիմացությամբ է դա անում, ով՝ օգտվում է առիթից: Մենք այստեղ մեծ աշխատանք ունենք անելու թե՛ բժիշկների, թե՛ գործատուների շրջանում»:

Ինչ վերաբերում է հակացուցումներին՝ Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ բժշկի տված տեղեկանքն այն բովանդակությամբ չէ, թե՝ մարդն ունի այս-այս հիվանդությունը, հետեւաբար իրեն հակացուցված է պատվաստումը «Բժիշկն, ընդամենը, պետք է նշի,  որ տվյալ անձն անցնում է որոշակի հետազոտություն կամ բժշկական միջամտության անհրաժեշտություն կա եւ պետք է նշվի, որ տրվում է ըստ պահանջի: Այս դեպքում անհրաժեշտություն չկա, որ առողջապահության նախարարությունը ցանկ ներկայացնի, թե որ դեպքում են պատվաստումները հակացուցված, որովհետեւ ցանկը երբեք սպառիչ չի կարող լինել»:

Աշխատակիցների անվճարունակ լինելու առնչությամբ էլ տիկին Տիգրանյանն ասաց, որ մրցակցային միջավայր է եւ թեստի գները դրա արդյունքում իջել են, բացի այդ մարդիկ կարող են ավելի մատչելի թեստ անեն, եթե կոլեկտիվ հայտերով դիմեն:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031