«Իմ համագյուղացին Նարեկ Սարդարյանը գերության մեջ էր հայտնվել: Ես դրանից կորցրեցի իմ հանգիստը: Մենք սկսեցինք պայքարել տարբեր ձեւերով, բայց երբ պատերազմը սկսվեց, այդ թեման մի կողմ դրվեց»,- լրագրողների հետ զրույցում այսպես ներկայացրեց «Sadistic Pleasures: Silent Crimes of Azerbaijan» հայ ռազմագերիների հիշողություններն ամփոփող գրքի հեղինակ Աշխեն Առաքելյանը:
Գրքում զետեղված է 14 վավերագրություն, որտեղ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանում գերության մեջ հայտնված մեր հայրենակիցները ներկայացնում են իրենց պատմությունները։
Աշխեն Առաքելյանը Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի ուսանող է ու պատմեց, թե ինչպես է առաջացել մտահղացումը նման գիրք հրապարակելու. «Պատերազմի ավարտից հետո Նարեկը, մյուս 44 հարենակիցները վերադարձան Հայաստան ու համագյուղացիներից լսելով Նարեկի պատմությունը, ես եկա համոզման, որ պատմությունները պետք է գիրք դառնան ու այն ոչ միայն Հայաստանում պետք է հասանելի լինի, այլ նաեւ միջազգային հանրությանը: Դրա համար անգլերեն է: Ես արձակուրդի ժամանակ եկա Հայաստան, մեկ ամսով հանդիպեցի գերության մեջ հայտնված 14 մեր հայրենակիցներին, սկսեցի հարցազրույցները: Հիմնականում բոլորի մոտ եղել են այնպիսի պահեր, որոնք ինձ հոգեպես ուղղակի ոչնչացրել են: Ես բնույթով շատ ակտիվ մարդ եմ, բայց փակվել եմ երկար ժամանակ: Հիմնականում դժվարություն ունենում էի այն տղաների պատմությունների հետ, ովքեր իմ տարիքին էին, ունենք 18-19 տարեկան տղաներ, որոնք անցել են սարսափելի պատմությունների միջոցով»:
Աշխեն Առաքելյանն ասաց, որ հիմա իր առաջնային նպատակն է գիրքը թարգմանել գերմաներեն ու հայերեն: Այս վավերագրությունը արժեքավոր է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումները միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից։
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ