«Ինչու ես չպիտի՞ քվեարկեմ։ Երեք ամիս եմ դրսում լինում, էն մնացածը 9 ամիսը Վահրավարում եմ լինում»,-Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին դիմեց Վահրավար գյուղի 67-ամյա Ալբերտ Հովսեփյանը։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հոկտեմբերի 17-ի Մեղրու ավագանու ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը եւ գյուղում էր քարոզչության նպատակով։ Արարատ Թումանյանը փորձեց բացատրել գործող օրենսդրությունը, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում են միայն տվյալ համայնքում 6 ամսվա հաշվառում ունեցողները։
«Չհասկացա, ես էլ եմ տեղական։ Վահրավացի Աբոն եմ։ Սաղ կյանքս Վահրավարում եմ ապրել։ Բա էդ ո՞նց է, որ դեպուտատ են ընտրում, թողնում են քվեարկենք։ Թե էդ երեւանցիներին է պետք, դրա՞ համար»,-վրդովված ասաց Երեւանում հաշվառված Ալբերտ Հովսեփյանը։
Միայն ձմռան երեք ամիսներին մայրաքաղաքում բնակվող վահրավացին խորհրդարանական ընտրություններին տեղեկանք էր ներկայացրել եւ քվեարկել հայրենի գյուղում։ «Հիմա՝ նայում եմ, իմ ու կնոջս անունը ցուցակներում չկա։ Թե բա՝ գրանցում չունենք»,-ասում է մեր զրուցակիցը՝ խնդրելով պատկան մարմիններին փոխել օրենքը։
Կարդացեք նաև
«Իմ իրավունքը ոտնահարվում է, պիտի կարողանամ ստեղ էլ իմ համայնքի ղեկավարին ընտրեմ, հո մենակ երկրի ղեկավարին ընտրելով չի՞»,-ասում է Ալբերտ Հովսեփյանը։
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ