Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանին գովաբանեցին, ճանաչված շինարարին էլ՝ Գյումրու քաղաքապետի ժ/պ նշանակեցին

Հոկտեմբեր 12,2021 19:07

Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այսօր Գյումրիի համայնքապետի ժ/պ է նշանակվել Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության երկարամյա պետ Ալբերտ Մարգարյանը։

Շիրակի նորանշանակ փոխմարզպետ Հովհաննես Զորաբյանը քաղաքապետարանի վերադաս անձնակազմին պաշտոնապես ներկայացրեց Ալբերտ Մարգարյանին՝ նշելով, որ նրան ներկայացնելու կարիքը չկա․ նա պետական կառավարման համակարգում ունի աշխատանքի և կառավարման երկարատև փորձ։

Ալբերտ Մարգարյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս է։


Փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց հեռացող Սամվել Բալասանյանին՝ երկարատև աշխատանքի համար։ Նշենք, որ պարոն Բալասանյանը ԱՄՆ-ում է ու չէր մասնակցում պաշտոնական այս իրադարձությանը։

Ալբերտ Մարգարյանն իր հերթին ասաց․ «Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանին՝ ցուցաբերած մեծ վստահության համար։ Ճիշտ է, իմ պաշտոնավարումը կարճ ժամանակահատված է ունենալու, որովհետև Գյումրու ՏԻՄ ընտրություններ են, բայց շարունակելու ենք քաղաքապետարանի, համայնքի բնականոն գործունեությունը, որպեսզի թե՛ ընտրական գործընթացների ժամանակ, թե՛ հետընտրական ժամանակահատվածում՝ մինչև նոր ավագանու ձևավորումը և քաղաքապետի ընտրությունը, քաղաքապետարանի գործունեությունը լինի համահունչ և բնականոն գործընթացը շարունակվի՝ առանց որևէ խոչընդոտների։

Գիտենք, որ համայնքային տնտեսությունը բավականին բարդ է, ծավալուն է և անմիջապես կապված է քաղաքի ազգաբնակչության հետ և պետք է այնպես անենք, որ ազգաբնակչությունը բացարձակ տարբերություն չզգա կատարվող գործընթացում՝ իր շահերի առումով»։

Նա նշեց, որ իրեն Գյումրի համայնքապետի ժ/պ նշանակվելու առաջարկություն երկու օր առաջ արել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ինքն էլ համաձայնել է։

Ալբերտ Մարգարյանը նաև տեղեկացրեց, որ այսօր ազատման դիմում է ներկայացրել քաղաքաշինության վարչության պետի պաշտոնից։

Նա որպես քաղծառայող՝ նոյեմբերի 5-ից անցնելու էր թոշակի։

Շիրակի փոխմարզպետը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց այն հարցը, թե ինչո՞ւ համայնքապետի ժ/պ չնշանակեցին Գյումրու քաղաքապետարանի անձնակազմից որևէ մեկին։

Նա ասաց, որ չի ցանկանա մեկնաբանել վարչապետի որոշումը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031