Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ժամանակ ասել էր, որ ՊՆ նախկին փոխնախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը ավելի շատ բիզնեսմեն է՝ համազգեստի մեջ դրած, ուղղակի դատարանում կամ բանտում դնելու փոխարեն այսօր բերել են Ազգային ժողով:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Մելքոնյանը, հարցին՝ անձնական խնդիրնե՞ր ունեք Պավլիկ Մանուկյանի հետ՝ պատասխանեց. «Ես Պավլիկի հետ անձնական ոչ մի բան չունեմ, բայց Պավլիկն այն տղեն է, որ հարյուր ձեւի բան է փոխել: Պավլիկն եղել է Արմավիրի բրիգադայում, երբ որ սպարապետն ասեց՝ «էս տղուն տար մի գործ տուր»: Ասի՝ տանեմ: Եկել եմ տարել եմ ինձ տեղակալ: Շատ ապաշնորհ սպա է ինքը, դա ասեմ: Իմ տեղակալ ժամանակ եղել է, որ անձնակազմի գծով պիտի բան աներ, դաշնակցական բաներ էր անում, որից հետո իրան հանեցին՝ գնաց: Երկրորդը՝ երբ իրեն Արցախում ծեծել էին, ես եմ գնացել այնտեղ էլի իր կողքը կանգնել: Եթե Պավլիկը ինչ-որ բանից նեղվել է, ես եմ օգնել իրան: Ես չեմ հասնում, թե այդ տղան ի՞նչ բան ունի: Հիմա Պավլիկը եւ պավլիկները, որ գնացին ՊՊԾ գունդը գրավեցին՝ ո՞ւմ հրահանգով են արել: Թող իրանք կանգնեն ասեն, թե ում հրահանգով են դա արել: Ո՞նց հասկանանք, որ 3 մարդ էր մնացել ՊՊԾ գնդում, երբ որ այդքան զենք կար ու իրենք գնացին, հենց այդ 3 մարդուն խփեցին, սպանեցին ու գունդը գրավեցին…»:
Հետո Գագիկ Մելքոնյանն ասաց. «Ինքը թող ղուրբան լինի, որ կալանավորված չի: Ու ինքը այս երկրի համար մի հատ երեւելի տղա էլ չի: Կամ ի՞նչ է ասել ինքը այս երկրի համար: Ինքը իր ամբողջ կյանքում այս երկրի համար մի հատ լավ բան է արել, այն էլ՝ իր համար՝ պատրոնդաշով նկարվել է: Սա է՝ իր նկարը: Թող ինքը ասի՝ որտե՞ղ է կռվել, ո՞ր ֆրոնտում, ի՞նչ ճակատում, ի՞նչ է արել: Թող նստի ժողովրդին բացատրի ու ասի»:
Կարդացեք նաև
Պավլիկ Մանուկյանի մասին Մելքոնյանի ներկայացրած այլ մանրամասների եւ Սերժ Սարգսյանին իր տանը հյուրընկալելու մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ